

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի՝ Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը:
Ընկերությունը կերկարաձգի հանքավայրի ընդերքօգտագործման թույլտվության ժամկետը 6․76 տարով: Հանքավայրը կշահագործվի հաջորդաբար երեք բացահանքով: Բացահանքերի տարեկան արտադրողականությունը կկազմի 50 հազար տոննա՝ ըստ ապրանքային հանքաքարի, 45․333 տոննա՝ ըստ մարվող պաշարի: Հողերի ընդհանուր մակերեսը հանքավայրի շահագործման համար կազմում է 73 հեկտար։ Շինարարության և շահագործման ժամանակ հողերի օգտագործման ձևը նախատեսված է վարձակալության պայմաններով՝ 7.5 տարի ժամկետով:
Եզրակացության պատճառաբանական մասում նշված է, որ Քաջարան և Մեղրի համայնքներում անցկացված հանրային քննարկումների ժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններն ու հասարակությունը հավանություն են տվել նախատեսվող գործունեությանը: Հանրային քննարկումներին ներկա են եղել նաև «Արևիք» ազգային պարկի ներկայացուցիչները:
Ըստ եզրակացության՝ ծրագրի իրականացման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները հիմնականում պայմանավորված կլինեն աշխատանքների իրականացմամբ, որոնք կկրեն ժամանակավոր բնույթ և ազդեցությունները կլինեն թույլատրելի նորմայի սահմաններում:
Բնապահպանական փորձաքննական պահանջների մեծ մասը վերաբերում է ՀՀ օրենսդրության պահպանմանը՝ կապված շրջակա միջավայրի բաղադրիչների հետ: Դրված է պահանջ բացահանքերի շահագործման ամբողջ ժամանակահատվածում կատարել մթնոլորտ փոշու արտանետումների մշտական մոնիթորինգ, ինչը թույլ կտա ժամանակին խուսափել շրջակա միջավայրի աղտոտումից: Նաև դրված է պահանջ բացահանքի աշխատանքային գործընթացում ներգրավել համանքի և մոտակա համայնքների բնակիչներին, համայնքի ղեկավարության հետ քննարկել անհրաժեշտ օգնության ծրագրեր և համապատասխան ֆինանսական ներդրումներ կատարել համայքնային բյուջե:
«Ատ-Մետալս» ՍՊԸ-ն հանքավայրի ընդերքօգտագործման թույլտվությունը ստացել էր 2014թ-ին՝ 7․5 տարի ժամկետով, որը լրացել է 2021թ-ի հուլիսին։ Կարճ ժամանակահատված հանքի և գործարանի շահագործումից հետո՝ 2015թ-ին, աշխատանքները դադարեցվել էին:
Մեղրասարի ոսկու հանքավայրի մոտակա բնակավայրերն են Տաշտուն և Լիճք գյուղերը: Բացահանքերի տակ հատկացվող տարածքը գտնվում է Լիճք և Տաշտուն գյուղերից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, Քաջարան քաղաքից` ասֆալտապատ ճանապարհով 10 կմ հեռավորության վրա: Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրը հարում է Մեղրասարի ոսկու հանքավայրին, նրանց բաժանում է Մեղրու լեռնաշղթան:
Սեպտեմբեր 15, 2022 at 13:52
