

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ-ին պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 միլիարդ 325 միլիոն դրամ:
Առաջին խոշոր հարկատուն Հայաստանի ամենամեծ՝ Քաջարանի հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է: 2022 թ-ի առաջին կիսամյակում ԶՊՄԿ-ն վճարել է 104 միլիարդ 777 միլիոն 628 հազար դրամի հարկ, որից 35 միլիարդ 448 միլիոն 844 հազար դրամն ընկերությունը վճարել է 2022 թ-ի առաջին եռամսյակում, իսկ երկրորդ եռամսյակում դրա շուրջ կրկնապատիկը՝ 69 միլիարդ 328 միլիոն 784 հազար դրամ:
Այս տարի ԶՊՄԿ-ի հարկային վճարումները թռիչքային աճ են գրանցել: Համեմատության համար նշենք, որ 2021թ-ի ընթացքում ընկերությունը վճարել է 48 միլիարդ 842 միլիոն 019 հազար դրամ հարկ, իսկ 2020թ-ի՝ 42 միլիարդ 983 միլիոն 579 հազար դրամ: Ընդհանուր երկու տարվա ընթացքում շուրջ 92 միլիարդ դրամ, այսինքն, 13 միլիարդ դրամով ավելի քիչ, քան միայն 2022 թ-ի առաջին կիսամյակում:
2022 թ-ի առաջին կիսամյակում հանքարդյունաբերող ընկերություններից հաջորդ խոշոր հարկատուն Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն է՝ ցանկի 5-րդ հորիզոնականում՝ 8 միլիարդ 903 միլիոն 200 հազար դրամ մուտքերով: Նշենք, որ 2021թ-ի ընթացքում ընկերությունը վճարել է 15 միլիարդ 325 միլիոն 378 հազար դրամ հարկ՝ լինելով 10-րդ խոշոր հարկատուն, իսկ 2020թ-ին՝ 7 միլիարդ 109 միլիոն 743 հազար դրամ՝ լինելով 21-րդ խոշոր հարկատուն:
Հաջորդ խոշոր հարկատու հանքարդյունաբերողը Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է: Ընկերությունն այս տարի բարելավել է իր դիրքը ցանկում՝ նախորդ տարվա 63-րդ հորիզոնականից բարձրանալով 7-րդ և վճարելով 7 միլիարդ 772 միլիոն 129 հազար դրամ հարկ: 2021թ-ի ընթացքում ընկերությունը վճարել է կրկնակի անգամ պակաս հարկ՝ 3 միլիարդ 683 միլիոն 330 հազար դրամ, իսկ 2020թ-ին ընկերությունը ցանկում 71-րդն էր՝ ընդամենը 2 միլիարդ 596 միլիոն 577 հազար դրամ մուտքերով:
Խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակը եզրափակում է նախագծային «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն, որը մտնում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ՝ 7 միլիարդ 225 միլիոն 639 հազար մուտքերով: Այս ընկերությունն ուշագրավ կերպով առաջ է եկել խոշոր հարկատուների ցանկում նախորդ տարվա 446-րդ հորիզոնականից՝ ընդամենը 514 միլիոն 469 հազար դրամ մուտքերով:
Հաջորդ հանքարդյունաբերողին հանդիպում ենք ցանկի 26-րդ հորիզոնականում, այն Կապանի պղնձի հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն է, 3 միլիարդ 527 միլիոն 324 հազար դրամ մուտքերով: 2021թ-ին ընկերությունը 23-րդ հորիզոնականում էր՝ 6 միլիարդ 400 միլիոն 910 հազար դրամ, իսկ 2020թ-ին՝ 35-րդ՝ 4 միլիարդ 707 միլիոն 399 հազար դրամ մուտքերով:
30-րդ հորիզոնականում Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն ունեցող «Լիճքվազ» ՓԲԸ-ն է՝ 3 միլիարդ 140 միլիոն 945 հազար դրամ վճարված հարկերով: Նախորդ տարի այս ընկերությունը ցանկում 227-րդն էր՝ 943 միլիոն 742 հազար դրամ մուտքերով, իսկ 2020թ-ին ցանկի վերջում էր՝ 978-րդ հորիզոնականում՝ ընդամենը179 միլիոն 704 հազար դրամ մուտքերով:
Այս տարի իր դիրքերը բարելավել է նաև Շամլուղի պղնձի հանքավայրը շահագործող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն՝ նախորդ տարվա 198-րդ հորիզոնականից բարձրանալով 45-րդ: Ընկերությունը կրկնապատկել է վճարվող հարկերը՝ նախորդ տարվա 1 միլիարդ 148 միլիոն 964 հազար դրամից հասցնելով 2 միլիարդ 506 միլիոն 901 հազար դրամի: 2020թ-ին 194-րդն էր՝ 987 միլիոն 937 հազար դրամ մուտքերով:
Ուշագրավ է, որ Հայաստանի ոսկու ամենամեծ՝ Սոտքի հանքավայրը շահագործող ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն այս տարի բացակայում է խոշոր հարկատուների ցանկում: Մինչդեռ 2021 և 2020թթ-ին ընկերությունն առաջատարներից էր՝ 5-րդ հորիզոնականում՝ համապատասխանաբար 20 միլիարդ 839 միլիոն և 26 միլիարդ 937 միլիոն վճարած հարկերով:
Ցանկում բացակայում է նաև Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն: Այնինչ նախորդ տարի ընկերությունը 44-րդ հորիզոնականում էր՝ 4 միլիարդ 342 միլիոն 480 հազար դրամ, իսկ 2020թ-ին՝ 537-րդ՝ 349 միլիոն 926 հազար դրամ վճարած հարկերով:
Հուլիս 29, 2022 at 10:44