«Կան խոշոր աշխատատեղերի ստեղծման մի շարք ծրագրեր։ Օրինակ՝ Ամուլսարը, որը ենթադրում է, որ մոտ 1000 նոր աշխատատեղ կբացի Վայոց ձորի մարզում։ Պլանավորում ենք, որ այս տարի շինարարական աշխատանքները կավարտվեն, և Ամուլսարն արդեն որպես հանք կաշխատի», - ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որը թույլ կտա շահագործել Ամուլսարի հանքավայրը։ Այդ հուշագրով ՀՀ կառավարությունը կստանա «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12․5 տոկոսը։
Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը տարիներ շարունակ բոյկոտում են ազդակիր համայնքների բնակիչները և բնապահպանները։ Տեղացիները վստահ են, որ ծրագրի իրագործումն անդառնալի վնասներ կհասցնի հայտնի Ջերմուկ առողջարանային քաղաքին, կաղտոտվեն շրջանի գետերն ու ջրամբարները և Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լիճը։ Վերջերս Ջերմուկի բնակիչները նամակով դիմել են Եվրասիական զարգացման բանկին՝ Ամուլսարի ծրագրի հնարավոր ֆինանսավորման վերաբերյալ և նշել ծրագրի ռիսկերը ու իրենց բացասական կարծիքը։ Իսկ Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը հորդորել է ՀՀ կառավարությանը դադարեցնել Ամուլսարում հանքի հետ կապված աշխատանքները և նոր ՇՄԱԳ իրականացնել։
Հունվար 09, 2024 at 16:37