

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն արդեն հինգերորդ անգամ է դիմում Շրջակա միջավայրի նախարարություն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով: Նախորդ չորս հայտերից երեքը Արփա գետից, իսկ մեկը Դարբ գետից ջրառ իրականացնելու համար նախագծերի մշակմանն են վերաբերել: Ընկերությունը ներկայում միայն Արփա գետից 11լ/վ ծավալով ջրօգտագործման թույլտվությունն ունի, որը ստացել է 2020թ.: Մնացած երեքը Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է: Ընկերությունն էլ մինչ օրս նախարարության այդ մերժումները վիճարկում է ՀՀ վարչական դատարանում:
Արփա գետից նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալու վերջին դիմումը ընկերությունը ներկայացրել է օրեր առաջ: Արփա գետից 41.3 լ/վ ջրաքանակով արդյունաբերական նպատակով ջրառի ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) նախագծի մշական վերաբերյալ հանրային քննարկումը տեղի ունեցավ 2022թ. հունվարի 24-ին՝ բավական թեժ միջավայրում:
Քննարկմանը մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի տնօրեն Թեհմինե Ենոքյանը, Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամներ Անի Խաչատրյանը և Արփինե Գալֆայանը: Պետական կառույցներից ներկա էին ՇՄ նախարարի օգնական Պարույր Սիմոնյանը, Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատար Օրի Ավետիսյանը, ջրօգտագործման թույլտվությունների գլխավոր մասնագետ, ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի պարտականությունները կատարող Մարիամ Լեժունցը, Արարատյան ջրավազանի տարածքային կառավարման բաժնի ավագ մասնագետ Արտակ Մարտիրոսյանը, Կադաստրի վարման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Սևակ Մաթիլյանը, Արարատյան ջրավազանի վարչության պետ Խաչիկ Ավետյանը և նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը: «Լիդիան Արմենիա» ընկերությունից մասնակցում էին Տարոն Նավասարդյանը, Սայադ Բադալյանն ու Արթուր Պեպանյանը:
Քննարկման սկզբում Նազելի Վարդանյանը նշեց, որ Վարչական դատարանում երկու գործերն էլ Արփա գետից ջրառ իրականացնելու հիմքով են քննվում և առաջարկեց կարճել Արփա գետից ջրառի թույլտվություն ստանալու նոր հայտի վերաբերյալ վարչական վարույթը: ««Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՇՄ նախարարության միջև նույն առարկայի վերաբերյալ կա երկու դատական գործ ՀՀ վարչական դատարանի վարույթում։ ՇՄ նախարարությունը երկու անգամ մերժել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Արփա գետից ջրառի թույլտվության հայտերը։ Այժմ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն վիճարկում է ՇՄ նախարարության մերժման վարչական ակտերը դատարանում։ Մասնավորապես, ՀՀ վարչական դատարանի վարույթում են գտնվում՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցը ընդդեմ ՇՄ նախարարության՝ Արփա գետից 1.284595 մլն. մ3/տարի, 3568.32 մ3/օր, 41.3 լ/վ ջրածավալով ջրառ իրականացնելու համար ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, 22.03.2021թ. թիվ 86-Ա հրամանը և 30.04.2021թ. թիվ 146-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին և Արփա գետից ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու և միաժամանակ 17.06.2019թ. թիվ 181-Ա հրամանը և 17.06.2019թ. թիվ 181-Ա հրամանի բողոքարկման արդյունքում ընդունված` 02.09.2019թ. թիվ 292-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Այս պարագայում նախարարությունն իրավասու չէ վարչական վարույթ իրականացնել, լսումներ անցկացնել և քննարկել հայտը, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն. «1. Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` դ) դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ»,- բացատրեց իրավաբանը: Նախարարության ներկայացուցիչները Նազելի Վարդանյանի առաջարկն ի գիտություն ընդունեցին, սակայն հանրային քննարկումը չեղարկելու մասին առաջարկը չբավարարվեց:
Քաղաքացիական հասարակության՝ հայտի նախագիծը ներկայացնելու պահանջը նույնպես չբավարարվեց: Վարչական դատարանում վիճարկվող երկու հայտերի և նոր հայտի տարբերությունը պարզաբանելու պահանջին տրվեց անորոշ պատասխան, թե դրանք տարբեր են ջրառի կետի մասով:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցաչները ներկայացրեցին այս ՋԹ-ի հայտի թերություններն ու ռիսկերը: Մասնավորապես, հաշվի չի առնվում այն փաստը, որ 2021թ. ավարտվել է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի ժամկետը, իսկ նոր պլանը դեռևս չի հաստատվել: Հաշվի չի առնվել կլիմայի փոփոխության գործոնը և ջրային ռեսուրսների սուր կրճատումը, մյուս ջրօգտագործողների շահերը, իսկ ռիսկերի վերաբերյալ տրված են միայն խոստումներ՝ առանց հիմնավորումների և փաստերի: Հայտում ներկայացված չէ ջրահեռացման համակարգը: Ներկայացվեց նաև, որ ընկերությունն արդեն իսկ շինարարության ժամանակ աղտոտել է Արփա գետը, ինչի մասին կա պաշտոնական ակտ:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքով մերժման հիմքերից մեկն էլ կոռուպցիոն ռիսկերն են, որոնք կապված են հողերի ապօրինի վաճառքի հետ Գնդեվազ գյուղում, ինչպես նաև այն, որ Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանին 2018թ. որոշում է ընդունել, որով հավանություն է տվել համայնքի բնակիչների կողմից համայնքի ավագանուն ներկայացրած կոլեկտիվ հանրագրում նշված «Ջերմուկ համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» առաջարկությանը: Բացի այս, Ջերմուկ համայնքում Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված հանրային լսումներ չեն անցկացվել:
Նախարարի օգնական Պարույր Սիմոնյանն արձագանքեց, թե պետք է բարձրացված խնդիրները տարանջատել. «Այս պահին հանրային լսումները ջրօգտագործման թույլտվությանն են վերաբերում: Ձեր ասած խնդիրները շատ ընդհանրական են: Ի՞նչ խնդիր եք դուք տեսնում ՋԹ-ի տրամադրման հետ կապված»,- դիմեց նա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
«Բոլորի դիտողությունները, առաջարկները մենք պետք է ի մի բերենք, եթե ինչ-որ թերություններ կամ բացթողումներ կան, կամ առաջարկություններն ըստ կարգի չեն, այդ ամենը պետք է հավաքագրվի, գույքագրվի, ուսումնասիրվի, նոր որոշումը կայացվի», - նշեց Օրի Ավետիսյանը:
Հունվար 25, 2022 at 15:13