

«Լիճքվազ» ՓԲԸ-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության է ներկայացրել Սյունիքի մարզի Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի տարածքում հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։
Ընկերությունը Սյունիքի մարզի Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի նկատմամբ 22.11.2012թ-ից ունի ՇԱԹՎ-29/293 ընդերքօգտագործման թույլտվությունը, որի ժամկետը 22.11.2012 թվականից մինչև 08.02.2036 թվականն է:
Հատկացված ընդերքի տարածքի ընդհանուր մակերեսը 57,4 հա է, տրամադրված օգտակար հանածոյի մարվող պաշարների քանակը կազմում է 2995.856 հազար տոննա հանքաքար, որից ոսկին՝ 17650,85 կգ, արծաթը՝ 105,124 տոննա, պղինձը՝ 13,2121 հազար տոննա։
Ընկերության կողմից արդյունահանված հանքաքարը հարստացվել է Կապանի լեռնահարստացման կոմբինատ ՓԲԸ-ում։
Տրամադրված լեռնահատկացման տարածքում նախատեսվում է հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցում։ Համաձայն հայտի՝ նախատեսվող գործունեության նպատակն է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքի թերբեռնվածության հաղթահարումը, սարքավորանքի և տեխնոլոգիական սխեմաների լիարժեք համապատասխանությունը հանքաքարի բնութագրերին, հանքաքարի տեղափոխման տրանսպորտային ծախսերի կրճատումը, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցումը։
Լիճքվազ-թեյի հանքից Թխկուտ գյուղը գտնվում է 2.5 կմ, Այգեձորը՝ 3.5 կմ, Վարդանիձորը՝ 4 կմ, Լեհվազն ու Լիճքը՝ 7 կմ, Մեղրի քաղաքը՝ 12 կմ հեռավորության վրա:
Հարստացուցիչ ֆաբրիկան կառուցվելու է Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան հատվածի ցածր և միջին բարձրության լեռնային գոտում՝ Մեղրի խոշորացված համայնքի Լեհվազ բնակավայրի տարածքում, 1200-1700 մ բարձրությունների վրա: Նախատեսվող տարածքը եզրագծի որոշ տեղերում սահմանակից է «Արևիք» ազգային պարկին։
Դիտարկվող շրջանի հիմնական ջրահոսքը Մեղրիգետը և իր Վարդանիձոր փոքր վտակն են: Նշված գետերի վրա ջրի մոնիթորինգի մշտական դիտակետերը բացակայում են: Հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման համար նախատեսված տարածքում գետի ջրհավաք ավազանի մակերեսը կազմում է 274 կմ2, տարեկան հոսքը՝ 105 մլն.մ3, միջին տարեկան ծախսը՝ 3.23 մ3/վրկ: Մեղրիգետի ելքերը տատանվում են զգալի սահմաններում:
Ըստ հայտի՝ ուսումնասիրվող տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված և էնդեմիկ բուսատեսակներ ու անողնաշարավոր կենդանատեսակներ չեն հայտնաբերվել, և քանի որ հարստացուցիչ ֆաբրիկայի համար նախատեսված և անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներում ներկայում ընթանում են հանքարդյունահանման աշխատանքներ, ուստի բնական միջավայրը և կենդանական աշխարհի ներկայացուցիչների ապրելավայրերը ևս խախտված են։
Նախատեսվող գործունեության իրականացման վայրի հիմնական մասի հողամասի մակերեսը կազմում է 35,88487 հա, լեռնահարստացման ֆաբրիկայի մի հատվածը դուրս է ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասից, այն գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ համայնքային սեփականություն է։ Այդ հատվածի նպատակային նշանակությունը փոխելու և ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրելու համար ընկերությունը դիմել է Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին, որի հիման վրա սկսվել է գործընթաց, ինչն ավարտական փուլում է։
Նախատեսվող հարստացուցիչ ֆաբրիկան բաղկացած կլինի խոշոր ջարդման, ջարդված հանքաքարի պահեստավորման, մանրացման, ֆլոտացման (ազդանյութերի բաժանմունքով), խտանյութի ջրազրկման, գրավիտացիոն կորզման, պոչանքի չորացման և բաշխման տեղամասերից։ Պոչանքները նախատեսվում է հետագայում տեղադրել հանքախորշերում։
Հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման համար նախատեսվող տարածքում առկա հողի բերրի շերտի հզորությունը միջինում ժկազմում է 0.2-0.5 մ, որի պահպանման և հետագա օգտագործման պայմանները հայտում ներկայացված են գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։
ԷկոLուրի դիտարկումները.
1․ Նախատեսված հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման հեռանկարը հակասում է «Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի շահագործման» աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» փորձաքննական 29.06.2017թ. ԲՓ 60 եզրակացության փորձաքննական 2-րդ պահանջին, համաձայն որի՝ տվյալ տարածքում բացառվում է հանքաքարի վերամշակման (ֆաբրիկա, պոչամբար և այլն) և կուտակման աշխատանքների իրականացումը:
2․ Տարածք այցելության ընթացքում ԷկոԼուրն արձանագրել է, որ Ընկերության ծանր տեխնիկան մտնում է «Արևիք» ազգային պարկի պահպանության գոտի՝ «Բողաքարի» արգելավայր՝ հաշվի չառնելով արգելավայրի մուտքն արգելող ցուցանակների առկայությունը։
3․ Ընդերքօգտագործման պայմանագրի վերակնքման ժամանակ Ընկերությունը չի ներառել հանքի փակման ծրագիրը, մինչդեռ այն պետք է ներկայացվեր օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելուն զուգահեռ /Խախտվել են Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրքի հոդված 49-ի մաս 2-ի կետ 6-ի պահանջները/։
4․ Հայաստանի ԱՃԹՆ պաշտոնական կայքում հրապարակված «Լիճքվազ» ՓԲԸ-ի հաշվետվության համաձայն՝ Ընկերությունը 2016-2019թթ. բնապահպանական հարկ չի հաշվարկել և չի վճարել պետական բյուջե։ 2017թ. Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվության համաձայն՝ Ընկերությունը վճարել է 14103,0 դրամ բնապահպանական հարկ (ամենայն հավանականությամբ տրանսպորտային միջոցների շահագործման համար)։
5․ Ընկերության ազդակիր համայնքներում 2021թ․ էկոԼուրի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների գերակշիռ մասը կողմ է Լիճվազ-թեյի ոսկու հանքավայրի շահագործմանը, քանի որ աղքատությանից և սոցիալական ծանր վիճակից դուրս գալու միակ ճանապարհը համարում է դա, սակայն նրանք հայտնել են նաև իրենց դժգոհությունն այն մասին, որ Ընկերությունն ազդակիր համայնքի բնակիչներին չի վերցնում աշխատանքի: Ներկայունս ընկերության աշխատանքներում ներգրավված 43 աշխատակիցներից 26-ն են Սյունիքի մարզից:
Հոկտեմբեր 06, 2022 at 15:38
