Կայացել է Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի հերթական նիստը

Կայացել է Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի հերթական նիստը

www.eiti.am

2023թ. հունիսի 29-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի՝ ԲՇԽ-ի հերթական նիստը: Նիստը կայացել է Հայաստանի ԱՃԹՆ-ի  վավերացման նախօրեին, ուստի օրակարգի առաջնային հարցերից մեկը ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարություն  ուղարկվելիք վավերացման հարցաթերթիկների բովանդակության և դրանցում ԲՇԽ-ի ինքնագնահատականի հետ կապված քննարկումներն էին: Նիստում արձանագրվել է, որ լրացված հարցաթերթիկները պետք է առավելագույնս արտացոլեն Հայաստանի ԱՃԹՆ-ի անցած 3 տարվա անցած ճանապարհը, որի վերաբերյալ ԱՃԹՆ-ի միջազգային համայնքն ունի արդեն ձևավորված կարծիք՝ Հայաստանը համարվում է  ԱՃԹՆ-ի առաջատար երկրներից մեկը: Հ.Հարությունյանը արձանագրել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի բազմաշահառու խումբը դեռ աշխատանքի մեծ ծավալ ունի իրականացնելու համար,  այնուամենայնիվ,  Հայաստանը կարողացել է ապահովել ԱՃԹՆ-ի Ստանդարտի բոլոր պահանջները և հուսով է, որ վավերացման միջազգային թիմի գնահատականը էականորեն չեն  փոփոխի  Հայաստանի գրաված դիրքը:  Ընդհանուր կոնսենսուսով ԲՇԽ-ի անդամները ընդունեցին Վավերացման լրացված հարցաթերթերի նախագծերը, ինչպես նաև  հայտարարություն՝ առկա նիստերի հաճախականության մասին, ըստ որի այսուհետ պետք է խստորեն պահպանվի ԲՇԽ-ի աշխատակարգում սահմանված տարեկան առնվազն 3 առկա նիստ անցկացնելու  պահանջը:

Նիստի նախագահողն անդրադարձավ նաև ս.թ. հունիսի 12-15-ը Սենեգալում անցկացված ԱՃԹՆ-ի համաշխարհային համաժողովին  Հայաստանի մասնակցությանը: Հ.Հարությունյանը գոհունակությամբ փաստել է, որ  առաջիկա 3 տարում ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդում Հայաստանն է ներկայացնելու ԱՃԹՆ-ի եւրոպական երկրների խմբակցությունը: Այդ կարևոր դերակատարումն իրականացնելու է ազգային քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը, որը Դաքարում՝ ԱՃԹՆ-ի գլոբալ համաժողովին ընտրվել է որպես միջազգային խորհրդի անդամ:

Նիստի օրակարգի կարևոր հարցերից էր նաև տվյալների համակարգված բացահայտումների տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքների ընթացքը, որի վերաբերյալ ԲՇԽ-ի կայացրած որոշումները, մասնավորապես համակարգի  տեխնիկական առաջադրանքի հաստատումը, ինչպես նաև պահանջվող աշխատանքային և գնահատող  խմբերի ստեղծման վերաբերյալ համաձայնությունը, զգալիորեն առաջ կմղեն ԱՃԹՆ-ի ազգային առաջնահերթություն համարվող նպատակներից ևս մեկը:

Նիստում քննարկվել են նաև ԱՃԹՆ-ի ընթացիկ գործունեության հետ կապված այլ հարցեր, որոնց վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել բազմաշահառու խմբի՝ կառավարության, ընդերքօգտագործող ընկերությունների և քաղաքացիական հասարակության խմբակցությունների անդամները:

Նիստի ժամանակ ընդունված փաստաթղթերը հասանելի են այստեղ: Նիստի արձանագրությունը կրապարակվի ԲՇԽ-ի աշխատակարգում սահմանված ժամկետներում։

Հուլիս 06, 2023 at 15:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր