Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի քննարկում՝ «ԷկոԼուր» մամուլի ակումբում

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի քննարկում՝ «ԷկոԼուր» մամուլի ակումբում

Սույն թվականի սեպտեմբերի 15-ին` ժամը 16:00-18:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Երևան, Հանրապետության 49/2, մուտքը բակի կողմից, Եվրոպա հյուրանոցի դիմաց), «էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և «Հայնրիխ Բոլ» հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա քննարկում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի բնապահպանական և իրավական հիմնախնդիրների վերաբերյալ։

Հասարակական կազմակերպությունների և անհատ մասնագետների կողմից բազմիցս արտահայտվել են մտահոգություններ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծում տեղ գտած բնապահպանական, սոցիալական և իրավական անընդունելի դրույթների, ինչպես նաև առանցքային հարցերում բացերի վերաբերյալ։ Նշված խնդիրներն ամփոփ կերպով ներկայացնելու է էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանը։ Քննարկվելու են նաև նախագիծը բարելավելուն ուղղված քայլերը, ինչպես նաև մամուլի և քաղաքացիական հասարակության դերն այդ գործընթացներում։

Քննարկմանը հրավիրված են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի, Համաշխարհային բանկի, «Գրանտ Թորնթոն» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ, Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը մշակվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագրի» շրջանակներում: Ծրագիրը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը, պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է: Ծրագրով նախատեսված աշխատանքները համակարգվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Ռազմավարության մշակումն իրականացվել է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ (ՀՀ), «Գրանթ Թորնթոն Լիգալ Ընդ Թաքս» ՍՊԸ (ՀՀ), «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ (ՀՀ) և «Գլոբալ Ռեսուրս Ինժինիրինգ» ՍՊԸ (ԱՄՆ) ընկերությունների համատեղ գործունեության շրջանակում, որտեղ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես գլխավոր խորհրդատու:

Նախագծի վերջնական տարբերակն արդեն ներկայացված է ՀՀ կառավարության հաստատմանը։

Սեպտեմբեր 13, 2022 at 14:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր