Հայաստանը պարտավորվեց կլիմայական գործողություններում ընդգրկել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունները

Հայաստանը պարտավորվեց կլիմայական գործողություններում ընդգրկել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունները

Հայաստանը դարձավ աշխարհում 38-րդ երկիրը, որը ստորագրեց «Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիր»-ը։ Այն սույն թվականի հունվարի 18-ին ստորագրեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

Հռչակագրով Հայաստանը պարտավորվեց կլիմայական գործողություններում ապահովել երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը, նրանց առաջնահերթությունների ընդգրկումը, քայլեր ձեռնարկել երեխաների՝ առողջ շրջակա միջավայրի անօտարելի իրավունքի ամրագրման համար ազգային, տարածաշրջանային և գլոբալ շրջանակներում, ազգային քաղաքականության և օրենսդրության մեջ,  մեծացնել նրանց կարիքները հաշվի առնող հարմարվողականության, աղետների ռիսկերի նվազեցման և մեղմման միջոցառումներում ներդրումները, հզորացնել կարողությունները կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և հարմարվողականության ոլորտներում, ապահովել արդյունավետ մասնակցությունը կլիմայի փոփոխությանն առնչվող որոշումների կայացման գործում։

Հռչակագրի իրագործմանը կմասնակցեն մոտ 25 հազար երեխաներ և երիտասարդներ 33 խոշորացված համայնքների 463 բնակավայրերից։

«Հայաստանում նկատելի է անհրաժեշտ իրազեկվածության և գիտելիքի պակաս կլիմայի փոփոխության բացասական ազդեցության վերաբերյալ։ Գլոբալ տաքացման ներքո իրողությանը հարմարվելու տեսանկյունից շատ կարևոր է երիտասարդության շրջանում կլիմայի փոփոխության պատճառների և հնարավոր հետևանքների վերաբերյալ գիտելիքի և տեղեկատվության տրամադրումը։ Դա էապես կնպաստի երիտասարդների ներուժի հզորացմանը՝ կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և հարմարվողականության գործողությունների իրականացման նպատակով։ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, կրթական ոլորտի օրենսդրության փոփոխության շրջանակներում նոր լուծումներ պետք է գտնի գիտելիքների բարձրացման նպատակով», - ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն ընդգծեց՝ հռչակագիրը վերաբերում է երեխաների առողջությանը և բարեկեցությանը։ «Բոլոր երեխաները ենթարկվում են օդի աղտոտվածությանը։ Երեխաների 40 տոկոսը գտնվում է թունաքիմիկատների ազդեցության տակ, 85 տոկոսն առերեսվում է ջրի սակավության հետ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձում է երեխաների համար ապահովել այնպիսի պայմաններ, որտեղ նրանք կարող են գոյատևել, մեծանալ, բարեկեցիկ կյանք վայելել։ Կլիմայի փոփոխության պայմաններում հաճախակի են դարձել աղետները, և մեր նպատակներից է նպաստել, որպեսզի երեխաներն ու երիտասարդները գիտելիքների և հմտությունների ձեռքբերման միջոցով արտակարգ իրավիճակներում կարողանան իրենց պաշտպանել։ Լավագույն ներդրումը, որը կարող ենք անել, պատրաստել երեխաներին, տոկուն դարձնել, որպեսզի նրանք դիմակայեն կլիմայի փոփոխության ցնցումներին», - ասաց Քրիսթինե Վայգանդը։

Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը նշեց․ «Այսօր մենք մեր աչքով ենք տեսնում կլիմայի փոփոխությունը։ Մենք պետք է  միավորենք ջանքերը, քանի որ բոլորս ենք կրում դրա ազդեցությունը, հատկապես երիտասարդները, որովհետև նրանք հետագայում պետք է գործեն այդ ուղղությամբ և իրականացնեն քաղաքականություններ»։

Հունվար 18, 2023 at 16:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր