«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պատասխանը ԷկոԼուրի հարցմանը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պատասխանը ԷկոԼուրի հարցմանը

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում էր ուղարկել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն և ընկերության բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանին սույն թվականի հունվարի 25-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վարչական շենքի առաջ կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ։

Հարցման մեջ նշված էր.
«Սույն թվականի հունվարի 25-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վարչական շենքի առաջ։ Ցուցարարները փակել են կոմբինատ տանող ճանապարհը։ Բողոքի ակցիայի մասնակիցները կոմբինատի ղեկավարությունից պահանջել են փոխհատուցել իրենց առողջական վնասները, վերականգնել 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին, աշխատանքի ընդունել զորացրված քաջարանցիներին, բարձրաձայնել են նաև Քաջարան համայնքի էկոլոգիական խնդիրները, մասնավորապես, փոշով աղտոտման խնդիրը: Նույն օրը եռակողմ հանդիպում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների, Քաջարանի համայնքապետարանի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ խնդրում ենք տեղեկացնել.

Ի՞նչ խնդիրներ է տեսնում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն բողոքի
ակցիայի մասնակիցների բարձրացրած հարցերի վերաբերյալ, արդյո՞ք  «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն
նախատեսում է բավարարել ներկայացված պահանջները.

- փոխհատուցել առողջությանը պատճառված վնասները
- Աշխատանքում վերականգնել 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին
- աշխատանքի ընդունել զորացրված քաջարանցիներին
- լուծել Քաջարան համայնքի՝ փոշով աղտոտման խնդիրը»:

Ի պատասխան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնից հատնել են. «Այսօր ԶՊՄԿ-ում աշխատում է 4607 մարդ, որից 2481-ը Քաջարան համայնքի բնակիչ են, 1629-ը՝ Կապան։ Միայն վերջին մեկ տարում Քաջարան համայնքից ԶՊՄԿ-ում աշխատանքի է ընդունվել 216 մարդ։ Նույն ժամանակաշրջանում աշխատանքի է ընդունվել նոր զորացրված 45 երիտասարդ։ Կարծում ենք, թվերն ինքնին խոսուն են։

ԶՊՄԿ նոր ղեկավարությունը որևէ առնչություն չունի 2021թ. աշխատանքից ազատված անձանց խնդրի հետ, քանի որ դա տեղի է ունեցել նախորդ ղեկավարության օրոք։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ընկերությունը մարդկային ռեսուրսների կառավարման հարցում առաջնորդվում է սեփական քաղաքականությունով և իր սոցիալական պատասխանատվության շրջանակում, առաջնություն է տալիս հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների զբաղվածության խնդրին։ Բոլոր որոշումների հիմքում դրվում է ընկերության արդյունավետության, արդար մրցակցության և համայնքների շահերի համադրումը։

Ինչ վերաբերվում է «փոխհատուցմանը», ապա կարևոր ենք համարում ընդգծել, որ «առողջությանը հասցված վնասի» մասին ցանկացած պնդում, չունի հիմնավոր ապացույց և վտանգավոր է, հաշվի առնելով, որ նման անհիմն պնդումները օգտագործվում են Հայաստանի դեմ։ Կարծում ենք, չկա գումարի այնպիսի չափ, որը կփոխհատուցի «առողջությանը հասցված վնասը»։ Առողջությունը գին չունի և մենք վստահ ենք, որ ընկերության գործունեության հետևանքով ազդակիր համայնքների բնակիչների առողջությանը «վնաս» չի հասցվում։ Նշենք, որ մեր աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները օգտվում են առողջության ապահովագրության լավագույն փաթեթից, որը ներառում է ախտորոշման և բուժման ամբողջական ցանկ։ Սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում մարզում ընկերոթյունն իրականացնում է նաև առողջապահական ոլորտի զարգացման և բարելավման բազմաթիվ ծրագրեր:

Մեր բոլոր ջանքերն ուղղված են տարիների ընթացքում կուտակված բնապահպանական խնդիրների աստիճանական լուծմանը։ Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ժամանակ, համատեղ ջանքեր և փոխադարձ վստահություն։ Կարծում ենք, այս առումով բոլորս համակարծիք ենք և պատրաստ կառուցողական աշխատանքի»։

Փետրվար 03, 2023 at 16:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր