

«Հաջողակ կին» ՀԿ-ն ներկայացնում է հանքարդյունաբերության ազդեցությունը կանանց կյանքի վրա՝ առողջապահական, տնտեսական, բնապահպանական և սոցիալական ոլորտներում։
Հետազոտությունը բացահայտել է մի շարք կարևոր խնդիրներ․
Առողջապահական ոլորտում ամենառիսկային գոտում՝ ըստ բնակիչների և առանցքային տեղեկատուների, հայտնվել են կանանց վերարտադրողական առողջությունը, քրոնիկ հիվանդությունները, քաղցկեղածին հիվանդությունները։ Տնտեսական ոլորտում, չնայած ստեղծված աշխատատեղերին, կանայք հիմնականում ներգրավված են ցածր վարձատրվող՝ օժանդակ պաշտոններում։ Հանքարդյունաբերությունը զգալի ազդեցություն է ունեցել գենդերային ավանդական դերերի վրա, թեև ոչ միշտ ուղիղ ձևով։ Եթե անգամ կանայք որոշել են աշխատել հանքարդյունաբերությունում կամ հրուշակագործությամբ զբաղվել, գեղեցկության ոլորտի աշխատանքներով, այս դեպքում ավանդական տնային պարտականությունները համապատասխանաբար չեն փոխվել։ Կանայք հաճախ բախվում են ավելացած բեռի, քանի որ պետք է հավասարակշռեն նոր տնտեսական պարտականություններն անփոփոխ տնային պարտականությունների հետ։ Նկատվել է ավանդական գյուղատնտեսական գործունեության խոցելիություն։ Շրջակա միջավայրի վատթարացումը՝ ջրի, հողի և օդի որակի անկումը, անմիջականորեն ազդում է կանանց կենսագործունեության վրա։ Մտահոգիչ է նաև որոշումների կայացման գործընթացներում կանանց սահմանափակ մասնակցությունը։
«Հետազոտությունը ցույց է տալիս, որ հանքարդյունաբերության կայուն զարգացման համար անհրաժեշտ է գենդերազգայուն քաղաքականության որդեգրում՝ ապահովելով կանանց հավասար հնարավորությունները, իրավունքների և շահերի պաշտպանությունը։ Ի վերջո, որքա՞ն պիտի հանքարդյունաբերության սրտում կանայք լուռ տառապեն», - նշում է «Հաջողակ կին» ՀԿ-ի նախագահ Հռիփսիմե Քոչարյանը։
«Հանքարդյունաբերության ոլորտը տղամարդկանց ոլորտ է, իսկ կանայք նման համայնքներում զարգանալու առավել սահմանափակ հնարավորություններ ունեն։ Հանքարդյունաբերական ազդակիր համայնքներում կանայք և երեխաները համարվում են ամենախոցելի խմբերը, քանի որ ամբողջ երեխայի հոգսն ընկնում է կնոջ ուսերին, իսկ երեխայի օրգանիզմը շատ նուրբ է և շատ շուտ է ընդունում բոլոր ազդեցությունները»,- նշում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։
Հետազոտությունն իրականացել է Հայաստանում կանանց հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
«Հաջողակ կին» ՀԿ-ն իր գործունեությունում առաջնահերթ կարևորում է կանանց դերի բարձրացումը սոցիալ-էկոլոգիական և տնտեսական զարգացման գործընթացներում որպես այլընտրանքային զարգացման հնարավորություն։ Կազմակերպությունը մշակում է կայուն տնտեսական զարգացման քաղաքականություններ՝ խթանելով գենդերազգայուն մոտեցումները կանաչ տնտեսության, անձնային աճի և բնապահպանության ոլորտներում։
Դեկտեմբեր 10, 2024 at 09:44
