

Փետրվարի 10-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրն առանց զեկուցման հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Այս օրինագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր 55.1-ին հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղաթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը՝ բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Ըստ այդմ, ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետներն երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով։
Այդ հանգամանքների ծագման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում ընդերքօգտագործողն այդ հանգամանքների ծագման մասին գրավոր պետք է տեղեկացնի լիազոր մարմնին։ Նշված ժամկետում լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելու դեպքում ընդերքօգտագործողի՝ լիազոր մարմին ներկայացված դիմումը քննարկման ենթակա չի լինելու:
Հանգամանքների վերացման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում ընդերքօգտագործողը կարող է լիազոր մարմին ներկայացնել դիմում՝ ներկայացնելով անհաղթահարելի հանգամանքները, դրանց տևողությունը և դրանց անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցները և փաստաթղթերը, ինչպես նաև փոփոխված ժամանակացույցով նախագիծը:
Ի դեպ, փոփոխված ժամանակացույցով նախագծերը կամ երկրաբանական ուսումնասիրության ծրագրերը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չեն լինելու, իսկ դրական եզրակացություն ստացած փորձաքննությունների ժամկետները համարվելու են համապատասխանաբար երկարաձգված։ Անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։
Այս օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը հետընթաց է գրանցում ժողովրդավարական արժեքներից: Տարիների փորձը ցույց է տվել, որ ընդերքօգտագործման ծրագրերի դեմ քաղաքացիական անհնազանդությունն ուղղված է եղել հանուն մարդու առողջության, առողջ շրջակա միջավայրի իրավունքների պահպանման, հանուն տեղի բնակիչների կենսապայմանների պաշտպանության: Բողոքի ակցիաները եղել են ու կան հանքարդյունաբերական ծրագրերի վերաբերյալ դիրքորոշման արտահայտման ձև: Եթե ազդակիր համայնքը դեմ է տվյալ ծրագրին, ապա իր իրավունքը պաշտպանում է նաև քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ, բողոքի ակցիաներով, քանի որ տեսել է, որ նման դեպքերում համայնքի բնակչության ձայնը բիզնեսի և կառավարության համար լսելի չի եղել որոշումների ընդունման գործընթացում: Օրենսդրական այս փոփոխությունը ցույց է տալիս, որ անգամ բողոքի ակցիաներին ականջալուր չեն լինելու:
Եթե հրդեհը կարել է մարել, ջրհեղեղի կամ փոթորիկի հետևանքները վերացնել, ապա հասկանալի չէ, թե քաղաքացիական անհնազանդությունների ինչպիսի հանգուցալուծում է նախատեսվում, որից հետո երկարացնեն ընդերօգտագործման իրավունքի ժամկետները: Մյուս կողմից, օրենսդրական փոփոխությամբ չի սահմանվում, թե ինչ մասշտաբի հրդեհ կամ ջրհեղեղ, փոթորիկ կամ պայթյուն պետք է լինի, ինչպիսի վնաս պետք է պատճառի, որպեսզի դա համարվի անհաղթահարելի ուժ: Հակառակ դեպքում ընդերքօգտագործողը կարող է ժամանակ շահել անգամ փոքր հրդեհից:
Ակնհայտ է, որ օրենսդրական փոփոխությունն առաջին հերթին առնչվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին: Այս հանքի շինարարությունը դադարեցվեց 2018թ-ին, երբ տեղի բնակչությունը փակեց հանքի ենթակառուցվածքներ տանող ճանապարհները Գնդեվազ գյուղի խմելու ջրի աղտոտումից հետո և պահանջեց չեղարկել այս վտանգավոր ծրագիրը: Հանքի շահագործման դեմ ուղղված երկար ու դժվարին պայքարը Ամուլսարի պահապանները դադարեցրեցին 2020թ-ի սեպտեմբերի 27-ին՝ առաջնահերթ համարելով հայրենիքի պաշտպանությունը: Նրանցից շատերը մեկնեցին ռազմաճակատ: Նրանցից ոմանք ընկան ռազմի դաշտում:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ ի դեմս նախարար Սուրեն Պապիկյանի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև 2020թ-ի դեկտեմբերի 30-ին կնքված «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման 2012 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ ՊՎ-245 պայմանագրի փոփոխություն» համաձայնագրի՝ Ամուլսարի հանքի շինարարական շրջանը պետք է տևեր մինչև 2021թ-ի հունիսի 1-ը, օգտակար հանածոյի արդյունահանումը՝ 9 տարի, 5,5 տարի՝ հանքի փակումը: Հիմա ընկերությանը կարող է տրվել ևս շուրջ 4 տարի ժամանակ:
Օրենսգրքի լրացումն այն մասին, որ փոփոխված ժամանակացույցով նախագծերը կամ երկրաբանական ուսումնասիրության ծրագրերը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չեն լինելու, ևս խնդրահարույց է: Այն հակասության մեջ է մտնում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի հետ, որի 20-րդ հոդվածի 7-րդ կետում նշված է. «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»:
Փետրվար 14, 2022 at 16:06