Կապանի ավագանին՝ կողմ, իսկ Արծվանիկի 177 բնակիչ դեմ է Արծվանիկի պոչամբարի ընդլայնմանը

Կապանի  ավագանին՝ կողմ, իսկ Արծվանիկի 177 բնակիչ դեմ է Արծվանիկի պոչամբարի ընդլայնմանը

Սույն թվականի դեկտեմբերի 10-ին Կապան համայնքի ավագանին 20 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ տվեց նախնական համաձայնություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվող Արծվանիկի պոչամբարի ընդլայնման գործունեությանը։ Ավագանու անդամ Սպարտակ Հարությունյանը, ով նիստին ուշանալու պատճառով չի մասնակցել քվեարկությանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին քվեարկությունից հետո փոխանցել է Արծվանիկի բնակիչների նամակը 177 ստորագրությամբ՝ ուղղված համայնքապետին և համայնքի ավագանու անդամներին: Ըստ Սպարտակ Հարությունյանի՝ ինքը Կապանի ավագանուն նախապես տեղեկացրել էր Արծվանիկում իրականացվող ստորագրահավաքի մասին:
 
Նամակում նշված է. «Մենք՝ Արծվանիկ գյուղի բնակիչներս, դեմ ենք Արծվանիկի պոչամբարի ընդլայնմանը, ուստի խնդրում և պահանջում ենք Կապան համայնքի ղեկավարից ու Կապան համայնքի ավագանու անդամներից, դեմ լինել ԶՊՄԿ ՓԲԸ-ի կողմից նախատեսվող Արծվանիկի պոչամբարի ընդլայնման նախագծին:
 
Հարգելի համայնքի ղեկավար, հարգելի ավագանու անդամներ,
կարծում ենք, որ դուք, որպես ժողովրդի ընտրյալներ, պետք է առաջնորդվեք ոչ թե ԶՊՄԿ-ի սեփականատերերի օրեցօր աճող ախորժակը և բիզնես շահերը պաշտպանելու մղումով, այլ ժողովրդի առաջ ունեցած պատասխանատվությունից, հարուստ և մեծ պատմություն ունեցող Արծվանիկ գյուղը ու նրա բնակիչների շահերը պաշտպանելու շահերից:
 
Փաստարկներն առ այն, որ ԶՄՊԿ-ն պատճառած վնասները փոխհատուցում է, ոչ միայն անտեղի են, այլ նաև՝ հակաբարոյական: Պատահական չէ, ոչ գյուղացիներն այդ տրամադրվող չնչին գումարները համարում են թաղման ծախսեր:
 
Կարծում ենք՝ ոչ մի սթափ դատող մարդու համար գաղտնիք չէ, որ պոչամբարի ընդլայնումը գյուղը վերացնելու գիտակցված կամ չգիտակցված ծրագիր է: Եվ եթե հաճախակի փոփոխվող սեփականատերերի համար առաջնայինն իրենց շահույթն է, և «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» գործելակերպը, ապա դուք պետք է առաջնորդվեք սեփական գյուղում ապրել կամեցող ժողովրդի շահերով:
 
Հարգելիներս, առաջնորդվեք ժողովրդի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ, առողջ գիտակցությամբ, խղճով և դեմ քվեարկեք գյուղակործան նախագծին»:
 
Ստորագրահավաքի թերթիկում բնակիչները նշել են ոչ միայն անուն ազգանունները, այլ նաև անձնագրերի սերիաները: Մենք անձնագրային տվյալները հեռացրել ենք՝ անձնական տվյալներ չհրապարակելու նկատառումներից ելնելով։


Դեկտեմբերի 10-ի նիստում Կապան համայնքի ավագանին 21 կողմ ձայներով ընդունեց ևս մեկ որոշում՝ Կապանի համայնքային սեփականություն հանդիսացող, Սևաքար, Չափնի, Արծվանիկ գյուղերում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ լեռնահատկացման ակտի սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)  հորատման աշխատանքների համար մինչև 2041 թվականի մայիս 30-ը տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին:

Այդ հողերն են՝ Սևաքարում 2․39593 հեկտար, որի համար տարեկան սահմանվել է 2 միլիոն 476 հազար 650 դրամ վարձավճար: Արծվանիկում 1.08764 հեկտար՝ տարեկան 1 միլիոն 124 հազար 290 դրամ վարձավճարով: Չափնիում 0.37169 հեկտար՝ տարեկան 384.220 դրամ վարձավճարով, և ևս 2.89933 հեկտար կրկին Չափնիում՝ տարեկան 2 միլիոն 997 հազար դրամով:

Դեկտեմբեր 13, 2024 at 13:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր