«Լիդիան Արմենիա»-ն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի դատական գործով վճռի մասին տեղյակ է միայն հայցվորը

«Լիդիան Արմենիա»-ն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի դատական գործով վճռի մասին տեղյակ է միայն հայցվորը

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի իրավախորհրդատու «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական ընկերությունը ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել,  որի համաձայն ընկերությունը շահել է «Լիդիան Արմենիա»-ն ընդդեմ ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչ, հասարակական գործիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանի գործը:
Իր հայցով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն պահանջում էր դատարանից պարտավորեցնել Թեհմինե Ենոքյանին հերքել 2018 թ-ի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված ելույթի ընթացքում հնչեցված արտահայտությունները, բռնագանձել նրանից 1 միլիոն դրամ փոխհատուցման գումար: Ըստ փաստաբանական ընկերության հայտարարության՝ հայցը բավարարվել է մասնակիորեն:

««Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական ընկերությունը գոհունակությամբ տեղեկացնում է, որ հերթական հաջողությունն է գրացնել իր վստահորդ՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործարար համբավի արատավորման հետևանքով վերջինիս խախտված իրավունքները վերականգնելու հարցում։ Մասնավորապես, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2021 թ-ի դեկտեմբերի 15-ին կայացրել է վճիռ «Լիդիան Արմենինա» ՓԲԸ-ի անունից ընդդեմ Թեհմինե Ենոքյանի ներկայացրած զրպարտության գործով, որով պարտավորեցրել է պատասխանողին հրապարակայնորեն հերքել դեռևս 2018 թ-ի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասարահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման ընթացքում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող տվյալները», - նշված է ընկերության հայտարարության մեջ:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում այս գործով վճիռ հրապարակված չէ, թեպետ «Ֆիդելիթի Քոնսալթինգ»-ի նշած ժամկետից 1 ամսից ավելի ժամանակ է անցել:
Թեհմինե Ենոքյանի փաստաբան Նինա Հակոբյանը ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց, որ ինքը և իր վստահորդը ներկա չեն եղել դատական նիստին և մինչ օրս չեն ստացել դատարանի վճիռը: Այն մասին, որ դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիա»-ի պահանջը, տեղեկացել են «Ֆիդելիթի Քոնսալթինգ»-ի  հայտարարությունից:

«Երբ կստանանք դատարանի վճիռը, վստահորդի հետ կքննարկենք մեր քայլերը և բողոք կներկայացնենք Վերաքննիչ դատարան: Բողոքարկման համար ժամկետ լրանալու խնդիր չկա: Մինչև վճիռը չհայտնվի «Դատալեքս» համակարգում, որևէ ժամկետ չի հոսելու», - ասաց Նինա Հակոբյանը:

2018 թ-ից այս դատական գործով բազմաթիվ նիստեր են անցկացվել: Գործը նախ քննվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիս քաղաքի նստավայրում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ: 2020 թ-ի ապրիլին դատավոր Սերգեյ Սահակյանը տեղափոխվել է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, և գործը վերաբաշխվել և մակագրվել է դատավոր Հենրիկ Դարբինյանին:

Հունվար 21, 2022 at 10:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր