2023 թ-ի հունվարի 1-ից նախատեսվում է դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը

2023 թ-ի հունվարի 1-ից նախատեսվում է դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը

ՀՀ կառավարությունը 2023 թ-ի հունվարի 1-ից նախատեսում է դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը: Գործադիրը սույն թվականի մայիսի 5-ին հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Փոփոխությունները մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Ըստ հիմնավորման՝ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ դարձնելու նպատակադրմամբ:

«Ներկայում մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող կազմակերպությունների՝ մետաղների խտանյութի իրացումից ստացվող եկամուտները հարկվում են շահութահարկով և ռոյալթիով: Վերջինս նախատեսված է մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թեև ռոյալթիի գործող համակարգը որոշակիորեն արձագանքում է մետաղների միջազգային գներին՝ այն իմաստով, որ վերջիններիս բարձրացման պարագայում ռոյալթիի դրույքաչափը, ի հաշիվ շահութաբերությունից կախված բաղադրիչի, որոշակիորեն աճում է, այդուհանդերձ ռոյալթիի դրույքաչափի աճը բավարար չէ մետաղների միջազգային գների էական բարձրացման պարագայում պետական բյուջեի համար արդարացի և հիմնավորված լրացուցիչ եկամուտներ ապահովելու տեսանկյունից։

Նշված խնդիրն արագ լուծելու նպատակով, որպես կարճաժամկետ միջոցառում, 2021 թվականի հուլիսի 15-ին ընդունված՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն¬քում փոփոխու¬թյուն և լրացում կատարելու մասին» ՀՕ-310-Ն օրենքով պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման համար սահմանվել է արտահանման պետական տուրք՝ նպատակ ունենալով մետաղների միջազգային բարձր գների պայմաններում ապահովել պետական բյուջեի լրացուցիչ եկամուտներ: Պետական տուրքի սահմանումը, սակայն, մետաղների ոչ բոլոր գների պարագայում կարող է համարվել ոլորտի հարկման արդարացի և արդյունավետ գործիք, քանի որ մետաղների (խտահանքի) արտահանման պետական տուրքը հաշվարկվում է արտահանման ֆիզիկական ծավալների հիման վրա միայն, և, հետևաբար, այն ճկուն չէ մետաղների միջազգային գների փոփոխության նկատմամբ: Ավելին, պետական տուրքի համակարգի պարագայում հաշվի չեն առնվում նաև հանքարդյունաբերական կազմակերպություններում կատարվող ծախսերի փոփոխությունները, հետևաբար նաև՝ արտադրատնտեսական գործունեության շահութաբերության աստիճանի փոփոխությունները: Ուստի, հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն և կանխատեսելի հարկային միջավայր ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է ներդնել առավելապես գործունեության վերջնական ֆինանսական արդյունքների վրա հիմնված՝ առավել արդարացի ու տնտեսագիտական տեսանկյունից առավել հիմնավորված հարկային բեռ ձևավորող համակարգ, որը նաև կերաշխավորի ոլորտում ստեղծվող նոր արժեքից արդարացի մասհանում պետական բյուջե», - նշված է հիմնավորման մեջ։

Առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձևը վերանայել այնպես, որ՝

  • մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի: Այս մոտեցմամբ, նպատակ է դրվել ունենալ այնպիսի համակարգ, որի պայմաններում մետաղների միջազգային գների, և հետևաբար, կազմակերպությունների շահութաբերության մակարդակի նվազման պայմաններում ռոյալթիի գծով հարկային բեռը կազմակերպությունների արտադրատնտեսական գործունեության շարունակականության ապահովման տեսանկյունից չլինի խնդրահարույց
  • ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձևում լրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչը որոշելիս՝ շահույթը նախքան հարկումը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման առաջին և երկրորդ բաղադրիչները, ինչպես նաև ռոյալթի վճարողի ֆինանսական ծախսերը,

Առաջարկվում է սահմանել նաև, որ խտանյութի մատակարարման պայմանագրում գնորոշման համար խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամիսը ներառյալ ժամանակահատվածից ավելի երկար ժամանակահատված նախատեսված լինելու դեպքում մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գինը հաշվարկելու համար հիմք են ընդունվում խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա համար ձևավորված՝ մետաղների միջազգային միջին գները:

Առաջարկվում է փոխել նաև ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը հաշվարկելիս գործող օրենսդրությամբ սահմանված որոշ սահմանաչափեր: Մասնավորապես, եթե հաշվարկված ռոյալթիի իրացման շրջանառությունը 15 տոկոս (գործող օրենսդրությամբ սահմանված 20 տոկոսի փոխարեն) կամ ավելի չափով ցածր է միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա որպես իրացման շրջանառություն է հիմք ընդունվում միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառության 85 տոկոսը (գործող օրենսդրությամբ սահմանված 80 տոկոսի փոխարեն):

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ռոյալթիի տեսքով հավաքագրել այնքան լրացուցիչ գումար, որը գրեթե համարժեք կլինի ներկայում պետական տուրքի տեսքով հավաքագրվող գումարի կեսին։ Ընդ որում, ներկայումս պետական տուրքի տեսքով հավաքագրվող գումար ասելով՝ ի նկատի է առնվում պետական տուրքի տեսքով փաստացի հավաքագրվող գումարի շուրջ 70 տոկոսը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ գումարի մնացյալ 30 տոկոսը, միևնույն է, շահութահարկի և ռոյալթիի տեսքով հավաքագրվելու էին, եթե պետական տուրքի համակարգը ներդրված չլիներ, և եթե վճարված պետական տուրքի գումարները նվազեցված չլինեին շահութահարկի և ռոյալթիի հաշվարկման բազաներից՝ որպես համախառն եկամտի նվազեցումներ», - նշված է հիմնավորման մեջ:

Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի՝ անդրադառնալով օրինագծերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ թեման բավական երկար ժամանակ է քննարկվել. «Մենք արձանագրում էինք, որ պղնձի գնի շարունակական բարձրացման արդյունքում պետական բյուջեի եկամուտներն այն մակարդակի չեն, որ պետք է լինեն: Մյուս կողմից էլ՝ ռոյալթիի համակարգի բարեփոխումը մեր օրակարգում էր, բայց նաև մեզ որոշակի ժամանակ էր պետք դրա վրա աշխատելու համար: Դրա համար որոշում կայացվեց և նախորդ տարի սեպտեմբերից, ըստ էության, սկսեց գործել արտահանման տուրքը: Գները, ինչպես գիտեք, անկանխատեսելի են, և մեր ընկալումը հետևյալն է՝ այնպիսի նշաձողեր սահմանենք, որ երբ գներն անկում ապրեն, մենք հարկային այնպիսի համակարգ ունենանք, որն ընկերություններին հնարավորություն կտա ցածր գների պայմաններում շարունակել իրենց աշխատանքը՝ նաև պահպանելով աշխատատեղերը, բնականոն զարգացումը և այլն: Իսկ բարձր գնային պայմաններում վճարվող հարկերի թիվն էականորեն լինի ավելին»:

Վարչապետի խոսքով՝ ռոյալթիի համակարգի քննարկումը շատ բազմաշերտ է և բարդ. «Երկար քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ Ազգային ժողովին առաջարկենք, որպեսզի ընդունեն այս տարբերակը: Մենք կարծում ենք, որ գտել ենք բալանսավորված մի որոշակի բանաձև, որով կկարողանանք ապահովել նաև պետական և հանրային շահը: Նաև հաշվի առնենք, որ արդեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը շոշափելի բաժնեմաս ունի հիմնական արտադրողի մոտ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Եվ այս առումով, կարծում ենք, որ որոշակի հավասարակշռության պիտի հասնենք, բայց բոլորս պետք է իմանանք, որ տուրքը մինչև 2023 թվականի հունվարի 1-ի շարունակելու է գործել և հունվարի 1-ից նոր սկսելու է գործել ռոյալթիի նոր համակարգը»:

Վարապետն անդրադարձել է նաև այն խոսակցություններին, թե ինչպես է կառավարությունը դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր. «Ոմանք դա կասկածելի, կոռուպցիոն գործարք են համարում։ Սա շատ զարմանալի է։ Եթե որևէ իշխանավոր, կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորներով այդ սեփականության տերը դառնար, ոչ մեկ չէր անհանգստանա, ինչպես եղել է միշտ, բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես ինչու՝ կասկածելի է թվում։ Ի՞նչն է կասկածելի. ներդրողը, ով ձեռք է բերել հին բաժնետերերից բաժնեմաս, որոշել է Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն անել, և Հայաստանի Հանրապետությունն էլ շնորհակալությամբ այդ նվիրատվությունն ընդունել է»:

Մայիս 06, 2022 at 13:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր