Հակոբ Սիմիդյանն ամփոփեց 2024 թվականը

Հակոբ Սիմիդյանն ամփոփեց 2024 թվականը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2025թ. հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է նախարարության 2024թ. գործունեության արդյունքները:

Միջազգային համագործակցություն

Հակոբ Սիմիդյանն ասուլիսի մեկնարկին ներկայացրեց, թե միջազգային ինչ ծրագրեր ու նախաձեռնություններ են իրականացվել նախորդ տարի:

«Այս պահին իրականացվում է 29 ազգային ծրագիր, որոնց դրամաշնորհային բաղադրիչն ընդհանուր առմամբ կազմում է 100,6 միլիոն դոլար։ Նախարարության համակարգմամբ իրականացվում է նաև 5 տարածաշրջանային դրամաշնորհային ծրագիր։ 2024թ․ ընթացքում հաստատվել և մեկնարկել է 12 դրամաշնորհային ծրագիր, ընդհանուր բյուջեն՝ 13.6 միլիոն դոլար: 2024թ. մեկնարկել է կենսաբազմազանության վերաբերյալ 26 միլիոն դոլար բյուջեով ծրագիրը, որը կարևոր էր հենց ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալման համատեքստում: ՀՀ-ն կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը կհյուրընկալի 2026թ.: Սա բավական խոշոր բնապահպանական միջոցառում է: Արդեն կազմակերպչական կոմիտե է ստեղծվել համաժողովը կազմակերպելու համար: Կոմիտեն ղեկավարում է վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը: Կազմակերպչական աշխատանքները մեկնարկել են: Նախագահությունը բնապահպանական միջազգային հարթակներում շատ ակտիվ է եղել 2024թ. և նաև ակտիվ է եղել միջազգային ծրագրերի շրջանակում»,- նշեց նա:

Օրենսդրական բարեփոխումներ

Հակոբ Սիմիդյանն անդրադարձավ 2024թ. ընթացքում իրականացված օրենսդրական բարեփոխումներին: «Ընդունվել է նախարարության կողմից մշակված 69 իրավական ակտ, որից՝ 4 օրենք, 41-ը Կառավարության որոշում, 2 Վարչապետի որոշում և 22 նախարարի նորմատիվ հրաման։ Մշակվել է կլիմայի մասին նոր օրենքը: Մոտ օրերս Կառավարությունն այն կշրջանառի: Նաև քրեական օրենսգրքում ենք լրացումներ կատարել, և քրեական պատասխանատվություն ենք սահմանել 500,000 դրամի վնասը գերազանցող այն իրավախախների մասով, ովքեր լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերը կվերաբացեն, առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսները կօգտագործեն և հորատում կիրականացնեն»,- նշեց նա:

Ըստ նախարարի՝ հաջորդ կարևոր օրենսդրական փաթեթը կենդանական աշխարհի մասին օրենքից բխող իրավական ակտերն են: «Առաջին անգամ Հայաստանում կհամակարգվի վայրի կենդանիների անազատ և կիսազատ պայմաններում պահման, առքուվաճառքի, ինչպես նաև վայրի կենդանիների օգտագործման խնդիրները: Երկարաձգվելու է սիգի ձկնկիթի արտահանման արգելքը»,- ասաց Հակոբ Սիմիդյանը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի և պահպանվող տարածքների ռեկրեացիոն գոտու արդյունավետ օգտագործման և բնապահպանական չափորոշիչների ներդրման համար օրենսդրության մեջ ևս փոփոխություններ են իրականացվում: «Մեր կարծիքով նույն չափորոշիչները և նույն միասնական օրենսդրությունը պետք է գործի, ինչը հիմա իրականացնում ենք, շուտով կառավարության որոշումը ընդունված կլինի»,- նշեց նախարարը:

Էկոպարեկային ծառայություն

Հակոբ Սիմիդյանը նշեց, որ մեկնարկել են Էկոպարեկային ծառայության մարզային վարչությունների հիմնման աշխատանքները: «Սկսել ենք Սյունիքից: Այս պահին 3 տեղամասերի վերանորոգման, կահավորման, տեխնիկական վերազինման աշխատանքներն են իրականացվում: Շուրջ 162 մրցույթ է հայտարարվել աշխատակիցների համալրման ուղղությամբ և մինչև փետրվարի ավարտը Սյունիքի մարզային վարչությունը հիմնված կլինի»,- նշեց նա:

Էկոպարեկների ընդունելության մասին խոսելով` նախարարն ասաց, որ դիմորդը տալիս է գրավոր և բանավոր քննություն, անցնում է մասնագիտական և  ֆիզիկական պատրաստություն:

Ջրային ռեսուրսներ

Հակոբ Սիմիդյանը նշեց, որ ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ գործարկվել է ջրառի տվյալների առցանց փոխանցման միասնական հարթակ: «Տվյալների առցանց փոխանցման 1327 ջրահաշվիչ սարք արդեն միացված է հարթակին: 2024թ. տրամադրվել է 571 ջրօգտագործման թույլտվություն»,- ասաց նախարարը:

Խոսելով անապատացման դեմ պայքարի մասին` Հակոբ Սիմիդյանն ասաց, որ դրա դեմ պայքարի լավագույն տարբերակը հենց ջուրն է: «Այն, ինչ անում է կառավարությունը ջրերի արդյունավետ կառավարման համար, այդ թվում անում է Հայաստանում հողերի դեգրադացիայի կանխման ուղղությամբ: Մենք ձկնարտադրողների փակ շրջանառվող համակարգ ենք սահմանել, որպեսզի Արարատյան խորքային ջրերի օգտագործումն արդյունավետ դարձնենք, որպեսզի դաշտավայրը չանապատանա: Կառավարությունն այժմ աշխատում է ջրային ոլորտի ռազմավարության վրա: Անապատացման խնդիրը լուրջ է»,- նշեց նա:

Սևանա լիճ

«2024թ. գրանցվել է Սևանա լճի մակարդակի բարձրացում: 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.39 մ, որը հունվարի 1-ի համեմատ բարձր է 22 սմ-ով։ Սևանա լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131.038 միլիոն խմ, որը 97.196 միլիոն խմ-ով պակաս է 2023թ. ծավալից և վերջին 15 տարիների ամենացածր ցուցանիշն է: Արփա-Սևան ջրատարով 2024թ-ին 84 միլիոն խմ ջուր է տեղափոխվել Սևանա լիճ, որը 73 միլիոն խմ-ով ավելի է նախորդ տարվա համեմատ», - ասաց Հակոբ Սիմիդյանը:

Անդրադառնալով լճում ձկան պաշաներին՝ նախարարը նշեց. «Կարևոր արդյունքներ ունենք Սևանի կողակի վերականգնման ուղղությամբ: Վերջին տարիների աշխատանքների արդյունքում շուրջ 2000 առանձնյակ ենք կարողացել ունենալ, որը հնարավորություն կտա մայրական կազմով կողակի վերականգնման աշխատանքները նույնպես առաջ տանել և կողակը վերադարձնել Սևանա լիճ: 2024թ. շարունակվել է Սևանի իշխանի պաշարների վերականգմանն ուղղված գործընթացը: Արդյունքում՝ 2024թ. Սևանա լիճ է բաց թողնվել 389 հազար 300 հատ Ամառային և Գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ: 2023թ. թիվը 231 հազար է եղել»:

2023թ. սահմանվել է սիգի արդյունագործական որսի 679 տոննա չափաքանակ, որից փաստացի որսվել է 652.6 տոննա: Վճարվել է 44.1 միլիոն դրամ բնօգտագործման վճար։ Սևանա լճից նախորդ տարի դուրս է բերվել 2699 ապօրինի խեցգետնորսիչ, 1376 ձկնորսական ցանց և 68 լողամիջոց:

Անտառներ

2024թ. իրականացվել են 337.4 հա անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ։ «Աճեցվել է 677 հազար 480 հատ փակ արմատային համակարգով տնկանյութ, հիմնադրվել՝ 9 հա տնկարան: 2024թ. իրականացվել են նախորդ տարիներին տնկված 495.42 հա անտառների լրացման աշխատանքներ։ Անտառամերձ բնակավայրերի թվով 7473 շահառուի տրվել է 41 հազար խմ պահեստային թափուկ վառելափայտ»,- նշեց նախարարը:

Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունից մուտքերը 2024թ. կազմել են մոտ 2.05 միլիարդ դրամ, որը 2023թ. համեմատ ավելի է մոտ 246 միլիոն դրամով կամ 13 %-ով։

«2024թ. նպատակ ունեինք մեծացնել անտառատնկման մակերեսը: Որոշակի ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք դա անել, բայց այդ գործընթացի վերաբերյալ նոր հնարավորություններ ու ծրագրեր ենք ստեղծում հանրության լայն շրջանակներին ներգրավելու այդ գործընթացում: Քանի որ այս գործընթացը ծավալուն է և ծախսատար, հանրության ներգրավվածությունը շատ կարևոր կլինի: Անտառտնկման գործընթացը մեծացնելու համար համայնքի ներգրավվածությունը լավ հնարավորություն է»,- ընդգծեց նա:

Նախարարը նշեց, որ «Դիլիջան ազգային պարկում» և «Սևան ազգային պարկում» ապօրինի ծառահատումներ են բացահայտվել։ Նա ընդգծեց, որ եթե ծառահատումների մասով նախարարությունը բացթողում չունենար, ապա էկոպարեկային ծառայությունը չէր ներդրվի։ «Էկոպարեկային ծառայությունը բավականին շատ արձանագրած խախտումներ ունի: Օրինակ`եթե Սևանա լճի վերաբերյալ նախորդ տարիների խախտումները համեմատենք, ապա կտեսնենք, որ այսքան խախտումներ չեն եղել: Նախարարությունը տեսնում է խնդիրները և դրանց համար թե' ինստիտուցիոնալ, թե' իրավական, թե' կառավարման համակարգի բարեփոխման գործընթաց է կազմակերպում»,- ընդգծեց Հակոբ Սիմիդյանը:

Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ

Հակոբ Սիմիդյանը կենսաբազմազանության պահպանության ոլորտում իրականացված միջոցառումների մասին խոսելիս՝ ընդգծեց վայրի բնություն ազնվացեղ եղջերուների 10 առանձնյակի բացթողումը:

«201 գույքագրման ենթակա հուշարձաններից գույքագրվել է 50 բնության հուշարձան՝ նախորդ տարվա 31-ի համեմատ։ Հաստատվել է 1 հուշարձանի անձնագիրը։ 2025թ. պետական բյուջեից հատկացումների շրջանակներում կիրականացվի 22 հուշարձանի անձնագրավորումը։ 2024թ. ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում: Տարվա ընթացքում ֆոտոթակարդներին երկրորդ անգամ հաջողվել է գրանցել ընձառյուծ Տավուշի մարզում»,- ասաց նա։

Մշակվել է Բնության հատուկ պահպանվող տարածքների, պետական անտառների և անտառային հողերի օգտագործման տրամադրման մեկ միասնական ընթացակարգ, որով սահմանվել են ներդրումային ծրագրերի իրականացման պարտադիր միջոցառումներ, ծրագրերի գնահատման նոր հստակ չափորոշիչներ և մեթոդներ:

Բնապահպանական սուբվենցիաներ

Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ 2024թ. հաստատվել են 1046.1 միլիոն դրամի շրջանակներում բնապահպանական սուբվենցիաներ՝ 2025թ. 15 ազդակիր համայնքում բնապահպանական և առողջապահական միջոցառումների իրականացման նպատակով։ «2024թ. բնապահպանական սուբվենցիաները կազմել են շուրջ 322.6 միլիոն դրամ՝ 5 համայնքի համար»,- ասաց նա։

Մթնոլորտային օդ

Նախարարը նշել է, որ, ըստ տարեկան դիտարկումների, վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության մեծ փոփոխություն չի գրանցվել:

«Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մթնոլորտային օդի մասով դիտարկվում են մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, գետնամերձ օզոնի և ըստ բաղադրության չտարբերակված փոշու պարունակությունները: Սա այն կարողությունն է, որ այս պահին նախարարությունն ունի: Իսկ դիտարկումներն իրականացնում են Երևան քաղաքում 5 անշարժ և 45 շարժական դիտակետերում՝ շաբաթական կտրվածքով: 5 անշարժ դիտակետերը վերը նշված բաղադրիչներն ուսումնասիրելու, իսկ շարժականները միայն ծծմբի և ազոտի երկօքսիդի տվյալներն ուսումնասիրելու նպատակով են: Մոնիթորինգի այն համակարգը, որը մենք ունենք այս պահին, նոր անհանգստացնող տվյալներ չի գրանցել, քան նախկինում կար: Մեր համոզմամբ՝ անհանգստությունները, որոնք այս պահին ունենք, ձևավորվել են Երևանի քաղաքապետարանի կողմից սենսորային սարքերի տեղադրման արդյունքում, որոնք տեղադրված են հիմնականում շինհրապարակներում: Ինչպես նաև որոշակի անհանգստացնող թվեր են ներկայացնում շվեյցարական կազմակերպության կայքի տվյալները: Նշեմ, որ միջազգային ստանդարտների համաձայն՝ դեռևս չկա հավաստում, որ այս սարքերի տվյալները ճշգրիտ են, դրանք կարող են մինչ 40 տոկոս շեղում գրանցել: Դրանք ավելի շատ օժանդակող սարքեր են այն արդիական համակարգի համար, որը մենք առաջիկայում ուզում ենք ձեռք բերել»,- նշեց Հակոբ Սիմիդյանը:

Ըստ նրա՝ խնդիրն այնքան սարսափելի և վտանգավոր չէ, որքան հանրության մեջ անհանգստությունը: «Կառավարության կողմից արդեն ֆիանանսավորվել է և առաջիկա 2 ամսում մոնիթորինգի համակարգը կհամալրվի 2 նոր սարքերով, որոնք իրական ժամանակում կտրամադրեն օդի աղտոտվածության վերաբերյալ ամբողջական տվյալներ`օգնելով քաղաքականության մշակման առումով: Ճապոնիայի հետ համագործակցության ընթացքում ծրագրված է ևս 3 նման սարքի ձեռքբերում, և դրա արդյունքում արդեն 5 սարքերի ու աջակից գործիքների օգնությամբ առաջիկայում Երևանի օդի աղտոտվածության որոշման համար կունենանք արդի ժամանակի սարքավորումներ, որոնք մեզ կտրամադրեն ճշգրիտ տվյալներ»,- ասաց Հակոբ Սիմիդյանը:

Նախարարը հավատացրեց` եթե օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն լինի` կիրականանցվի:

Պատասխանելով հարցին, թե կլինեն օդի աղտոտվածության ստուգման համար նախատեսված սարքեր այն մարզերում, որտեղ երբեք նման հետազոտություն չի իրականացվել, նախարարն արձագանքեց. «Այն սարքերը, որոնք գնվելու են, շարժական չեն, բայց կա նպատակ շարժական սարքեր գնելու և մարզերում նման գործիքներ ունենալու: Կան սենսորային տվիչներ, որոնք կօգնեն ընդհանուր պատկերը տեսնել»:

 Հանքարդյունաբերություն

Խոսելով հանքերի մասին՝ Հակոբ Սիմիդյանն ասաց. «Մերը ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) օրենքն է: Այն խիստ է և այն գործունեության տեսակները, որոնք ենթակա են ՇՄԱԳ փորձաքննության, բավականին շատ են, և, իհարկե, առաջին հերթին ուշադրության ներքո են ընդերքօգտագործումն ու հանքարդյունաբերությունը: Մենք, յուրաքանչյուր խախտման մասին տեղեկություն ստանալով, տեղեկացնում ենք տեսչականին: Հանրությանը կարող եմ խնդրել, որ եթե հանքարդյունաբերող կա, որը ձեր կարծիքով նորմերը չի պահպանում, տեղեկատվություն տվեք, և մենք կզբաղվենք դրանով»:

Հարց հնչեց նաև Ամուլսարի շահագործման վերաբերյալ, ինչին ի պատասխան նախարարն արձագանքեց. ««Լիդիան Արմենիան» հանքը շահագործելու բոլոր թույլտվություններն ունի: Մասնավորապես, ՇՄԱԳ թույլտվության մասով Ամուլսարը, եթե չեմ սխալվում, երկու փորձաքննություն է անցել՝ 2014 և 2016 թվականներին: Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ այս գործընթացը որևէ ձևով կասեցնելու: Ընդերքօգտագործման դեպքում բնության համար միշտ ռիսկեր գոյանում են: Բայց ժամանակակից աշխարհում ժամանակակից գործիքներ ու նոր տեխնոլոգիաներ կան, որոնք որևէ գործունեության պարագայում կարող են օգնել, որպեսզի նվազեցվի կամ չեզոքացվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Եթե մենք որևէ գործունեության տեսակ, որը համարում ենք, որ բնությանը կարող է վնաս հասցնել, ազդեցության գնահատման փորձաքննություն ենք իրականացնում, և, ըստ էության, եթե գործունեության տեսակը, վայրը և մնացած պայմանները թույլատրելի են, գործունեության ընթացքում պայմաններ ենք ներկայացնում, այդ թվում՝ ասում ենք՝ հարկ կվճարես, որ սուբվենցիա անենք, որպեսզի նվազեցնենք ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա»,- ասաց նախարարը:

Էներգետիկա

Շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի շրջանակում համաֆինանսավորվել է և ջերմաարդիականացվել է շուրջ 15 շենք, որի շահառուների թիվը հասնում է 50 հազարի:



Հունվար 13, 2025 at 16:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր