«Գեո Սերվեյ» ընկերությունը Սիսիանի շրջանում մտադիր է ոսկի և բազմամետաղներ որոնել

«Գեո Սերվեյ» ընկերությունը Սիսիանի շրջանում մտադիր է ոսկի և բազմամետաղներ որոնել

«Գեո Սերվեյ» ՍՊԸ-ն մտադիր է Սյունիքի մարզի Սիսիանի հանքային շրջանի Տատնայի պղինձ-ոսկի-բազմամետաղային հանքերևակման սահմաններում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել:

Նախատեսվող աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային երկրորդ քննարկումը նշանակված է ս.թ. ապրիլի 22-ին՝ ժամը 14:00-ին, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շենաթաղ (Լեռնաշեն) բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:

Տատնայի պղինձ-ոսկի-բազմամետաղական երևակումը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի հարավ-արևելյան ճյուղավորման, Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լանջին, ծովի մակերևույթից 1900-2600 մ բացարձակ բարձրության վրա: Դիտարկվող տարածքը գտնվում է Լեռնաշեն գետի միջին և վերին հոսանքի ավազանում, Սևքար (Կարա-կայա) լեռան հարավային լանջերին: Լեռնաշեն գետի ջրհավաք ավազանը մինչև ուսումնասիրվող տարածքի վերջը կազմում է մոտ 29 քառ.կմ:

Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները նախատեսվում է իրականացնել մոտ 312.8 հեկտար տարածքում՝ անցկացնելով 200 գծ.մ ընդհանուր երկարությամբ հետախուզական առուներ, հորատելով 100 գծ.մ. ընդհանուր երկարությամբ 20 հոր, կառուցելով 600 քառ.մ մակերեսով հորատման հրապարակներ: Մակերեսային լեռնային փորվածքների անցման արդյունքում գոյացող մակաբացման ապարների նախնական ծավալը, որը ենթակա է հետլցման, կկազմի 365մ3, մակերեսը՝ 185 քառ.մ: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2022թ. 2-րդ եռամսյակից և ավարտել 2 տարվա ընթացքում:

Ըստ հայտի՝ այս հանքային գոտին ուսումնասիրված է 5 բովանցքային հորիզոններով և բազմաթիվ մակերևույթային փորվածքներով: Մետաղների պարունակությունները կազմում են. ոսկի՝ 0.9գ/տ, արծաթ՝ 30գ/տ, պղինձ՝ 0.3%, կապար՝ 1.3%, ցինկ՝ 1.1%:

Նշված է, որ Տատնա տեղամասում, բացի նշված հանքային գոտուց, գոյություն ունեն նաև այլ հանքային մարմիններ, որոնք տեղադրված են հանքային դաշտի հարավում. «Հանքային դաշտի արևմտյան մասում ուսումնասիրվել է հյուսիս-արևմտյան տարածմամբ պղնձի և կապարի հանքայնացմամբ բավական հզոր և հարուստ հանքային մարմին, որտեղ մետաղների միջին պարունակությունները կազմում են. պղինձ՝ 3.6%, կապար՝ 4.7%, ցինկ՝ 1.3%»:

Դիտարկվող տարածքը գտնվում է Սիսիան քաղաքից 35 կմ հեռավորության վրա, Դաստակերտ ավանից՝ 4.2 կմ, իսկ Շենաթաղ գյուղից ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա: Հայտում նշված է. ««Գեո Սերվեյ» ՍՊԸ-ն նախատեսում է Շենաթաղ համայնքի բյուջե յուրաքանչյուր տարի փոխանցել 50.000 ՀՀ դրամ: Ընկերության ներկայացուցիչները պատրաստ են պարբերաբար հանդիպել համայնքի ղեկավարության հետ, քննարկելու անհրաժեշտ օգնության ծրագրերը և համապատասխան ֆինանսական ներդրումներ կատարել համայնքի բյուջե»:

Ըստ հայտի՝ դիտարկվող տարածքում անտառներ չկան, կենդանիների բնադրավայրեր կամ կենսատարածքներ, ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանական և բուսական տեսակներ չեն հայտնաբերվել: Սակայն հայցվող տեղամասից մոտ 3 կմ հյուսիս-արևելք՝ Դաստակերտ ավանից հարավ, 2800 մ նիշերից բարձր արձանագրվել է ՀՀ Բույսերի Կարմիր գրքում գրանցված երկու բուսատեսակ՝ Astragalus agassii Manden- Գազ Աղասու և Dracocephalum botryoides Stev-Վիշապագլուխ ողկույզային:

Նշված է, որ հետախուզական աշխատանքների ընթացքում տարածքում բուսական ծածկույթի էական կորուստ չի լինի: Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա վնասակար ազդեցության մեղմացման կամ վերացման նպատակով նախատեսվում են մշտադիտարկումներ՝ կապված օդի, ջրի, հողի, բուսական և կենդանական աշխարհի վրա ազդեցության հետ: Մշտադիտարկումների իրականացման նպատակով ընկերությունը նախատեսում է հատկացնել 50 հազար դրամ:

«Գեո Սերվեյ» ՍՊԸ-ն ստեծվել է 2016 թ-ի մայիսի 18-ին: Ընկերության 100% սեփականատերը ՀՀ քաղաքացի Սերգեյ Օթարյանն է: 

Ապրիլ 13, 2022 at 15:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր