Ահազանգ. Հորդառատ անձրևի հետևանքով Ողջի գետն աղտոտվել է Կավարտի հանքի թթվային ջրերով

Ահազանգ. Հորդառատ անձրևի հետևանքով Ողջի գետն աղտոտվել է Կավարտի հանքի թթվային ջրերով
Սյունիքի մարզի Ողջի գետը կրկին աղտոտվել է Կավարտի հանքի թթվային ջրերով: 2022թ. մայիսի 17-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Բնությունը մենք ենք» օգտատիրոջ կողմից հրապարակվել է տեսանյութ և լուսանկարներ, որտեղ երևում է, որ Ողջի գետն աղտոտված է:
 
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ աղտոտման պատճառը հորդառատ անձրևն է: «Աղտոտման պատճառը բնական անձրևաջրերն են: Ամեն հորդառատ անձրևից հետո Կավարտի ստորգետնյա հանքի ջրերն անձրևաջրերի հետ լցվում են Կավարտ գետ, այնուհետ գալիս, խառնվում Ողջի գետին: Այդ տարածքում որևէ տնտեսական գործունություն չկա, արտաքին ազդեցություն չկա, դրա դիմաց առնելը բնության դեմ առնելն է, որը հնարավոր չէ: Քանի որ չկա տնտեսական գործունեություն, մենք վերահսկելու որևէ գործողություն չենք կարող իրականացնել: Մենք անձրևի դեմ չենք կարող պայքարել, այն առաջանում է անձրևի պատճառով: Մյուս տարբերակը Կավարտի հանքի ռեկուլտիվացիան է, որը հատուկ ծրագիր է պահանջում, կամ էլ՝ ստորերկրյա ջրերի հավաքման կամ շրջակա միջավայր դուրս գալու խնդիրը լուծելն է, եթե հնարավոր է տեխնիկապես դա անել»,- ասաց նա:
 
Արտակ Սահակյանի խոսքով՝ աղտոտված հոսքը գետում դեռ շարունակվում է. «Անձրև չկա, նույն տեմպով չէ: Այն շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ակունքում անձրևի ազդեցությունը զրոյանա: Եթե անգամ գետում գունափոխում չլինի, միևնույն է՝ վտանգավոր տարրերը գետի մեջ են պարունակվում, գետի աղտոտվածության մակարդակը 5-րդ դասի է»,- նշեց նա:

Մայիս 18, 2022 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր