

Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս խոշորացված համայնքների սոցիալ-տնտեսական ու բնապահպանական զարգացմանն ընդառաջ Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակումն ակտիվ փուլում է: Քաղաքականության նախնական նախագիծը ներկայացվեց Վարդենիսի և Մարտունու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացուցիչներին, բնակիչներին 2022թ. մարտի 29-ին Մարտունի խոշորացված համայնքում՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ: Քննարկման նպատակն էր նաև հավաքագրել շահագրգիռ կողմերի դիտողություններն ու առաջարկությունները քաղաքականության բարելավման ու լրամշակման համար:
Կլոր սեղանի բանախոսներն էին՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ, «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը, ծրագրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը և Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը:
Անահիտ Գևորգյանն իր բացման խոսքում նշեց, որ սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակումը միտված է էկոլոգիապես խոցելի համայնքների համար զարգացման հավասար հնարավորություններ ստեղծելուն: «Նպատակն է հասկանալ, թե ինչպես մեղմել համայնքներում գործող հանքերի կամ ՀԷԿ-երի ռիսկերը, որպեսզի համայնքը զարգանա: Մենք հավաքագրել ենք տեղեկատվություն, բայց նաև ձեր առաջարկներին ենք սպասում»,- նշեց նա:
Օլեգ Դուլգարյանն ասաց. «ՏԻՄ մարմիններն այն համայնքներում, որտեղ կա էկոլոգիական խոցելություն առաջացնող գործունեություն՝ հանքարդյունաբերություն, ՀԷԿ կամ մեկ այլ բան, այդ համայնքները կաշկանդված են, որովհետև երբեմն որոշակի գումարներ են ստանում այդ ընկերությունների սոցիալ-կորպորատիվ պարտավորությունների շրջանակում: Չունենալով որևէ հստակ քաղաքականություն և լծակներ՝ սպասում են, որ իրենց ինչ-որ բան կտան: Այդժամ անտեսվում են համայնքի բնակիչների էկոլոգիական և սոցիալական իրավունքներն ու շահերը: Պետական և տեղական քաղաքականությունը պետք է միմյանց համահունչ լինեն: Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերում իրականացվող այս պիլոտային ծրագրի արդյունքում այսօր ունենք մի փաստաթուղթ, որտեղ արտացոլված է, թե խոցելի համայնքների բնակիչները և ՏԻՄ-երը որ խնդիրներն են դիտարկում որպես առաջնային: Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության դերը ոչ միայն այդ խնդիրները վերհանելն է, այլև՝ գտնել լուծումներ թե՛ համայնքային բյուջեի, թե՛ տեղական ֆինանսական հոսքերի շրջանակներում այդ խնդիրներին լուծում տալու համար»:
Ինգա Զարաֆյանը նշեց, որ համայնքներում սոցիալ-էկոլոգիական ռիսկերի, խնդիրների և առաջնայնությունների մասին տվյալների հավաքագրման գործընթացում բացահայտվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք, սակայն, լրամշակման կարիք ունեն. «Այս քննարկումը պետք է լինի հավաքագրված տվյալների շուրջ, որպեսզի հասկանանք, թե սոցիալ-էկոլոգիական քաղաքականության վերաբերյալ ինչ հարցեր ու բացեր ունենք, ինչ կարող ենք անել այդ տվյալների ու այդ քաղաքականության հետ, երբ համայնքն այն ընդունի, և ինչ օգուտներ կունենա համայնքն այս ծրագրից»:
Աբրահամ Արտաշեսյանը նշեց, որ համայնքի կայուն զարգացման տեսանկյունից սոցիալական և բնապահպանական ռիսկերը հարցականի տակ են դնելու այդ համայնքների ապագան. «Համայնքը նաև սոցիալական պատասխանատվություն ունի՝ իր բնակիչների սոցիալական պաշտպանության իրավունքները ապահովելու համար: Եթե համայնքը կայուն չի զարգանում, ապա պետությունն առաջին հերթին և համայնքը երկրորդ հերթին պիտի այդ պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն և հնարավորությունների սահմանում որոշակի ծառայություններ կարողանան մատուցել: Համայնքը պետք է հոգ տանի շրջակա միջավայրի մասին, նպաստի բնակիչների կրթության և իրազեկման հարցերի կարգավորմանը: Լիազորությունը չի սահմանափակվում նրանով, որ համայնքը որոշակի կարողությունների զարգացման միջոցով կարողանա այլընտրանքային գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն ընձեռել բնակչին: Այս ծրագիրը երևի թե միակն է լինելու, որ փորձելու է կապել բոլոր ոլորտներն իրար: Հասկանալ է պետք, թե ծրագրի հիմնական շեշտադրումները որոնք են լինելու, համայնքների հնգամյա զարգացման ծրագրերում որ միջոցառումներն առավելապես արդյունավետ կաշխատեն և որոնք է պետք ներգրավել՝ արդյունք ստանալու համար»,- ասաց նա:
Նազելի Վարդանյանը ներկայացրեց սոցիալ-էկոլոգիական քաղաքականությանը առնչվող ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծության առաջին արդյունքները: Մասնավորապես, քաղաքականության մեջ են ներառվել ՀՀ Սահմանադրության, ՀՀ ընդերքի մասին, ՀՀ ջրային, ՀՀ հողային, ՀՀ անտառային և ՀՀ հարկային օրենսգրքերի համապատասխան հոդվածներ, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք օրենքներ ու ՀՀ կառավարության որոշումներ:
«Ծրագրի կարևորությունն այն է, որ փորձ ենք անելու ներգրավել համայնքին ու համայնքի յուրաքանչյուր բնակչին որոշումների կայացման ու հնգամյա զարգացման ծրագրերի կազմման գործընթացում: Տարեցտարի մեր օրենքները փոխվում են դեպի վատ և՛ սոցիալական, և՛ բնապահպանական առումով: Մեր նպատակն է ուժեղացնել համայնքը, որը մեր հասարակության բջիջն է, և զարգացնել պետությունը համայնքի միջոցով»,- նշեց նա:
Նազելի Վարդանյանը նշեց, որ շահառու համայնքների բնակիչներն առանձին են մասնակցել հարցմանը և խնդիրներին իրենց նախապատվություները տվել, տեղական ինքնակառավարման մարմիններն՝ առանձին: Սակայն, ըստ նրա, հետաքրքիրն այն է, որ Վարդենիսում բնակիչների ու ՏԻՄ-ի կողմից ներկայացված առաջարկների ու խնդիրների առաջնահերթությունների համընկնումներ շատ կան: Մինչդեռ՝ Մարտունիում պատկերը հակառակն է: «Բոլոր խնդիրներն էլ կարևոր են, բայց նաև կարևոր է որոշել, թե որն է ավելի առաջնային»,- նկատեց նա:
Ծանոթանալով ծրագրին՝ Մարտին Պետրոսյանը նշեց, որ Վարդենիս խոշորացված համայնքը պատրաստակամ է ներդնել էկոլոգիական, սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակման համար իրականացվող բարեփոխումներն իր հնգամյա զարգացման ծրագրերում, որպեսզի հնարավորինս մեղմացվեն էկոլոգիական վնասները, համայնքը զարգանա համաչափ, իսկ ստացված վնասները փոխհատուցվեն: «Ամենագլխավորը հետևողական ու սկզբունքային սկսելն է: Համայնքի կողմից մասնակցային կառավարումը կբերի բնապահպանական խնդիրների, ռիսկերի վերհանմանն ու լուծմանը, որը կգտնի այդ նույն համայնքի բնակիչը: Պարզապես մենք մեր ռեսուրսների 1/3-րդն ենք օգտագործում: Խնդիրը համակարգային է. սովետական հասարակարգի վերացումից հետո մարդիկ չէին հավատում, որ կլինի մի հասարակարգ, որտեղ կիշխի շուկայական տնտեսությունը, որտեղ ձայնի իրավունք կունենան: Մինչև հիմա մարդիկ չէին հավատում, որ կարելի է ձայն բարձրացնել բնապահպանական փորձաքննության ենթարկվող ծրագիրը հասարակական լսմամբ բացասական վերաբերմունքի արժանացնելու համար: Տրետուք, Կութ, Նորաբակ, Սոթք և Ազատ բնակավայրերը տուժում են օդի և ջրի աղտոտման պատճարով, տուժում են հանքի շահագործումից, կարևոր է նաև ՀԷԿ-երի կողմից բնապահպանական նորմերի պահպանությունը: Ջրթողքի և ձկնանցարանների հետ կապված հաճախակի մոնիթորգնի կարիք է զգացվում նման պարամետրերը պահպանելու համար, կենսաբազմազանությունը ոնչնչանում է...»,- նշեց նա:
Ըստ Մարտին Պետրոսյանի՝ քաղաքականության ներդնումը համայնքներում խոչընդոտների չի հանդիպի, քանի որ ներկայում խոշորացված համայնքների աշխատակազմերում ներգրավված են գյուղատնտեսական և բնապահպանական ոլորտի թե՛ երիտասարդ և թե՛ փորձառու մասնագետներ. «Համայնքում այդ ներուժն ունենք՝ կիրթ երիտասարդություն, փորձառու մասնագետների գիտելիքներ, որպեսզի ոչ միայն հնգամյա ծրագրերը, այլև հեռանկարային զարգացման ծրագրերը իրատեսական լինեն և կարողանան այնպես աշխատել, որ համայնքը զարգանա»,- նշեց նա: Վարդենիսի համայնքապետարանի ներկայացուցիչն անդրադարձավ նաև Սևանա լճի խնդիրներին. «Սպառում ենք Սևանա լճի կենդանական և ջրային պաշարները որպես ռեսուրս: Եթե կարողանանք ենթակառուցվածքներ զարգացնել Սևանում, կկարողանանք ռեկրեացիա ունենալ մի քիչ ավելի երկար՝ 3-4 ամիս: Այսօր չունենք ջեռուցում, ժամանցի ժամանակակից վայրեր, չունենք այնպիսի հնարավորություններ, որոնք մարդուն կկապեին Սևանա լճի հանգստի գոտու հետ»,- նշեց նա:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ԴԱՏԱ ծրագրի համակարգող Փիրուզա Մանուկյանը նշեց, որ հավաքագրված մեծածավալ տեղեկատավությունը հսկայածավալ աշխատանքի արդյունք է. «Երբ չկան հստակ փաստեր, դեպք, իրավիճակ, հնարավոր չէ որևէ ծրագիր նախագծել: Այս ամենը փաստաթղթավորված է: Այս պարագայում շատ հեշտ է գտնել գումարն ու նպատակային օգտագործել այն: Այս երեք մարզերում պիլոտավորվող սոցիալ-էկոլոգիական բաղադրիչը կդառնա Հայաստանի կայուն զարգացման և ՏԻՄ ռազմավարության մեջ այն նորամուծությունը, որին նաև դուք եք մասնակցում»,- նշեց նա:
Ռոզա Ջուլհակյանն անդրադարձավ ֆինանսական հնարավոր աղբյուրների հայթայթումը կարգավորող ՀՀ օրենքներին. «Մեր օրենսդրության մեջ կա երկու հիմնական օրենք, որոնք պարտադրում են գործունեություն իրականացնող կազմակերպությանը համայնքին որոշակի գումար հատակցնել: Հիմա ավելացել է նաև ռոյալթին՝ մետաղական հանքավայրերի հանքանյութի վաճառքից առաջացած շահույթը, որը պետք է ուղղվի սոցիալ-էկոլոգիական խնդիրների լուծմանը, և որի համար ծրագիր պետք է ներկայացվի:
Հաջորդ աղբյուրը ոչ մետաղական հանքավայրերն են, որոնք նույնպես իրենց ընդերքօգտագործման պայմանագրով պետք է տվյալ համայնքի համար սոցիալ-տնտեսական պարտականություններ վեցնեն: Օրենքը 2012թ. է ընդունվել, սակայն ոչ մետաղական հանքավայրերն այդ սոցիալական պարտավորությունները չունեն: Պետք է ստիպել ՏԿԵՆ-ին վերանայել ընդերքօգտագործման պայմանագրերը:
Երրորդը բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին է: Այդ գումարները գանձապետարանում են հավաքվում, հետո համայնքին վերադարձվում: Սակայն շատ հաճախ այդ ծրագրերը ձևական բնույթ են կրում: Ճիշտ կլինի, որ համայնքները բնապահպանական ծրագրերի նախնական էսքիզներ ունենան, որպեսզի ծրագրերը նպատակային իրականացվեն:
Հաջորդ բացը արևային և հողմային էներգետիկայի ոլորտում է: Պետք է փորձել արևային էներգետիկայի արտադրական նշանակության կայաններ շահագործող ընկերությունների շահույթից որոշ տոկոս ստանալ համայնքի զարգացման համար»,- նշեց նա:
«Առողջության իրավունք» ՀԿ-ի համանախագահ Անուշ Պողոսյանը նշեց, որ սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մեջ անհրաժեշտ է անդրադառնալ նաև առողջապահական խնդիրներին. «Պետք է բնակչության իրավական գիտակցությունը նաև բարձրացնել, իսկ առողջապահական բաղադրիչն անպայման ներառել: Պետք է սկսել բժշկական օգնության և սպասարկման օրենքից, ավելացնել վտանգավոր թափոնների մասին հատված»,- ասաց նա:
Վարդենիկ գյուղի բնակիչ, «Համայնքի զարկերակ» ՀԿ-ի ներկայացուցիչ Արտուշ Խաչատրյանը ներկայացրեց Վարդենիկ համայնքի՝ «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ից ստացված ֆինանսական ներդրումների արդյունավետ օգտագործման, դրանց շնորհիվ իրենց բնակավայրը զարգացնելու փորձը:
«SOS Արգիճի» նախաձեռնող խմբի անդամ, Վերին Գետաշեն համայնքի բնակիչ Վարդան Գալստյանն ադրադարձավ իրականացվող ծրագրերի ոչ նպատակային ու ոչ արդյունավետ լինելուն. «Տպավորություն է, որ ծրագրերը կազմում են իմիջայլոց՝ մատների արանքով, առանց ուսումնասիրելու առաջնայնություններ են ընտրել: Իրականացրել են ծառատնկման ծրագիր, մինչդեռ Վերին Գետաշենում անտառ չկա: Դպրոցականներին հավաքում են, ծառեր են տնկում, մեծ գումարներ ծախսում: Բայց գնանք, տեսնենք՝ գո՞նե մեկ հատ ծառ կա»,- նշեց նա: Վարդան Գալստյանի կարծիքով՝ բնակավայրի զարգացման նպատակով անհրաժեշտ է ստեղծել Վերին Գետաշենի հիմնադրամ.«Կկարողանանք ՀԷԿ-ից գումարներ ստանալ և ուղղել հենց Վերին Գետաշեն բնակավայրին, որ իրական ծրագրեր իրականացվեն: Ճիշտ կլինի վերականգնել Վերին Գետաշենում գորգագործությունը: Այդ մասնագիտությունը վերանում է, հատուկենտ մասնագետներ են մնացել: Ծրագրերի գումարները պետք է ներդնել այդպիսի ծրագրերի կազմմանը: Դա է նպաստելու համայնքի զարգացմանը»,- ասաց նա:
Վարդենիս խոշորացված համայնքի ներկայացուցիչ Խաժակ Մկրտչյանը, բարձր գնահատելով ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, նշեց. «Այս նախագիծը համարում եմ բավական հաջողված: Եթե այն նախագծից վերածվի ծրագրի, շատ լավ կլինի: Նշվեց առողջապահությանը վերաբերող բացթողման մասին: Միանշանակ կարևորում եմ բնակավայրում մարդկանց առողջության հետ կապված միջոցառումները, խնդիրները ծրագրի մեջ ներառելու հարցը»,- ասաց նա: Խաժակ Մկրտչյանի խոսքով՝ այն ամենը, ինչի մասին խոսվում է, ինչ նախաձեռնվում է, դրա հիմնական մասը կյանքի կկոչվի, եթե ունենա օրինական բնույթ, և օրենսդիր մարմինն ընդունի դա: «Մենք պետք է նպաստենք, որ այս նախագծերն Ազգային Ժողովում ստանան օրենքի ուժ և պարտադիր կատարման հնարավորություն»,- ընդգծեց նա:
Ապրիլ 01, 2022 at 15:40