«Գեղանիստ» էկո թիմի անդամները՝ բնության պաշտպանության ջատագովներ

«Գեղանիստ» էկո թիմի անդամները՝ բնության պաշտպանության ջատագովներ

Ապրիլի 20-ին ԷկոԼուրի մամուլի ակումբում տեղի ունեցավ «Գեղանիստ» էկո թիմի անդամների հանդիպումը «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի, ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի հետ:

Թիմը հիմնադրվել է 2018թ. Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ, աշխարհագետ Տիգրան Ենգիբարյանի կողմից: Թիմի անդամները դպրոցի սաներն են, ովքեր փորձում են բացահայտել իրենց դպրոցին առնչվող, այնուհետ՝ համայնքի խնդիրները՝ փոքր քայլերով դրանք հաղթահարելուն ուղղված նախագծեր մշակելով:  

Հանդիպման ընթացքում թիմի անդամները ներկայացրեցին իրենց հիմնական առաքելությունն ու գործունեությունը: Ըստ նրանց՝ Գեղանիստի առաջնային բնապահպանական խնդիրներից են խմելու ջրի աղտոտվածությունը, չկանոնակարգված աղբահանությունը, արագիլների աղտոտման դեպքերը: «Արագիլները սկսել են սևանալ»,- իր անհանգստության մասին ասաց աշակերտերից մեկը: Գետերի աղտոտվածության խնդիրն ամեն տարի կրկնվում է, ինչը հանգեցնում է արագիլների փետրածածկույթի աղտոտմանը։ Դպրոցականները որոշել են լրջորեն զբաղվել այս խնդրով, հայտնաբերել աղտոտման աղբյուրն ու վերացնել այն: Նրանք նշեցին, որ խնդիրների բարձրաձայնման նպատակով համայքնում իրականացնում են տեղեկատվական արշավներ, սակայն դրանք ավելի լայն լսարանի համար լսելի դարձնելու կարիք ունեն: 

Ինգա Զարաֆյանը «Գեղանիստ» էկո թիմի ներկայացուցիչներին տեղեկացրեց Արարատի մարզում առկա սոցիալական ու բնապահպանական խնդիրների մասին: Անդրադարձ կատարվեց Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի գերշահագործման, Արարատում գտնվող Արարատի ցիանային ֆաբրիկայի և պոչամբարի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի աղտոտմանը: Քրիստինա Տեր-Մաթևոսյանը ներկայացրեց «ԷկոԼուրի» կայքում Արարատի մարզին առնչվող թեմաները որոնելու և կայքի՝ «Էկոահազանգ» գործիքից օգտվելու հնարավորությունները:

Օլեգ Դուլգարյանը երիտասարդների հետ խոսեց համայնքային ակտիվությունը բարձրացնելու գործիքների և համագործակցության հեռանկարների մասին: Ինգա Զարաֆյանն իր հերթին նշեց համագործակցելու պատրաստակամության և խնդիրների բարձրաձայնման գործում աջակցելու մասին:

Ապրիլ 22, 2022 at 10:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր