Մոլորակի հողերի 40 տոկոսը դեգրադացված է․ անապատացման խնդիրն աշխարհում և Հայաստանում

Մոլորակի հողերի 40 տոկոսը դեգրադացված է․ անապատացման խնդիրն աշխարհում և Հայաստանում

Երկիր մոլորակի վրա դեգրադացված հողերը հասնում են 40 տոկոսի, իսկ մինչև 2050 թվականը երաշտները կարող են ազդել աշխարհի բնակչության ավելի քան երեք քառորդի վրա։

«Այս իրավիճակը վտանգում է սննդամթերքի արտադրությունը, սպառնում կենսաբազմազանությանը և սրում կլիմայական ճգնաժամը», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ, որը նշվեց հունիսի 17-ին։

Անապատացումը գլոբալ էկոլոգիական հիմնախնդիր է, որը բնութագրվում է որպես չորային շրջաններում հողի դեգրադացիայի եզրափակիչ փուլ, երբ նվազում կամ վերանում է տվյալ տարածքի կենսաբանական կարողությունը: Կանխատեսվում է, որ կլիմայի փոփոխությունն ավելի կսրի անապատացման խնդիրը։

Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է «Այս հողը կնոջ հողն է»/ This land is #HerLand։

«Ժամանակն է, որ կանայք և աղջիկները լինեն հողը վերականգնելու և երաշտի նկատմամբ դիմակայունություն ստեղծելու համաշխարհային ջանքերի առաջնագծում», - նշում է ՄԱԿ-ը:

«Անկայուն հողագործության պատճառով հողերի էրոզիայի տեմպերը հարյուր անգամ գերազանցում են բնական գործընթացների շրջանակներում դրանց վերականգնման տեմպերը։ Հողի վատ կառավարման հետևանքով ամենից շատ տուժում են կանայք և աղջիկները։ Նրանք տառապում են պարենային և ջրային անապահովությունից և հարկադիր միգրացիայից։ Շատ երկրներում օրենքներն ու պրակտիկան արգելում են կանանց և աղջիկներին հող ունենալ, սակայն այն երկրներում, որտեղ կանայք և աղջիկները հնարավորություն ունեն, նրանք վերականգնում և պաշտպանում են հողը, այն դարձնում են ավելի արդյունավետ և դիմացկուն երաշտի նկատմամբ, ինչպես նաև ներդրումներ են կատարում առողջության, կրթության և սննդի ոլորտում», - ասել է Անտոնիո Գուտերեշը՝ կոչ անելով կառավարություններին միասին աշխատել՝ դադարեցնելու հողերի դեգրադացումը մինչև 2030 թվականը։

Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Անապատացման դեմ կոնվենցիայի լիիրավ անդամ է: ՀՀ-ում դեռ 2015թ․-ին ընդունված անապատացման դեմ պայքարի ռազմավարության համաձայն` Հայաստանի տարածքի 48.8 %-ն անապատացվում է, 24.3 %-ը գտնվում է անապատացման ռիսկի գոտում, միայն տարածքի 22.6 %-ի վրա անապատացման պրոցեսներն արտահայտված չեն: Հայաստանում 2022 թվականին ուժեղ և շատ ուժեղ կարգի երաշտներ են դիտվել  Արարատյան դաշտում և Արագածոտնի մարզում։

Հայաստանում անապատացման գործընթացին նպաստում են  գյուղատնտեսությունը` ոռոգման անարդյունավետության հետևանքով առաջացող ջրի կորուստները, հողի աղակալումը, էրոզիան, գյուղատնտեսական թափոններով աղտոտումը, հանքարդյունաբերությունը: Սա հանգեցնում է էկոհամակարգերի դեգրադացիայի, կենսաբազմազանության փոփոխության և կորուստի։ Փայտանյութի բարձր պահանջարկի հետևանքով անտառհատումները դեռևս գերազանցում են անտառի բնական վերականգնման ծավալները:

Հանքարդյունաբերության դեպքում հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և պոչամբարներով: Ըստ ՀՀ հողային հաշվեկշռի՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը 2009 թվականին կազմել են 29.36 հազ.հա, 2011 թ.-ին` 33.0 հազ.հա, 2012 թ.-ին` 33.6 հազ.հա, 2013 թ.-ին` 34.9 հազ.հա, 2014 թ.-ին՝ 36.4 հազ.հա, 2020 թ․-ի դրությամբ հասել են 38․64 հազ․ հա։ Այսինքն՝ օգտագործվող հողատարածքների մակերեսն աստիճանաբար մեծանում է, հատկապես՝ ընդերքօգտագործման հողերի հաշվին:

Հիդրոէներգետիկան, որի դեպքում որոշ ՓՀԷԿ-եր չեն պահպանում ջրի թույլատրելի էկոլոգիական թողքերի սահմանված չափաքանակները, հանգեցնում է գետերի Էկոհամակարգերի դեգրադացման:

Որպես այս գլոբալ խնդրի լուծում առաջարկվում է հասնել հողերի չեզոք դեգրադացիայի։ Հայաստանը, ի թիվս 123 երկրների, ներգրավված է հողերի չեզոք դեգրադացիայի վիճակին հասնելու գործընթացում։ Դա մի վիճակ է, երբ հողային ռեսուրսների որակը և քանակը, ինչն անհրաժեշտ է էկոհամակարգային ֆունկցիաների և ծառայությունների ապահովմանը և պարենային անվտանգության բարձրացմանը, մնում է կայուն կամ աճում ըստ սահմանված ժամանակային և տարածական մասշտաբների և էկոհամակարգերի։

Հունիս 20, 2023 at 14:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր