Մեղրաձորում բացահայտվել է ծանր մետաղների բարձր պարունակություն շրջակա միջավայրում և մարդու օրգանիզմում

Մեղրաձորում բացահայտվել է ծանր մետաղների բարձր պարունակություն շրջակա միջավայրում և մարդու օրգանիզմում

Մեղրաձոր բնակավայրում բացահայտվել է ծանր մետաղների բարձր պարունակություն շրջակա միջավայրում և մարդու օրգանիզմում։

Հետազոտությունն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակում՝ չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության և հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի տարածքում «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվում է Մեղրաձորի ոսկու հանքավայրը, ոսկու հարստացուցիչ ֆաբրիկան՝ իր պոչամբարով։

2022 թվականին Մեղրաձոր բնակավայրում փորձանմուշներ են վերցվել Մեղրաձորի հանքավայրի լցակույտերից, հարակից հողերից, գետային նստվածքներից, մեղրաձորցիների այգիներից, ինչպես նաև կենսաբանական նմուշներ տեղի բնակիչներից։ Փորձանմուշները հետազոտվել են Չեխիայում՝ պետական սերտիֆիկացված լաբորատորիաներում:

Հետազոտությունների արդյունքները ներկայացրեց «Առնիկա» կազմակերպությունից ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն։ Նա նշեց, որ հետազոտվել են 10 մետաղների պարունակությունը և ներկայացրեց ամենամեծ ազդեցություն ունեցող տարրերի պարունակության վերաբերյալ տվյալները։

Մկնդեղ (As)

Հողի փորձնմուշներում հայտնաբերվել է մկնդեղի բարձր պարունակություն: Մկնդեղի ամենաբարձր պարունակությամբ նմուշում կոնցենտրացիան կազմել է 20 մգ մկնդեղ՝ 1 կգ չոր քաշի դիմաց։ Սեփական այգիներից վերցված նմուշներում նույնպես հայտնաբերվել է մկնդեղ։ Հողի բոլոր նմուշներում մկնդեղի կոնցենտրացիան գերազանցում է Հայաստանի հողերի համար սահմանված ստանդարտները:

Մեղրաձորի տարածքում բնակավայրերի հարևանությամբ կուտակված թափոններից վերցված նմուշներում մկնդեղի կոնցենտրացիան հասնում է 36,1 մգ-ի և 39,7 մգ-ի՝ 1 կգ չոր քաշի դիմաց։

Ոսկու հանքից դուրս հոսող ջրային հոսքից վերցված հատակային նստվածքների փորձանմուշներում մկնդեղի կոնցենտրացիան կազմում է 29,6 մգ մկնդեղ՝ 1 կգ չոր քաշի դիմաց։

Կապար (Pb)

Հողի փորձանմուշներում կապարի կոնցենտրացիան գերազանցում է համաշխարհային միջին և Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները: Ամենաբարձր կոնցենտրացիան՝ 42 մգ կապար 1 կգ չոր քաշի դիմաց, հայտնաբերվել է սեփական այգուց վերցված հողի փորձանմուշում։

Քրոմ (Cr)

Հողի նմուշներում քրոմի կոնցենտրացիան չի համապատասխանում քրոմի Հայաստանի հողային չափանիշներին:

Պղինձ (Cu)

Պղնձի բարձր կոնցենտրացիա է հայտնաբերվել կուտակված թափոններից, ինչպես նաև ոսկու հանքավայրից դուրս հոսող ջրային հոսքի հատակային նստվածքներից վերցված նմուշներում։ Պղնձի ամենաբարձր կոնցենտրացիան հասնում է 191 մգ պղնձի՝ 1 կգ չոր քաշի դիմաց։ Սա ցույց է տալիս, որ ոսկու հանքավայրը պղնձով աղտոտման աղբյուր է։

Սնդիկի (Hg), նիկելի (Ni) և ցինկի (Zn) բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերվել նաև ոսկու հանքից դուրս հոսող ջրային հոսքի հատակային նստվածքներում։

Կենսաբանական նմուշներ

Մկնդեղ(As)

Տեղի բնակիչներից վերցված կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ։

Մեզի մեջ մկնդեղի ամենաբարձր մակարդակը հասուն կնոջ մոտ հասնում է 75 մկգ մկնդեղի 1 գ կրեատինինի դիմաց: 5 տարեկան տղայի մոտ մկնդեղի կոնցենտրացիան հասնում է 37 մկգ-ի 1 գ կրեատինինի դիմաց։

Կապար (Pb)

Կապարը հայտնաբերվել է գրեթե բոլոր նմուշներում, իսկ կանանց խմբում կապարի մակարդակը մի փոքր ավելի բարձր է եղել, քան տղամարդկանց խմբում, և միջինը կազմել է 2 և 1,89 մկգ կապար 1 գ կրեատինինի դիմաց։

Կադմիում (Cd)

Կադմիումը հայտնաբերվել է ինչպես կանանցից, այնպես էլ տղամարդկանցից վերցված կենսաբանական նմուշների մեծ մասում:

Սնդիկ (Hg)

Նմուշներից մեկում հայտնաբերվել է սնդիկի բարձր խտություն՝ 0,293 մգ սնդիկ 1 կգ քաշի դիմաց։

Պղինձ (Cu)

Կենսաբանական նմուշներում պղինձը հայտնաբերվել է միջինից բարձր կոնցենտրացիաներում:

Նիկել (Ni)

Նիկել հայտնաբերվել է մեզի գրեթե բոլոր նմուշներում։

«Ոսկու հանքավայրի լքված տեղամասից դուրս հոսող ջրի հատակային նստվածքներում և հողում հայտնաբերվել է հետազոտվող էլեմենտների մեծամասնության բարձր պարունակություն։ Հետազոտվել են ընդհանուր տաս էլեմենտներ՝ մկնդեղ, կադմիում, կապար, սնդիկ, նիկել, պղինձ, քրոմ, ցինկ, երկաթ և մոլիբդեն։ Հետազոտված էլեմենտների՝ մկնդեղի, կապարի, սնդիկի, քրոմի և նիկելի ամենաբարձր կոնցենտրացիաները հայտնաբերվել են հանքից դուրս հոսող ջրի հատակային նստվածքում։ Առանձին էլեմենտների բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերվել նաև բնակիչների տնամերձ հողամասերից վերցված նմուշներում։ Կենսամոնիթորինգի արդյունքները ցույց են տվել ծանր մետաղների բարձր պարունակություն նաև մարդկանց օրգանիզմում՝ մասնավորապես փոքր երեխայից և մեծահասակ կնոջից վերցված կենսանուշներում։ Կենսամուշների հետազոտությունը բացահայտել է աղտոտվածություն նաև սնդիկով, կապարով, կադմիումով», - ներկայացրեց Վալերիա Գրեչկոն։

«Շոկի մեջ ենք, որ այսքան վատ էլեմենտներ կան մեր օրգանիզմում...,» - արձագանքեց Մեղրաձորի բնակչուհին։

«Գիտեինք, որ թունավոր նյութերի խտությունը մեծ է, մարդկանց առողջությանը վնասում է, բայց չէինք պատկերացնում, որ այս աստիճանի: Շատ մտահոգվեցի, որովհետև տեսա, թե ինչ բարձր խտությամբ սնդիկ, կապար և այլ վնասակար նյութեր կան այն միջավայրում, որտեղ ապրում ենք մենք, մեր երեխաները: Եվ ավելի սարսափելի է, որ դպրոցի հատվածում էին ամենա բարձր ցուցանիշները: Դա ինձ ապշեցրեց, տխրեցի շատ»,- ասաց տեղի բնակիչ Հասմիկ Պետրոսյանը։ Նա նշեց, որ պետությունը պարտավոր է այս խնդիրն իր ուշադրության կենտրոնում պահել. «Առողջապահության, շրջակա միջավայրի նախարարությունները պետք է այս խնդրով լրջագույն զբաղվեն, որովհետև մարդը բարձրագույն արժեք է և մարդու առողջությունից կարևոր հարց չկա»:

«Անպայման կդիմենք պատկան մարմիններին․․․հատկապես ցավալի է, որ աճող սերունդն այս պայմաններում է մեծանում, դա շատ վատ է»,- նշեցին բնակիչները:

Մեղրաձորի վարչական ղեկավար Վոլոդյա Հովհաննիսյանը նշեց․ «Պետք է մտածել՝ ինչ անել, որ այս ցուցանիշները չշատանան կամ գոնե նվազեն»։ 

Ըստ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի՝ բնակիչները պետք է պահանջեն իրենց առողջության գնահատում։



Դեկտեմբեր 13, 2023 at 17:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր