![Թալին համայնքի կլիմայական ռիսկերի գնահատումը](/files/news/2023/06/061516132874.jpg)
![Թալին համայնքի կլիմայական ռիսկերի գնահատումը](/files/news/2023/06/061516132874.jpg)
Արագածոտնի մարզի Թալին համայնքը խիստ խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ։ Այսպես, 2022 թվականին ամառային օրերի գումարային թվով առավելագույն շեղումը եղել է Թալին համայնքում՝ 71 օրով։ Իսկ 2021 թվականի հունիսի առաջին տասնօրյակից մինչև սեպտեմբերի վերջ Թալինում գրանցվել է շատ ուժեղ երաշտ։ Տեղումների քանակն այստեղ Հայաստանի նորմայից պակաս է շուրջ 60%-ով: Համայնքին բնորոշ են նաև կարկտահարությունը, հողերի դեգրադացիան և էրոզիան: Համայնքի ոռոգելի տարածքի 90%-ը չի ոռոգվում, արոտավայրերը գերարածեցված են։
Համայնքն ունի գյուղատնտեսական նշանակության 82 հազար 167,1 հեկտար հող, որից 790.58 հեկտարն անցել է էներգետիկայի և ընդերքօգտագործման տակ։ Այդ հողերի հիմնական մասը՝ 630 հեկտարը, հատկացվել է արևային կայանների կառուցման համար։ Դրանից 547.31 հեկտարը՝ Հայաստանում 200ՄՎտ հզորությամբ «Այգ-1» ամենամեծ արևային ֆոտովոլտային կայանի համար։ «Կանաչ» էներգետիկային ուղղված այս խոշոր ծրագիրը և արևային էներգետիկայի մյուս ծրագրերը գնահատված չեն կլիմայի փոփոխության տեսակետից: Նման պարագայում հնարավոր չէ գնահատել իրականացվող ծրագիրը ջերմոցային գազերի կրճատման տեսանկյունից։
160,581 հեկտար տարածք օգտագործվում է ընդերքօգտագործման նպատակով։ Այդ հողերի վրա շահագործվում է 25 ոչ մետաղական՝ հիմնականում տուֆի հանք։ Հանքերի ռեկուլտիվացիան, ըստ ՀՀ օրենսդրության, նախատեսվում է շահագործման ավարտից հետո։ Չնայած ՀՀ հողային, ընդերքի մասին օրենսգրքերով և ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված են հողերի պահպանության և աղտոտման կանխարգելմանն ու հանքերի ռեկուլտիվացմանն ուղղված դրույթներ, այնուամենայնիվ, գործնականում դրանք չեն կատարվում։ Հանքավայրերի երկարատև շահագործումն առանց հողերի պահպանման միջոցառումների իրականացման նպաստում է հողերի շարունակական դեգրադացմանը, ինչն իր հերթին առաջացնում է անապատացում, հողերում պահպանվող ածխածնի արտանետում: Հանքավայրերից մթնոլորտային օդ արտանետվող փոշու, ինչպես նաև տեխնիկական միջոցներից արտազատվող վտանգավոր նյութերի մոնիտորինգ չի իրականացվում։
Համայնքի խոցելիությունը կլիմայի փոփոխության նկատմամբ ավելի է սրանում անտառածածկի բացակայության պատճառով։ Անտառային ֆոնդի հողերը կազմում են համայնքի ընդհանուր տարածքի ընդամենը 1 տոկոսը՝ 1082,09 հեկտար։
Հաշվի առնելով խիստ կլիմայական պայմանները՝ Թալին համայնքը կարիք ունի անտառածածկ տարածքների, իսկ համայնքում իրականացվող ծրագրերը և միջոցառումները պահանջում են հստակ գնահատականներ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման տեսանկյունից։ Հողային ռեսուրսների կայուն կառավարումը ևս կարևոր է ջերմոցային գազերի արտանետումների և անապատացման դեմ պայքարի տեսանկյունից։ Համայնքին անհրաժեշտ են կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումներ։
Հունիս 15, 2023 at 13:06