Նոր մարտահրավերներ՝ նոր Էկոդաշինք

Նոր մարտահրավերներ՝ նոր Էկոդաշինք

2022թ. փետրվարի 15-ին «ԷկոԼուրի» մամուլի ակումբում «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Էկոլոգիական հասարակական դաշինքի վերակազմավորման հիմնադիր նիստը: Նիստին նաև մասնակցել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Դալմա-Սոնա» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն Ռուզան Ղազարյանը, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը, «Թուխմանուկ կրթական և իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարիամ Չախոյանը, «ԷկոԼուրի» լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը:

Սիլվա Ադամյանը նշեց, որ նախկինում բնապահպանական դաշինքը միավորում էր շուրջ 50 կազմակերպություն, որոնք ակտիվ գործունեություն էին ծավալում բնապահպանական խնդիրների վերհանման ու լուծման ուղղությամբ: Դաշինքն ակտիվորեն մասնակցել է և կանգեցրել է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Արարատից Սոտք տեղափոխելու վտանգավոր ծրագիրը, Ջրվեժի անտառպուրակի զավթման հարցը լուծել, պայքար է մղվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար, իրականացվել են «SOS Սևան» և «SOS Երևան» քարոզարշավները: Ներկա պահին դաշինքն ակտիվ չէ. որոշ կազմակերպություններ դուրս են եկել, որոշների մասին ընդհանրապես տեղեկատվություն չկա: Անհրաժեշտ է վերակենդանացնել կամ ստեղծել նոր էկոլոգիական հասարակական դաշինք:

Հանդիպման մասնակիցները հաստատեցին, որ սոցիալ-էկոլոգիական դաշտում կան նոր մարտահրավերներ, և քաղաքացիական հասարակությունը պետք է միավորվի և ընդհանուր ջանքեր գործադրի այդ մարտահրավերները հաղթահարելու համար:

Հանդիպման ժամանակ առաջնահերթություն տրվեց հետևյալ հարցերին՝ Սևանա լճի խնդիրներ, «Շրջակա միջավայրի վրա զդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի գնահատում, Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների դեմ քարոզարշավ, Երևանում տարածքների զավթման դեմ պայքար, նոր վտանգավոր ձեռնարկությունների գործարկման խնդիր, Երևանի աղբավայրերի վիճակ:

Փետրվարի 17-ի դրությամբ դաշինքին միացել են «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ն, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ն, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն:

Դաշինքը բաց է անդամակցության համար:

Փետրվար 17, 2022 at 13:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր