

Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում 2022 թվականի նոյեմբերին կայացած Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27) Հայաստանից մասնակցել են երկու երիտասարդ պատվիրակներ՝ Նարեկ Օհանյանը և Երազիկ Հովեյանը։ COP27-ին նրանք նաև ներկայացել էին որպես կլիմայի հարցերով բարձր մակարդակի երիտասարդական չեմպիոններ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից:
Նարեկն ու Երազիկն Արարատի մարզի Վեդի քաղաքից են։ Ընկերների հետ ձևավորել են «Startup» թիմ, որը ստեղծել է «Կլիմապոլիս» սեղանի խաղը, որի միջոցով ներկայացնում են, թե ինչպես կարելի է նվազեցնել կլիմայի փոփոխության հետևանքները: COP27-ի երիտասարդ պատվիրակներն իրենց տպավորություններով կիսվեցին «Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագրի» ստորագրման միջոցառման ժամանակ։
«Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ մի օր մեր ծրագիրը կարող է Վեդիից հասնել Շարմ էլ Շեյխ, այն էլ՝ COP27-ին։ Այնտեղ մենք հանդիպել ենք որոշում կայացնողների, քաղաքական գործիչների, երիտասարդ ակտիվիստների, որոնց հետ դարձել ենք ընկերներ։ Մենք բոլորս համախմբվել ենք մեկ գաղափարի շուրջ. այո, այս խնդիրը մեզ է վերաբերվում, ազդում է մեզ վրա, և սա մեր պատասխանատվությունն է», - ասաց Երազիկ Հովեյանը։
Նա պատմեց, որ COP27-ին երիտասարդներն ունեին իրենց տաղավարը, ինչը շատ ոգևորել է նրանց. «Մենք հույս ունենք, որ այս ամենն իսկապես երիտասարդների ձայնն ավելի բարձր դարձնելու և նրանց կարծիքը հաշվի առնելու համար է։ Հույս ունեմ, որ այս հռչակագիրն էլ կնպաստի երիտասարդների ակտիվ ներգրավմանը կլիմայական գործողություններում»։
«Կլիմայի փոփոխությունը փոխում է աշխարհը, և մենք՝ երիտասարդներս, համարվում ենք այս փոփոխության խոցելի խումբը։ Ես հույս ունեմ, որ Հայաստանում կտեսնեմ իրապես երիտասարդակենտրոն կառույցներ և իրապես կզբաղվեն կլիմայի փոփոխության հիմնախնդիրներով՝ իրենց թիրախում ունենալով երիտասարդներին։ Նաև հույս ունեմ, որ այս հռչակագրի կետերը չեն մնա թղթի վրա, և Շրջակա միջավայրի նախարարությունն իրապես կապահովվի երիտասարդների մասնակցությունը», - ասաց Նարեկ Օհանյանը։
Հունվար 19, 2023 at 15:06