«Թեղուտ» ՓԲԸ-ն 9 տարի ուշացումով ներկայացրել է բացահանքի ընդլայնման և շահագործման ժամկետի երկարաձգման հաշվետվությունը

«Թեղուտ» ՓԲԸ-ն 9 տարի ուշացումով ներկայացրել է բացահանքի ընդլայնման և շահագործման ժամկետի երկարաձգման հաշվետվությունը

«Թեղուտ» ՓԲԸ-ն ցանկանում է ընդլայնել Թեղուտի պղնձամոլիբդենային բացահանքը և երկարաձգել շահագործման ժամկետը։

Սույն թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Թեղուտ» ՓԲԸ-ի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի երկրորդ հերթի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության չորրորդ հանրային քննարկումները։

Նշենք, որ այս փաստաթուղթն ընկերությունը պետք է ներկայացներ դեռ 9 տարի առաջ։ 2006 թվականի նոյեմբերի 7-ին տրվել էր ԲՓ-135 դրական եզրակացությունը՝ Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի և պղնձամոլիբդենային հանքավայրի I-ին հերթի շահագործման համար՝ 8 տարի ժամկետով՝ մինչև 2014 թվականի նոյեմբերի 7-ը։ Սահմանվել էր փորձաքննական պահանջ՝ ՇՄԱԳ փորձաքննության ներկայացնել հանքավայրի երկրորդ հերթի շահագործման նախագծային փաստաթղթերը: Սակայն 2014 թվականից հետո հանքավայրը շահագործվել է առանց նոր բնապահպանական փորձաքննության անցկացման։

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի երկրորդ հերթի ընդլայնված բացահանքի տարածքը գտնվում է Շնող և Թեղուտ բնակավայրերի սահմաններում: Բացահանքի տարեկան արտադրողականությունը կկազմի 7 միլիոն տոննա, շահագործման ժամկետը՝ 14 տարի։ Բացահանքի տարածքը կկազմի 151.4 հեկտար, լցակույտերինը՝ 98.2 հեկտար։

Թեղուտի հանքավայրի շահագործման ընթացքում առաջացել էին խնդիրներ՝ կապված պոչամբարի պատվարի վթարային վիճակի հետ։ Այս պատճառով 2018 թվականին հանքավայրի շահագործումը դադարեցվել էր։ Նոր հաշվետվության մեջ նշված է. «Հայաստանի Թեղուտի հանքավայրը ներկայում ժամանակավորապես չի գործում, իսկ կայունության խնդիրը լուծվում է պոչանքների պահեստավորման հանգույցի՝ պոչամբարի միջոցով: Սա նշանակում է, որ դատարկ ապարների և հանքանյութի արդյունահանման գործողությունները բացահանքում, ինչպես նաև հարստացման հանգույցի աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են։ Հետևաբար, հանքի շահագործումը կարող է անորոշ ժամանակով հայտնվել նախնական փակման փուլում, որից հետո այն կամ կվերաբացվի կամ էլ կարող է վերջնականապես դադարեցվել և փակվել»։

Երկրորդ հերթի ընդլայնվող բացահանքի համար հայցվող տարածքները ներառված են «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից հատվելիք 357 հեկտար անտառածածկ տարածքների սահմաններում: Ընկերությունը փոխարենը պետք է տնկեր 714 հեկտար անտառ, այդ տարածքից 180 հեկտարն ընդհանուր մակերեսով Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքների տարածքում իրականացնել պտղատու այգիների հիմնման աշխատանքներ։ Ըստ հաշվետվության՝ վերականգնվել է 548 հեկտար անտառ և տնկվել 129.078 հեկտարը այգի, մնացել է վերականգնել 36.92 հեկտար։

Բացահանքի արտադրական կարիքների համար Դեբեդ գետից տարեկան կիրականացվի 406.0 հազար խմ ջրառ։ Ըստ հաշվետվության՝ բացահանքի շահագործման արդյունքում արտադրական կեղտաջրերի արտահոսքը դեպի շրջակա միջավայր բացառվում է։

Կկառուցվի նոր գրունտային ավտոճանապարհ բացահանքի հարավ-արևելյան մասում՝ 1965 մետր, արևմտյան թևում՝ 345 մետր, հյուսիս-արևմտյան թևում՝ 977 մետր երկարությամբ։

Ընդլայնված բացահանքի նախագծի իրականացման դեպքում լցակույտերի համար նոր տարածքների օտարում չի նախատեսվում, կատարվելու է լցակույտերի բարձրացում։

Հեռացվող մակաբացման ապարների տարեկան քանակը 4500 հազար խմ է, որը   նախատեսվում է տեղավորել բացահանքի հարավ-արևմտյան մասում ընկած Դուքանաձոր գետի կիրճում: Այդ կիրճում, ըստ նախագծի, 2022 թվականի դրությամբ արդեն տեղավորված են 62443.311 հազար խմ մակաբացման ապարներ:

Բացահանքը կշահագործվի պայթեցման եղանակով, տարեկան կօգտագործվի 2692 տոննա պայթուցիկ։ Պայթեցումների հետևանքով տարեկան կարտանետվի 169.6 տոննա փոշի, 50.3 տոննա ազոտի երկօքսիդ, 34.32 տոննա ածխածնի օքսիդ։ Լցակույտից տարեկան արտանետումը կկազմի 463.5 տոննա։

Թեղուտի հանքարդյունաբերական համալիրի արտանետումներից տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատվում է տարեկան 81.1 միլիոն դրամ:

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի բացահանքի շահագործման աշխատանքների (բացահանքի ընդլայնում եվ ժամկետի երկարաձգում) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեջ նշված է. «Թեղուտի հանքն ունի թթվային ապարների դրենաժի առաջացման բարձր ռիսկ: Ավելին, ակնհայտ է, որ Հայաստանում կառավարության փոփոխությունը կհանգեցնի ավելի խիստ բնապահպանական օրենստդրության կիրառման: GRE-ն առաջարկում է, որ Թեղուտի ծրագիրը ԹԱԴ կառավարաման համար համապատասխան ռեսուրսներ հատկացնի և ջանքեր գործադրի, նույնիսկ Ծրագրի ժամանակավոր փակման դեպքում: Անկախ ներկա իրավիճակի հանգուցալուծումից, որը կապված է պոչամբարի և հանքի հավանական վերագործարկման հետ, կարևոր է, որ հանքն ունի ԹԱԴ կառավարման հուսալի ծրագիր: Global Resource Engineering խորհրդատվական ընկերությունը խորհուրդ է տալիս հանքաջրի պասիվ մաքրման ծրագրի մշակում և հանքափոսում պիլոտային կիսաարդյունաբերական մասշտաբի ԹԱԴ զսպում»:

Նշենք, որ թթվային դրենաժ նշանակում է, երբ հանքաքարում պարունակվող սուլֆիդների պարագայում առաջանում են թթուներ, որոնք քայքայում են ծանր մետաղները՝ առաջացնելով շրջակա միջավայրի համար ագրեսիվ թափոններ: Նրանք մեծ արագությամբ թափանցում են հող, ստորերկրյա ջրեր, գետեր ու լճեր՝ առաջացնելով կյանքի համար կործանարար երևույթներ։ Հայտնի է, որ թթվային դրենաժը գործնականում անհնար է դադարեցնել։ Զսպման միջոցառումները սովորաբար ուղղված են մշտական ​​մոնիթորինգին, որպեսզի թթվային դրենաժի նշանների հայտնաբերման դեպքում աշխատանքը տեղափոխվի այլ վայր: «Այլ վայր առանց սուլֆիդների պարունակության» հասկացություն գոյություն չունի այն հանքավայրի համար, որտեղ սուլֆիդները հանքաքարի մաս են կազմում: Քանի որ այս գործընթացը գրեթե անհնար է դադարեցնել, ընկերությունները պետք է ապացուցեն նախքան հանքավայրը բացելը, որ թթվային թափոններ չեն լինի: Գրականության մեջ նկարագրված են մի քանի տեխնոլոգիաներ, որոնք տեսականորեն կարող են զսպել թթվային դրենաժի առաջացումը: Այնուամենայնիվ, դրանք չափազանց թանկ են: Հաշվետվության մեջ թթվային դրենաժի զսպման ծրագիր մշակելու ընկերությանն ուղղված կոչը չպետք է սահմանափակվի պարզ ցանկությամբ, այլ պետք է պարունակի ռիսկերի նկարագրություն, իսկ առաջարկվող տեխնոլոգիաները պետք է ունենան զսպման միջոցառումների և դրանց արժեքի մանրամասն նկարագրություն:

Ապրիլ 01, 2023 at 11:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր