ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի հանդիպումը՝ էկոլոգիական խնդիրների քննարկման նպատակով

ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի հանդիպումը՝ էկոլոգիական խնդիրների քննարկման նպատակով

2022թ. փետրվարի 15-ին «ԷկոԼուրի» մամուլի ակումբում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի հանդիպումը: Հանդիպման նպատակն էր մշակել ԱլԳ ՔՀՖ 2022-2030 Ռազմավարության գործողությունների պլանի վերաբերյալ առաջարկություններ, քննարկել Երևանի քաղաքապետարանի պատասխանը Հրազդան գետի աղտոտվածության և Երևանյան լճի մաքրման ծրագրի վերաբերյալ և հստակեցնել հետագա գործողությունները, քննարկել «Շրջակա միջավայրի վրա զդեցության գնահատման և փորձաքննության մասին» (ՇՄԱԳՓ) օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Հանդիպմանը ներկա էին, ինչպես նաև առցանց եղանակով միացել էին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը, Երևանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, «Դալմա-Սոնա» կրթամշակութային հիմնադրամի ղեկավար Ռուզաննա Ղազարյանը, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, ‹‹Բլեջան›› ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Էկոթիմ» ՀԿ-ի նախագահ Արտաշես Սարգսյանը:

ՇՄԱԳՓ նախագիծն արդեն իսկ շրջանառության է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում: Նշվեց, որ նախագծի վերաբերյալ հանրային քննարկում չի եղել և հաշվի չեն առնվել քաղաքացիական հասարակության առաջարկությունները: 

Քննարկման մյուս հարցը ՀՀ կառավարության 10.02.2022թ. նիստում գործադիրի կողմից առանց զեկուցման «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր: 3-րդ աշխատանքային խմբի մեծամասնությունը մասնակցել և միացել է այս նախագծի դեմ հայտարարությանը, որով Ազգային Ժողովից պահանջվում է հետ վերադարձնել նախագիծը:

Կարևորվեց Շրջակա միջավայրի նախարարությանը կից Բնապահպանական հասարակական խորհրդի կարգավիճակի հարցը: Ներկաները շեշտեցին, որ վերջին մի քանի ամիսներին խորհրդի որևէ նիստ չի կազմակերպվել և որևէ բացատրություն չի տրվել նիստերի չանցկացման վերաբերյալ:

Մյուս կարևորը հարցը վերաբերում էր արևային էներգետիկայի ոլորտի կարգավորման նորմերին, կտրուկ զարգացման հետ կապված ռիսկերին ու վտանգներին: «Արևային կայանների կառուցման նախագծերը ստանում են ՇՄԱԳ եզրակացություններ, սակայն այդ եզրակացություններում բացակայում են թափոնների կառավարման պահանջները, գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման կարգը, ֆինանսական և սոցիալական պատասխանատվության հարցերը: Արդեն իսկ մշակվել է և շրջանառության մեջ է դրվել «Վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության 2022-2030թթ. ազգային ծրագրի» նախագիծը՝ առանց նորմատիվային բազայի: Մեզ ասում են՝ երբ նոր օրենսդրություն լինի, այն ժամանակ համապատասխան նորմերը կներառվեն: Մինչդեռ այս խնդիրը պետք է ընդգրկել ռազմավարության մեջ, քանի որ դրա բացակայությունը բազում խնդիրներ է առաջացնում»,- ասաց Ինգա Զարաֆյանը՝ առաջարկելով այդ հարցը քննարկել ԱլԳ ՔՀՖ 2022-2030 ռազմավարության գործողությունների պլանի շրջանակներում: Նազելի Վարդանյանն էլ նկատեց, որ եթե անգամ նոր օրենսդրություն ընդունվի, այն հետադարձ ուժ չի ունենա նախկինում տրված նախագծերի և ՇՄԱԳ եզրակացությունների վրա: 

Առաջարկ հնչեց բարձրացված խնդիրների վերաբերյալ պատրաստել համապարփակ փաստաթուղթ իր հիմնավորումներով, և այն ուղղել Ազգային Ժողովի նախագահին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Շրջակա միջավայրի նախարարին ու Երևանի քաղաքապետարանին՝ կառուցողական ու թափանցիկ հանդիպումների կազմակերպման ակնկալիքով:

Փետրվար 21, 2022 at 17:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր