ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են սկսվել ջրօգտագործողների ընկերություններում

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են սկսվել ջրօգտագործողների ընկերություններում

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են նախաձեռնվել՝ հանրապետությունում գործող ջրօգտագործողների ընկերություններում պետական շահերի պաշտպանության վիճակը պարզելու նպատակով: Ուսումնասիրությունները կիրականացվեն երկամսյա ժամկետում:

Աննա Վարդապետյանի հանձնարարության համար հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրված Հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեում կատարված հաշվեքննության արդյունքները:

Մասնավորապես՝ «Էջմիածին» և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերություններում կատարված ուսումնասիրություններով ի հայտ են եկել ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակության, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, այդ փաստաթղթերն օգտագործելու դեպքեր:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդումների հիմքերով՝ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը), 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հունվար 30, 2023 at 16:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր