

Սիրանուշ Պապյան, Lragir.am
Այսօր Սերժ Սարգսյանը կեսօրին կայցելի հայրենյաց սյունյաց լեռներ (ի դեպ, ոչ թե ավտոմեքենայով, այլ ուղղաթիռով), գալիս է միանգամից մի քանի նպատակներով` էլ Կապանում Կոնվերս բանկի բացում, էլ Գորիսում սրտաբանական հիվանդանոցի բացում եւ որ ամենակարեւորը` աշխարհի ամենամեծ եւ բացառիկ ճոպանուղու բացմանը: Բանն այն է, որ Տաթեւի բնակիչներին արգելել են տներից դուրս գալ, ասում են` ընդամենը երեք գյուղապետ է հրավիրված, իսկ կապանցիներն էլ գիտեն, որ փողոցներն ուղղակի խցանումներից «կպայթեն»:
Բացի այդ, Կապանի հյուրանոցներում արդեն տեղ չկա, Սերժ Սարգսյանի այս մի քանի արարողությունները լուսաբանելու համար Երեւանից ժամանած լրագրողներին տարել են Քաջարան, քանի որ Կապանի հյուրանոցներում պարզապես տեղ չի եղել գիշերելու:
Կապանում ճոպանուղու մասին ոչ լավ են խոսում, ոչ էլ վատ. «Ջիգյար, գուդըմս, էդ մեր համա՞ր ա կառուցվել, վերխուշկի համար ա», ասում է կապանցի Անուշ տատը, ով կարծում է, որ կառուցված ճոպանուղուց իրենց համար ոչ տաք կլինի, ոչ էլ պաղ: Կապանում շատերը Սերժ Սարգսյանի այցից առանձնապես ակնկալիք չունեն, ասում են` ի՞նչ ա անելու, ի՞նչ ա արել էսքան ժամանակ: Այստեղ վաղուց արդեն չեն հավատում այս տեսակ այցերին, նույնիսկ կարծիք են հայտնում, որ Սերժ Սարգսյանը իր նախընտրական քարոզարշավն է սկսել, պարզապես դեռ որ առանց 5000 դրամի:
Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրով նախատեսվում է Կապանում կառուցել բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր. Սերժ Սարգսյանն այսօր այդ կարմիր թելն էլ կկտրի, հիմնարկեքի արարողություն կկազմակերպի, սակայն շենքը, որը կառուցվելու է, կապանցիների մոտ մի հարց է առաջացնում` ո՞ւմ համար է կառուցվելու. «Խոխա ջան, սրանք մեզ լավություն անող չեն, էդ թագավորը մի անգամ մտածել ա՞` մենք ոնց ենք ապրում, որ սաղ Կապանը դատարկվել ա ու դատարկվում ա, որ երիտասարդները գնում են ու չեն գալիս, հնչի՞ ա կառուցում», նշում է Գրիշ պապը, ում ոչ մի թոռ կողքին չեն, ինչպես ինքն է ասում` Ռուսաստաններում են:
Սակայն կապանցի մյուս երիտասարդները մեզ հետ զրույցում նշեցին, որ Կապանը չորս կողմից էկոլոգիական աղետի շեմին է, երբ մի կողմից Կապանի հանքերի շահագործումը, մյուս կողմից Զարգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործումը, Շահումյան բանավանի հանքերն են պայթեցվում /ի դեպ, Շահումյանի բանավանից շատեր են արդեն հեռացել/, իսկ որ ամենակարեւորն է`Լեռնաձորում ուրանի հնարավոր շահագործումն արդեն բոլորի մոտ քաղաքը լքելու մեծ ցանկություն են առաջացրել... ո՞վ է մնալու Կապանում. «Այնպես որ, անիմաստ ա կառուցում, մինչեւ կառուցի, ուրանը կշահագործեն, ու մենք բոլորով կգնանք, թող գան ուրան հանեն ու էդ պաշարներով, էս կարիեր հանքերով, էս մոլիբդենոտ օդով ուրխանան, ապրին, եթե կարան, ուղղակի շատ մեղք ենք էլի, հո՞ւնց պիտի ապրենք, հո՞ւմ տի տիրենք», ասում են տեղացիները:
Երիտասարդ Արմենը արդեն հասցրել է հերթագրվել, սակայն անկեղծորեն խոստովանում է, որ այդքան գումար դեռ չգիտի` որտեղից է գտնելու:
Ի դեպ, բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի հիմարկեքի արարողությանն առանց շոու-բիզնեսի աստղերի մասնակցության Սերժ Սարգսյանը չի խիզախել գալ` Լեյլա Սարիբեկյան, Անուշ-Ինգա Արշակյաններ, Արսեն Գրիգոյան /Մրո/ եւ ուրիշներ:
Մի ուշագրավ փաստ եւս. Բանն այն է, որ մինեւ ապագա կառուցվող շենքի տեղը որոշելը շատ խոսակցություններ են եղել. Բանն այն է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ամեն ջանք գործադրել է, որ շենքային համալիրը ոչ թե Կապանում, այլ Գորիսում կառուցվի` մի քանի անգամ պատճառաբանելով, որ կապանցիներն աղքատ են, փող չունեն: Սակայն սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը /որն, ի դեպ, կապանցի է/ պայքարել է, որ շենքը Կապանում կառուցվի:
Այս պահից սկսած մարզպետի եւ փոխնախարարի միջեւ “կատու” է անցել:
Սերժ Սարգսյանը պետք է մասնակցեր նաեւ Մեղրի եւ Իրան հէկի բացման արարողությանը, որը ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունենում, իսկ թե ինչու, պաճառաբանություններ դեռ չեն տալիս:
15/10/2010
Հոկտեմբեր 18, 2010
