«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում»․ գործողություններ և ձեռքբերումներ

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում»․ գործողություններ և ձեռքբերումներ

Ամփոփվել են «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ծրագրի արդյունքները։ Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ծրագրի բյուջեն կազմել է 2,726,902 ԱՄՆ դոլար։

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին՝  կլիմայի փոփոխության հարմարվողականության 6 գերակա ոլորտներում հաղթահարելու առկա խոչընդոտները և սահմանելու ներդրումների առաջնահերթությունը՝ մեծացնելով ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը: Ծրագրով առանձնացված ոլորտներն են՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, ջրային ռեսուրսներ, առողջապահություն, զբոսաշրջություն և բնակավայրեր։

Ծրագրի համակարգող Գոհար Հովհաննիսյանը ներկայացրեց հիմնական ձեռքբերումները ծրագրի ավարտական աշխատաժողովի ժամանակ:

Օրենսդրական ոլորտի բարելավումը ծրագրի հիմնական ձեռքբերումներից է: Մշակվել են ՀՀ կառավարության 6, ՀՀ վարչապետի 1 և ՀՀ փոխվարչապետի 1 որոշումների նախագծեր։

Լրացումներ և փոփոխություններ են իրականացվել ՀՀ Ջրային օրենսգրքում,  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում։

Մշակվել են ոլորտային հարմարվողականության ծրագրեր և  միջոցառումների ցանկեր․

  • Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թվականների ծրագիրը
  • Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության հայեցակարգը և 2022-2026 թվականների միջոցառումների ծրագիրը
  • Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թվականների միջոցառումների ծրագիրը
  • Առողջապահության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը
  • Էներգետիկայի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2023-2027 թվականների միջոցառումների ցանկը։

Մշակվել են Տավուշի և Շիրակի մարզերի հարմարվողականության ծրագրերը և միջոցառումների ցանկերը, Երևան քաղաքի հարմարվողականության ծրագիրը։

Մշակվել են ՀՀ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների՝ «Բնակավայրերի համար կլիմայի փոփոխության և հարմարվողականության ծրագրերի մշակման» և «Տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրման» վերաբերյալ մեթոդական ուղեցույցեր։

Մշակվել է առաջարկությունների փաթեթ՝ ուղղված միջազգային ստանդարտների ներդրմանը ոռոգման ռեժիմների արդիականացման, սելավների ռիսկերի կառավարման, կեղտաջրերի նստվածքի մաքրման ու հեռացման համար։

Իրականացվել է ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում, ծախսերի և օգուտների վերլուծություն՝ հարմարվողականության միջոցառումների առաջնահերթությունների և ներդրումների պլանավորման համար։

Վերլուծվել են Տավուշի և Գեղարքունիքի մարզերում 15 անավարտ, նախագծված և նախատեսվող ջրամբարների հիդրոլոգիական պայմանները։

Շիրակի և Լոռու մարզերի համար մշակվել է կլիմայական և կապակցված բնական վտանգների ու ռիսկերի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի քարտեզների հավաքածու։

Կարողությունների զարգացման և իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների շրջանակներում մշակվել են ձեռնարկներ, անցկացվել 90 միջոցառում՝ ավելի քան 3200 մասնակիցներով։

Հայաստանում ծրագրի շարունակականության ապահովման նպատակով մշակվել է ռեսուրսների մոբիլիզացման մոտեցումների և իրականացման ծրագիր, հարմարվողականության ֆինանսավորման գործընթացում մասնավոր սեկտորի ներգրավման ռազմավարություն, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորման համար 2 ծրագրային հայեցակարգերի նախագծեր, հարմարվողականության ազգային պլանավորման գործընթացի մշտադիտարկման և գնահատման ուղեցույց,  հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգ և ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտների համար հարմարվողականության մշտադիտարկման ցուցիչներ։

Հունվար 09, 2023 at 11:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր