Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. ենթակառուցվածքներ և շրջակա միջավայրի ռիսկեր

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. ենթակառուցվածքներ և շրջակա միջավայրի ռիսկեր

2024 թ. նոյեմբերի 18-ին Կապանում տեղի ունեցան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ)՝ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման վերաբերյալ հայտի առաջին լսումները: Լսումների արձանագրության համաձայն՝ լսումների ընթացքում քննարկվել են ինչպես պոչամբարի ընդլայնման հարցերը, այնպես էլ՝ կոմբինատի գործունեության հեռանկարներն ու ռիսկերը, համայնքների նկատմամբ սոցիալական պատասխանատվության հարցերը։

«Գունավոր և հազվագյուտ տարրերի նկատմամբ աճող պահանջարկն առանց պատշաճ հսկողության և կայուն զարգացման հեռանկարների իր մեջ կրում է շրջակա միջավայրի աղտոտման ռիսկեր։ Այս տեսանկյունից առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել պատասխանատու հանքարդյունաբերությանը, թափանցիկությանը, համայնքների նկատմամբ հաշվետվողականությանը, քաղաքացիական հասարակությանը, պետության կողմից հսկողությանը։ Դրան նպաստում են հանրային լսումները, որտեղ բարձրացվում են սուր խնդիրներ, և կարող են տրվել լուծումներ»,- նշում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։

Ընդհանուր տեղեկություններ

ԶՊՄԿ-ն Հայաստանի և ողջ կովկասյան տարածաշրջանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկությունն է, որը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Հանքավայրի տարածքը կազմում է 421.2 հա՝ 550 միլիոն տոննա հանքաքարի պաշարով։ ԶՊՄԿ-ն 2016 թվականից արդյունահանում է տարեկան 22 միլիոն տոննա հանքաքար։

Հանքավայրի հիմնական տարրերն են պղինձը և մոլիբդենը։ Բացի այդ, հանքաքարը պարունակում է ոսկի, արծաթ, ռենիում, սելեն, տելուր, բիսմութ, ծծումբ։ Հանքաքարի որոշ տարրերի արժեքը չափազանց բարձր է միջազգային շուկաներում՝ հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի և էլեկտրամոբիլների արտադրության ոլորտներում տեղի ունեցող «բումը»։

Ներկայում ԶՊՄԿ-ի ենթակառուցվածքներում ընդգրկված են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, կոմբինատը, գործող Արծվանիկի պոչամբարը՝ 325 միլիոն խմ ծավալով, ինչպես նաև չգործող Ողջի, Փխրուտ և Դարազամ պոչամբարները, դատարկ ապարների լցակույտերը՝ «Սպիտակ-1», «Սպիտակ-2» և «Ձորատեղ»՝ ընդհանուր 163.6 միլիոն խմ ծավալով։

Կոմբինատից դեպի Արծվանիկի պոչամբար ձգվում է 37 կմ երկարությամբ պոչատար։ Պոչամբարի ազդեցության գոտում են գտնվում Քաջարան և Կապան քաղաքները, Սյունիք, Արծվանիկ, Սևաքար և Աճանան գյուղերը։

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ԶՊՄԿ-ի կողմից շահագործվող և շահագործված բոլոր 4 պոչամբարներն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեստրում գրանցվել են 2006թ․ օգոստոսի 15-ին։ Այդ օրենքին համապատասխան՝ ամեն տարի նմանատիպ օբյեկտները պետք է անցնեն տեխնիկական անվտանգության փորձաքննություն։ Պոչամբարները ստանում են փորձաքննական եզրակացություն, սակայն Արծվանիկի պոչատարի պարբերական վթարները փաստում են, որ այդ օբյեկտն իրականում անվտանգ չէ։ Վտանգ կա, որ  կոմբինատի օրեցօր աճող արտադրական ծավալների հետևանքով պոչամբարն առաջիկայում ծածկելու է հարյուրավոր հեկտար մակերեսով նոր հողատարածքներ։ Բացի հողատարածքների կորստից, խիստ մեծանալու է վտանգավոր նյութերով հողատարածքներից արտածծվող ստորերկրյա ջրերի աղտոտվածությունը:

Գործող պոչամբարի տեղադրման տարածքը պատկանում է սեյսմիկ I գոտուն՝ մինչև  8 բալ սպասվող առավելագույն արագացմամբ: Հետևաբար, ցանկացած ժամանակ երկրաշարժի հետևանքով պոչամբարը կարող են վնասվել:

Աղտոտումներ և թափոններ

Արտադրանքի մեջ օգտակար մետաղների կոնցենտրացիան բարձրացնելու նպատակով օգտագործվում են տարբեր քիմիական միացություններ, որոնց մի մասն արտանետվում է մթնոլորտ։ Մյուս մասը մնում է արդյունաբերական թափոններում և շրջակա միջավայր է թափանցում տեղումների հետ՝ ջրային հոսքերի միջոցով։ Արտադրական թափոնները տեղակայվում են պոչամբարներում, որոնց լիարժեք մեկուսացումը գործնականում անհնար է, քանի որ պոչամբարներից անընդհատ տեղի են ունենում արտահոսքեր և արտանետումներ։

Աղտոտման աղբյուր են նաև լցակույտերը և դատարկ ապարները, որոնցից կորզված են մետաղներն ու հազվագյուտ տարրերը: Կորզման տեխնոլոգիաները բավականին պարզ են: Հանքաքարը մանրացնում են և առանձնացնում ամենածանր ֆրակցիաները։ Դատարկ ապարներում մնում է որոշ քանակությամբ հանքային բաղադրություն, որը ժամանակի ընթացքում նույնպես թափանցում է շրջակա միջավայր։ Մթնոլորտ են արտանետվում՝ հանքաքարի փոշի, կրաքար, նատրիումի սուլֆիդ, քսանտոգենատի գոլորշիներ, մոլիբդենի կոնցենտրատի փոշի, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, աղաթթվի գոլորշիներ, ազոտական թթվի գոլորշիներ, ծծմբական թթվի գոլորշիներ, ոչ օրգանական փոշի, մանգանի օքսիդներ, կախովի մասնիկներ (մետաղական փոշի, եռակցման աերոզոլ, ածխաջրածիններ, մուր, ծծմբի երկօքսիդ, բենզապիրեն)։

Ըստ ԶՊՄԿ-ի տվյալների՝ տարին մեկ անգամ Արծվանիկի պոչամբարի հարակից տարածքներում չափում են հետևյալ տարրերի պարունակությունը՝ Li (լիթիում), Be (բերիում), B (բոր), Na (նատրիում), Mg (մագնեզիում), Al (ալյումին), ընդհանուր P (ֆոսֆոր), K (կալիում), Ca (կալցիում), Ti (տիտան), V (վանադիում), Cr (քրոմ), Fe (երկաթ), Mn (մանգան), Co (կոբալտ), Ni (նիկել), ինչպես նաև տարրերի բաղադրությունը՝ Cu (պղինձ), Zn (ցինկ), As (մկնդեղ), Se (սելեն), Mo (մոլիբդեն), Sn (անագ), St (ստիբիում), Mg (մագնեզիում), Cd (կադմիում), Ba (բարիում), Pb (կապար), Bi (բիսմութ)։

Շաբաթական մեկ անգամ մոնիթորինգ է իրականացվում Արծվանիկի պոչամբարի պարզեցվածքի ջրերից և Նորաշենիկ գետի մաքրված ջրերի արտաթողման վերևի և ներքևի կետերից, ինչպես նաև Կեռնի կտրման տեղամասից: Ողջի գետ են թափանցում Cu, Zn, Mo, Mn, Fe, Ca, Mg, NO, SO CL, կախյալ նյութեր:

Ամիսը մեկ անգամ չափվում է միայն թափոնների քանակը, որոնք տեղադրված են թափոնների ժամանակավոր պահեստավորման հարթակում և պոչամբարում։

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2022թ. տվյալների՝ Արծվանիկի պոչամբարի ազդեցության գոտու տարածքում ծանր մետաղների՝ վանադիումի, պղնձի, ցինկի, քրոմի, նիկելի, կապարի և մկնդեղի պարունակությունը գերազանցել են սահմանային թույլատրելի նորմաները։

Ողջի գետը՝ իր Արծվանիկ և Նորաշենիկ վտակներով, լեռնահանքային գործունեության ազդեցության գոտի է և ունի ամենաբարձր՝ 5-րդ դասի աղտոտվածության մակարդակ։

Բացի ԶՊՄԿ-ի ազդեցությունից, Ողջի գետի ջրերն աղտոտվում են նաև Կապանի Կենտրոնական (Կավարտ) լքված հանքավայրի թթվային ջրերով, Կապանի հարստացուցիչ կոմբինատի արդյունաբերական թափոններով և արտահոսքերով։

Աղտոտվածությունը կրում է բազմամյա բնույթ։ Սակայն առայժմ չկան քանակական հստակ ցուցանիշներ կոնկրետ առանձին աղտոտման աղբյուրի վերաբերյալ։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն՝

ա) Դարազամի պոչամբարի հողի մեջ առավելագույն սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) գերազանցումներ գրանցվել են մոլիբդենի պարունակության համար՝ 36 անգամ, կոբալտի՝ 8.4 անգամ և նիկելի՝ 8 անգամ։
բ) Կապան քաղաքի հողի մեջ պղնձի միջին պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն 4.1 անգամ, մկնդեղը՝ 4 անգամ, նիկելը՝ 2.5 անգամ, կապարը՝ 2.4 անգամ, մոլիբդենը՝ 1.94 անգամ։
գ) Քաջարան քաղաքից վերցված բանջարեղենի որոշ նմուշներում հայտնաբերվել է սնդիկի, կադմիումի և կապարի կոնցենտրացիաների գերազանցում սահմանային թույլատրելի նորմայից, ինչը կարող է առողջության համար վտանգ հանդիսանալ։
դ) Մեղրի նմուշներում հայտնաբերվել են 7 վտանգավոր տարրեր՝ Pb (կապար), Cd (կադմիում), As (մկնդեղ), Hg (սնդիկ), Cu (պղինձ), Zn (ցինկ) և Ni (նիկել), ինչպես նաև կայուն օրգանական աղտոտիչներ՝ հեքսաքլորցիկլոհեքսան (ՀՑԳ), դիքլորադիֆենիլտրիքլորեթան (ԴԴՏ) և դրա մետաբոլիտներ։

Քաղցկեղածին ռիսկի արժեքները երկու տարածաշրջաններում գերազանցել են 10−6 ռիսկի մակարդակը:

Սոցիալական պատասխանատվություն

Համաձայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի՝ 2021թ. ընթացքում ռոյալթի վճարած կազմակերպություններից ԶՊՄԿ-ի ազդակիր համայնքներ են սահմանվել Քաջարան համայնքի  Քաջարան, Քաջարանց, Լեռնաձոր, Ներքին Գիրաթաղ, Կավճուտ, Անդոկավան, Կաթնառատ, Նոր Աստղաբերդ և Գեղի բնակավայրերը, իսկ  Կապան համայնքից՝ Կապան, Արծվանիկ, Սյունիք, Աճանան, Սևաքար և Չափնի բնակավայրերը:

Ըստ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը ներկայացրած հաշվետվության՝ 2021թ. ընկերությունը Քաջարան համայնքում կատարել է  2 միլիարդ 17 միլիոն 817 հազար 886 դրամի ֆինանսական և ոչ ֆինանսական ներդրում։ Կապան համայնքում կատարել է 570 միլիոն 111 հազար 499 դրամի ֆինանսական և ոչ ֆինանսական ներդրում։

Ի պատասխան «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հարցման՝ ԶՊՄԿ-ի տնօրինությունը հայտնել է, որ 2023թ․ փետրվարի դրությամբ ԶՊՄԿ-ում աշխատում է 4607 մարդ։ Նաև հայտնել է, որ ընկերության գործունեության հետևանքով ազդակիր համայնքների բնակիչների առողջությանը «վնաս» չի հասցվում։ Ընկերության աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամներն օգտվում են առողջության ապահովագրության փաթեթից, որը ներառում է ախտորոշման և բուժման ամբողջական ցանկ։

Միևնույն ժամանակ 2021թ. ընկերությունը վճարել է՝

- Ռոյալթի՝ 39 միլիարդ 561 միլիոն 79 հազար 696 դրամ,

- Բնօգտագործման վճարներ՝ 32 միլիոն 563 հազար 968 դրամ

- Բնապահպանական հարկեր՝ 229 միլիոն 420 հազար 416 դրամ
- ԵԱՏՄ երկրներից ներմուծված ապրանքների համար բնապահպանական հարկեր՝ ըստ ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրի ՝ 3 միլիոն 808 հազար 604 դրամ
- ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծված ապրանքների համար բնապահպանական հարկեր՝ ըստ ներկայացված մաքսային հայտարարագրերի՝ 18 հազար 761 դրամ
- Շրջակա միջավայրի պահպանության հիմնադրամի համալրում՝ 19 միլիոն 434 հազար 939 դրամ

- Մշտադիտարկումների իրականացման վճար՝ 2 միլիոն 757 հազար 188 դրամ

Շարունակությունը՝ հաջորդ հրապարակման մեջ։

Գլխավոր լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբար

Հունվար 07, 2025 at 17:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր