ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ու Էստոնիայի շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի ղեկավարած պատվիրակության՝ Տալլին գործուղման ժամանակ:
«Հաշվի առնելով երկու երկրների միջև բնապահպանական խնդիրների շուրջ համագործակցության զարգացման նպատակահարմարությունը և գիտակցելով շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման նկատմամբ ուշադրության կարևորությունը՝ կողմերը պարտավորվել են համաձայն իրենց օրենսդրության, հավասարության և փոխադարձ վստահության հիմունքներով ջանքեր գործադրել համագործակցության ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու համար», - նշված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։
Համագործակցությունը կիրականացվի 8 ուղղություններով.
- կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ
- կենսաբազմազանության պահպանություն և պահպանվող տարածքների կառավարում
- շրջակա միջավայրի մոնիտորինգ և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգ
- քիմիական, վտանգավոր նյութերի և թափոնների կառավարում
- բնական ռեսուրսների ողջամիտ /ռացիոնալ/ օգտագործում
- ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում, այդ թվում մակերեսային և ստորերկրյա ջրերի պահպանություն և բարելավում, կայուն ջրօգտագործման զարգացում,մթնոլորտային օդի պահպանություն ներառյալ օդի որակ
- հողերի դեգրադացիայի կանխման, hանտառտնկման, անտառվերականգնման գործողություններ
- շրջակա միջավայրի կառավարման ոլորտում թույլտվությունների, լիցենզիաների տրամադրման էլեկտրոնային համակարգ։
Հունվար 17, 2023 at 16:25