Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» (ՀՀԱԿ) և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ, սկսում է քիմիական աղտոտվածության հետազոտությունների նոր փուլ Կոտայքի, Լոռու, Արագածոտնի մարզերի այն տարածքներում, որոնք գտնվում են արդյունաբերական օբյեկտների ազդեցության տակ:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանքարդյունաբերության ոլորտին։ 2022 թվականին նախատեսվում է հետազոտություններ անցկացնել Կոտայքի մարզի խոշորացված Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի և Լոռու մարզի Վանաձոր համայնքի Քարաբերդ բնակավայրի տարածքում։ 2023 թվականին ուսումնասիրություններ կանցկացվեն Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Մելիքգյուղ բնակավայրի և Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական տարածքում։
Հետազոտություններն անցկացվում են «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
«Երկարաժամկետ հեռանկարում մենք նպաստում ենք շրջակա միջավայրի և տեղի բնակչության առողջության վրա հանքարդյունաբերական ենթակառուցվածքների աղտոտվածության ազդեցության նվազեցմանը: Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի և տեղի համայնքների առողջության վրա ծանրաբեռնվածության նվազեցմանը, բայց նաև վնաս չեն հասցնի նրանց տնտեսական և սոցիալական զարգացմանը», - ասում է ծրագրի համակարգող, «Առնիկա»-ի ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն։
Իր հերթին ծրագրի համակատարող «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը վստահ է. «Աղտոտվածության մակարդակի վերաբերյալ հստակ, հուսալի տվյալների առկայությունը կարևոր նախապայման է արդյունաբերական աղտոտվածությունից տուժած համայնքների բնապահպանական, սոցիալական, առողջապահական և տնտեսական խնդիրները լուծելու համար: Սա արդյունավետ միջոց է ամրապնդելու տեղի բնակչության ներուժն իրենց իրավունքների պաշտպանության առումով, բարձրացնելու տեղեկատվության հասանելիության մակարդակը և նպաստելու պատշաճ կառավարման բարելավմանը ինչպես տեղական, այնպես էլ ազգային մակարդակում, ինչպես նաև օրենսդրության բարելավման գործում»:
Հիշեցնենք, որ «Առնիկայի» և հայկական ՀԿ-ների կողմից 2018-2021թթ. համատեղ իրականացված ծրագրերի շրջանակներում քիմիական աղտոտվածության ուսումնասիրություններ են իրականացվել Լոռու մարզի Թումանյանի շրջանում: Այդ ուսումնասիրություններն օգնել են գնահատել արդյունաբերական աղտոտվածության ազդեցության աստիճանը առողջության, սոցիալական ոլորտի և շրջակա միջավայրի վրա։
Մշակված հետազոտության մոդելը հիմնված է վերլուծությունների վրա, որոնք արվել են հատուկ սխեմայով, որը ներառում է շրջակա միջավայրի բաղադրիչների միջոցով աղտոտման շղթայի բոլոր օղակները՝ (հող, հատակային նստվածքներ, փոշի) մինչև մարդու օրգանիզմ: Մոդելն առավելագույնս հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են աղտոտման աղբյուրի կոորդինատները, այդ աղբյուրի հեռավորությունը ջրային օբյեկտներից, գյուղատնտեսական հողատարածքներից, տներից, աղտոտող նյութերի բաղադրությունը, քամու ուղղությունը և այլն:
Նման մոդելով նախորդ ուսումնասիրությունների արդյունքները (Картирование распространения тяжелых металлов и стойких органических загрязнителей на горно-промышленных территориях Туманянского и Степанаванского регионов, Toxic Hot Spots in Northern Armenia , Ծանր մետաղների և կայուն օրգանական աղտոտիչների բաշխման քարտեզագրում ՀՀ Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների լեռնահանքարդյունաբերական տարածքներում 2018-2021թթ., Ծանր մետաղների և կայուն օրգանական աղտոտիչների բաշխման քարտեզագրում ՀՀ Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների լեռնահանքարդյունաբերական տարածքներում 2018-2021թթ.) հնարավորություն են տվել գնահատել շրջակա միջավայրի և մարդու օրգանիզմի վրա այնպիսի արդյունաբերական օբյեկտների կողմից աղտոտման ազդեցության աստիճանը, ինչպիսիք են Ալավերդու պղնձաձուլարանը, Շամլուղի պղնձի հանքավայրը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը՝ իր երեք պոչամբարներով, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, կոմբինատը և պոչամբարը, Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, գործարանը և պոչամբարը, Մղարթի ոսկու հանքավայրը և պոչամբարը:
Ներկայացված վերլուծությունը հիմք է հանդիսացել տարածքների վերականգնման համար պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացված կոնկրետ առաջարկների համար:
Այս ծրագրի շրջանակներում ձեռք բերված փորձի հիման վրա նման մեթոդաբանություն կկիրառվի Մեղրաձորում, Քարաբերդում, Մելիքգյուղում և Հրազդանում քիմիական աղտոտվածության ուսումնասիրություններում:
«Անհրաժեշտ է ուժեղացնել պետության աջակցությունն ու շահագրգռվածությունը օգտակար հանածոների էքստենսիվ արդյունահանման սահմանափակման հարցերում, և բարձրացնել տեղական իշխանությունների և բնակչության իրազեկվածությունը պաշտպանության գործիքների և շրջակա միջավայրի դեգրադացիայի բացասական հետևանքների կանխարգելման մասին», - նշել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Սեպտեմբեր 16, 2022 at 13:06