8 միլիարդ 800 միլիոն դրամի վնաս շրջակա միջավայրին. Հովհաննես Մարտիրոսյանն ամփոփել է տեսչական մարմնի 2024թ. աշխատանքը

8 միլիարդ 800 միլիոն դրամի վնաս շրջակա միջավայրին. Հովհաննես Մարտիրոսյանն ամփոփել է տեսչական մարմնի 2024թ. աշխատանքը

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը 2024թ․ գործունեության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում ներկայացրել է տեսչական մարմնի աշխատանքի արդյունքները։

Ստուգումների ընդհանուր պատկերը

2024թ. ընթացքում տեսչական մարմինն իրականացրել է 399 ստուգում, որից 180-ը՝ ծրագրային ստուգում, 219-ը՝ արտածրագրային։ 2023թ․ իրականացվել է 292 ստուգում։ Մասնավորապես, 87 ստուգում է իրականացվել հանքարդյունաբերական ձեռնարկություններում, 114 ստուգում ձկնաբուծարաններում և փոքր ՀԷԿ-երում: 

Հովհաննես Մարտիրոսյանը նշեց․ «Ընդերքոօգտագործման ոլորտում ստուգումների իրականցման ժամանակ կիրառել ենք թվային գործիքներ, անօդաչու թռչող սարքեր, օրթոֆոտոհատակագծեր և լազերային սքանավորման համակարգեր, որոնք էականորեն բարձրացրել են ստուգումների արդյունավետությունը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայրում ստուգման ժամանակ անօդաչու սարքերի միջոցով 3-4 օրում չափագրվել է ողջ հանքավայրի տարածքը՝ տվյալներ, որոնք նախկինում ամիսներ կպահանջեին»,- նշեց նա։

Շրջակա միջավայրին հասցված վնաս

2024թ. վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում արձանագրվել է շրջակա միջավայրին և պետությանը հասցված 8 միլիարդ 800 միլիոն դրամի վնաս՝ 2023թ․ 5 միլիարդ 176 միլիան դրամի համեմատ։

«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրված վնասի չափը կազմել է 1 միլիարդ 300 միլիոն դրամ։ 2024թ. տեսչական մարմինը ջրօգտագործման ոլորտում կայացրել են գործունեության կասեցման 101 որոշում, որից 79-ը վերաբերում է ջրօգտագործման ոլորտում գործունեություն իրականացնողներին կամ ֆիզիկական անձանց: Միայն ստուգումներով հայտնաբերված ապօրինի ջրառի իրականացման հետևանքով կայացրած 44 կասեցման որոշումներով տեսչական մարմնի կողմից կանխվել է մոտ 790 լ/վրկ կամ տարեկան կտրվածքով 11 միլիոն խմ ջրի վատնում»,- նշեց նա:

Հովհաննես Մարտիրոսյանի խոսքով՝ հանքանյութերի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը հասցված վնասը կազմել է 1 միլիարդ 691 միլիոն դրամ։ Հայտնաբերվել է 4.5 միլիոն խմ ապօրինի հանքանյութ։ 

Բուսական և կենդանական աշխարհին հասցված վնասը կազմել է 1 միլիարդ 132 միլիոն դրամ։ «Կենդանական աշխարհի մասով արձանագրվել է 194 խախտում, արձանագրել են մոտ 60 կենդանու ապօրինի որս, առգրավվել է 7 միավոր զենք, իսկ 13 զենք փոխանցվել է պետական գույքի կառավարման կոմիտեին։ 194 խախտումներում նաև սիգի դեպքերն են: Սիգի որսի արգելքի միջոցառումները մինչև հունվարի 20-ը շարունակվելու են: Ներկա պահին Հայաստանում առգրավվել է շուրջ 840 կիլոգրամ ապօրինի որսված սիգ։ Բացի այդ, ևս 470 կգ էր առգրավվել օրեր առաջ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ 2024թ. 2023-ի համեմատ զգալի առաջընթաց է գրանցվել. «Շուկաներում սիգի վաճառքի մի քանի դեպք է արձանագրվել միայն»:

Հողերի ոչ նպատակային օգտագործման և անօրինական աղբավայրերի շահագործման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 2 միլիարդ 300 միլիոն դրամ։ «Խնդիրը հիմնականում վերաբերում է հողերի ոչ նպատակային օգտագործման հետևանքով հողերին հասցված վնասներին: Խոսքը անօրինական կամ ոչ լիցենզավորված աղբավայրերի շահագործման ու առկայության մասին է, երբ համայնքային գյուղատնտեսական հողերն այդ նպատակով են օգտագործվել»,- նշեց նա:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում 2 միլիարդ 360 միլիոն դրամի վնաս է հասցվել: «Խոսքը վերաբերում է մեծ մասամբ ապօրինի ընդերքօգտագործման հանքանյութերի ծավալների հետ կապված մթնոլորտ արտանետումներին, երբ չունենալով թույլտվություն, քանդել են այդ ծավալները, դուրս են բերել, նաև մթնոլորտային օդին վնաս են պատճառել: Սրանից 1 միլիարդ 300 միլիոնը վերաբերում է մեկ տնտեսվարող սուբյեկտի ու նրա կողմից սահմանային թույլատրելի չափաքանակները գերազանցելուն: Դա վերաբերում է 5-6 տարի առաջ իրականացված գործողությանը: Ներկայում կա հարուցված քրեական վարույթ»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարը:

Անդրադառանալով մթնոլորատյին օդի աղտոտվածության խնդրին՝ նշեց. «Մթնոլորտային օդի պահպանության տեսակետից նախորդ տարվա համեմատ գրեթե նույն ցուցանիշներն ունենք: Շինհրապարաակների հետ կապված ավելի շատ խախտումների արձանագրումներ ունենք մայրաքաղաքում: Շինարարության մեջ շինարարական նորմերի մշակույթի բացակայություն կա, ուշադրություն ենք դարձնում շինհրապարակներում փոշու արտանետումների և դրանց կանխարգելման միջոցառումների վրա: 2024թ. Երևան քաղաքում իրականացրել ենք շինարարական կազմակերպություններում 77 ստուգում, տրանսպորտային միջոցներով առանց ծածկի սորուն նյութերի տեղափոխման 51 դեպք ենք արձանագրել: Նախորդ տարի հայտնաբերել ենք շինարարական նյութերի բացօթյա վաճառք իրականացնող ֆիզիկական կազմակերպություններ, արձանագրել ենք և քաղաքապետարան ուղարկել, տեղեկատվությունը տրամադրելուց հետո շտկվել է իրավիճակը»,- նշեց նա:

Հովհաննես Մարտիրոսյանի խոսքով՝ 2024թ. օդի նմուշառման 86 լաբորատոր հետազոտություն է իրականացվել և միայն 22-ի դեպքում է գերազանցում արձանագրվել․ «Մթնոլորտային օդի որակի վրա միայն շինարարությունը չի ազդում, դա բազմաշերտ ոլորտ է, կարևոր գործ ունեն անելու կոմունալ ծառայությունները: Կան համայնքային ճանապարհներ, որոնք այնքան էլ լավ վիճակում չեն, և այդ հատվածով երթևեկելիս փոշու արտանետումներ են առաջանում: Դրա մասին ևս տվյալները փոխանցում ենք ՏԻՄ-երին»: 

Մարտիրոսյանը նաև նշեց, որ այս բոլոր խախտումներով հաղորդումներ են ներկայացրել նախաքննական մարմիններ, և քրեական վարույթներ են իրականացվում։ 2024թ. տուգանքների հիման վրա պետական բյուջե է մուտք արվել 242 միլիոն դրամ գումար, իսկ 2023թ. այն կազմել է 143 միլիոն դրամ: 



Հունվար 10, 2025 at 17:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր