

2022թ. փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին՝ առաջարկելով դրանք ընդգրկել փետրվարի 7-ի հերթական նիստերի օրակարգում:
Օրինագծերով նախատեսվում է կարգավորել սահմանային գետերի, մասնավորապես՝ Արաքս գետի ավազանից արդյունաբերական ավազի արդյունահանման գործընթացը: Ըստ «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ Արաքս գետի հունից իրականացված արդյունահանումների հետևանքով առաջանում են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր, որոնք առաջացրել են նշյալ խնդիրների հրատապ կարգավորման անհրաժեշտություն: «Բացի վերոնշյալը նախագծերի մշակումը պայմանավորված է Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրները` կապված գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման և փլուզված արգելապատնեշների վերակառուցման հրատապության հետ, ինչպես նաև գետերի հունի արգելապատնեշների կառուցման համար գետի հունից ավազն օգտագործելու նպատակով լրացուցիչ անգամ ընդերքօգտագործման իրավունք ձեռք չբերելու նպատակով լրացումներ է կատարվում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում` իրավական հենք ստեղծելով գետերի հունի արգելապատնեշների կառուցման կամ վերակառուցման նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման համար` համաձայն նախապես կազմված և հաստատված նախագծի»,- նշված է պաշտոնական փաստաթղթում:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով էլ առաջարկվում է խստացնել այս վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը։ Մասնավորապես՝ սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով ընդերքօգտագործման իրավունք կրող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազ արդյունահանելն առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նշեց, որ օրինագիծը մշակվել է` հաշվի առնելով Արաքս գետի հունը փոխելու հետ կապված ռիսկերը, ինչը կարող է հանգեցնել պետական սահմանի փոփոխությանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, դիմելով փոխնախարարին, նշեց. «Ի՞նչ եք կարծում, եթե Արաքսի հունից չհանենք, չարդյունահանվի ավազը, բա էդ ավազը վերջում ո՞ւր է գնալու, չէ՞ որ գետն անընդհատ բերում է։ Չի բերի նրան, որ հունը շեղվի, թե պետությունն իր ուժերով է նախատեսում մաքրել հունը»։
Ի պատասխան փոխանախարարն արձագանքեց. «Եթե կլինեն այնպիսի դեպքեր, որ ինչ-որ հատվածներում այնքան ավազ կլինի կամ այնպիսի իրավիճակ կստեղծվի, երբ կարիք կլինի գետի հունի մաքրման, այդ հատվածի մասով լիազոր մարմնի առաջարկությամբ կարող են իրականացվել տենդերներ և ինչ-որ կազմակերպության պատվիրակվեն գետի հունի մաքրման աշխատանքներ: Բացի այդ, Արաքսի ավազն այնքան էլ անփոխարինելի շինանյութ չէ: Եթե մեր շինարարները, այդ ոլորտում գործունեություն իրականացնողները համեմատեն այն այլ հանածոների հետ, որոնք համապատասխանում են ԳՕՍՏ-ով, և կարողանան իրենց բետոնը ստանալ ոչ թե Արաքսի ավազից, այլ մեկ այլ օգտակար հանածոյից, կկարողանան այդ հարցը կարգավորել»:
Փետրվար 06, 2023 at 17:14
