Ադրբեջանական բնապահպանական հասարակաական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի կողմից իրականացվող հանքարդյունաբերական գործունեությունը, որը «խաթարում է Հարավային Կովկասում բնապահպանական կայունությունը»:
Մասնավորապես՝ ադրբեջանցիները կոչ են արել Հայաստանի Հանրապետությանը՝ անհապաղ դադարեցնել մի շարք ձեռնարկությունների, այդ թվում՝ Քաջարանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սոթքի ոսկու հանքի, Ախթալայի հանքավայրի, Գեղարքունիքի պղնձաձուլարանի գործունեությունը, ինչպես նաև Երասխում նոր մետալուրգիական գործարանի կառուցումը: Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել «ԷկոԼուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանին։
- Տիկի՛ն Զարաֆյան, ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանցի բնապահպանների նամակի բովանդակությունը։ Իրականության հետ աղերս ունի՞։
- Ադրբեջանական հերթական բնապահպանական մանիպուլացիան է, նրանց էկոլոգների հայտարարությունները դիտարկում եմ քաղաքականության տեսանկյունից, որը բնապահպանության հետ որևէ աղերս չունի։ Մենք երբեք չենք տեսել, որ ադրբեջանցի բնապահպանները հանդես գան իրենց երկրի այդքան լուրջ էկոլոգիական խնդիրների մասին։ Ադրբեջանը, և՛ նավթի, և՛ գազի արդյունահանման հետ կապված, էական լուրջ խնդիրներ ունի։ Այն կազմակերպությունները, որոնք դիմել են Նիկոլ Փաշինյանին, երբեք որևէ էկոլագիական միջազգային հանդիպումներում չենք տեսել։ Ինձ մոտ տպավորություն է, որ ինչ-որ անհայտ մարդիկ հանդես են գալիս էկոլոգների անունից և կատարում են Ադրբեջանի կառավարության պատվերը։ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության կա, որը միջազգային լուրջ գործընթաց է և դրան անդամակցում է նաև Հայաստանը, իսկ Ադրբեջանը դադարեցրել է իր անդամակցությունը, որպեսզի իրենց երկրում մոնիթորինգներ չլինեն։ Բացի այդ, իրապես մտահոգ աշխատակցները դադարել են ներկայացնել Ադրբեջանը և այդ գործն անում են անկախ։
- Իսկապե՞ս մեր հանքարդյունաբերության ոլորտն ունի այնքան խնդիր, որքան նշվում է։
- Քաղաքական պատվերով գրված բնապահպանական նյութի մեջ ուսումնասիրել, թե որն է ճիշտ և որը սխալ՝ անիմաստ է։
- Ադրբեջանական ՀԿ-ները հղում են անում Հայաստանի ՀԿ-ներին։ Հասարակության մոտ տպավորթյուն է ստեղծվում, որ մեր բնապահպանները և ադրբեջանցի բնապահպանները նույն խոսույթն ունեն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Մեր մոնիթորինգների փաստական հիմքերը հրապարակված են։ Այո՛, մենք հանքարդյունաբերության ոլորտում ունենք լուրջ խնդիրներ։ Մենք հրապարակում ենք տվյալները, թե այն ինչպիսի ազդեցություն ունի մեր տարածքում։ Դրա համար կան միջազգային իրավական մեխանիզմներ։
- Մեր նախորդ հարցազրույցում, որը Ամուլսարի հանքը շահագործելուն էր վերաբերում, Դուք նշում էիք, մոտավորապես նույն խնդիրները, ինչ հիմա ադրջեջանցիներն են մատնանշում։ Համընկնումն ինչո՞վ է պայմանավորված։
- Օրինակ, մենք նշում ենք, թե ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Ջերմուկի վրա, բայց չենք կարող ենք ասել, թե ինչ ազդեցություն դա կունենա Ադրբեջանի տարածքի վրա։ Առնվազն մասնագիտական չէ՝ հղում անել մեր ՀԿ-ների վրա, իրենց տարածքի մասին ինչ-որ բան գրելու համար։ Ադրբեջանը որևէ անգամ թույլ չի տվել, որ իր տարածքում միջազգային մոնթորինգ անցկացվի։ Առանց փաստերի՝ քաղաքական հրապարակումներ են։ Երբ 2000-ականներին կառուցվում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, բնապահպանական խնդիրների մասին խոսում էին միայն վրացի բնապահպանները, բայց Ադրբեջանում այդ խնդիրններն ավելի շատ էին։
Հուլիս 12, 2023 at 13:01