

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) պարտվեց «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի դեմ դատական վեճում և շարունակում է համարվել Վայոց ձորի մարզի Սոֆի-բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի կրողը:
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 07.08.2020 թվականի թիվ 1075-Ա հրամանով դադարեցվել էր «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը։ Հրամանի համար հիմք էին հանդիսացել հետևյալ հանգամանքները՝
- Շահագործման թույլտվություն ստանալուց ի վեր Ընկերությունն արդյունահանման աշխատանքներ մինչ օրս չի իրականացրել /չի ապահովվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով սահմանվող ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումը, Օրենսգրքի 4- րդ հոդվածի 1-ին 6-րդ մաս/:
- Չի ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը։ 3. Չի ապահովել ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունների կատարումը։
ՀՀ Վարչական դատարանը մերժել էր Ընկերության հայցը, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը՝ բավարարել:
Ուշագրավ են Ընկերության՝ դատարան ներկայացրած հիմքերը. «Վարչական ակտի գործողությունը չկասեցնելու արդյունքում/պատճառով Ընկերությունը մինչև ընդերքօգտագործման պայմանագրի գործողության ավարտը անընդհատ և պարբերաբար չի կատարելու Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, ... խախտվելու է յուրաքանչյուր տարվա, եռամսյակի համար սահմանված հանքաքարի մարման, մակաբացման աշխատանքների ծավալները։ ...Ընկերությունը հանքավայրը չշահագործելու արդյունքում կկրի մեծ նյութական վնասներ շահույթ չստանալու պատճառով, ինչը կարտացոլվի նաև պետական բյուջեի վրա հարկեր չվճարելու պատճառով, աշխատակիցների վրա շահույթ չստանալու արդյունքում հայցվորը ստիպված կլինի ազատելու աշխատակիցներին աշխատանքից, համայնքի վրա՝ չաշխատելու և շահույթ չստանալու արդյունքում հայցվորը ստիպված կդադարեցնի համայնքին տրամադրվող սոցիալական օգնությունները, աջակցությունը։ Հաշվի առնելով նաև երկրի ներկայիս իրավիճակը, կարծում են անթույլատրելի է նման հետևանքների ստեղծումը:
Նախարարի հրամանը չկասեցնելու արդյունքում, պետությունը, ի դեմս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մինչև դատական գործի ավարտը կարող է այլ իրավաբանական անձի տրամադրել տվյալ հանքավայրի շահագործման իրավունքը»։
Նշենք, որ մինչև ՏԿԵՆ-ի հրամանի ընդունումը Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի չշահագործվելու մասին ԷկոԼուրին հայտնել են ինչպես ազդակիր Զառիթափ համայնքի համայնքապետարանի աշխատակիցները և բնակիչները, այնպես էլ դա պարզ երևում է ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում Ընկերության հրապարակած հաշվետվություններից: Ընկերությունը ո՛չ արդյունահանում է իրականացրել, ո՛չ ռոյալթի է վճարել, ո՛չ սոցիալ-տնտեսական պարտավորությունների համար է գումար հատկացրել: Ունեցել է ընդամենը 1 աշխատող:
Ուշագրավ է նաև այն, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սույն վերաքննիչ բողոքին պատասխան չի ներկայացրել:
Վերաքննիչ դատարանն էլ փաստել է. «Մինչև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 07.08.2020 թվականի թիվ 1075-Ա հրամանի ընդունումը Ընկերության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղների հանքավայրի շահագործման և դրանից շահույթ ստացած լինելու հանգամանքն արդեն իսկ բավարար հիմք է հաստատված համարելու, որ Ընկերությունը հանքավայրը չշահագործելու արդյունքում կկրի մեծ նյութական վնասներ շահույթ չստանալու պատճառով, այսինքն, վիճարկվող վարչական ակտի կատարման չկասեցման արդյունքում Հայցվորին զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի առակությունը տվյալ դեպքում ակնհայտ է: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվոր կողմի զգալի վնաս կրելու հիմնավոր կասկածն առկա է նաև այն հանգամանքի հաշվառմամբ, որ վարչական ակտի չկասեցման պարագայում առկա է Ընկերության օգտագործմանը հանձնված ընդերքի տվյալ տեղամասն այլ անձի օգտագործմանը հանձնվելու իրական հնարավորություն, ինչի իրագործումը ենթադրում է հանքավայրում առկա հանքաքարի պաշարների նվազում ընդհուպ մինչև այնպիսի ծավալներով, ինչն ուղղակիորեն անդառնալի ծանր ֆինանսական բացասական հետևանքներ կարող է առաջացնել Ընկերության համար»:
Այդպիսով, Վարչական վերաքննիչ դատարանը ՏԿԵՆ-ի հրամանը կասեցնելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը բավարարել է:
ՀՀ ՏԿԵՆ-ը ժամկետների խախտմամբ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Սակայն դատարանը նախարարության միջնորդությունը` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, մերժել է և նախարարության բերած վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից՝ 2021թ-ի հուլիսի 7-ից: Այն բողոքարկման ենթակա չէ:
Մայիս 10, 2022 at 11:06
