Արին բնակավայրի բնակիչները դեմ են «Ջիէմէն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից հանքանյութի վերամշակման գործարանի կառուցման ծրագրին

Արին բնակավայրի բնակիչները դեմ են «Ջիէմէն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից հանքանյութի վերամշակման գործարանի կառուցման ծրագրին

2025թ. փետրվարի 18-ին Վայոց ձորի մարզի Վայք խոշորացված համայնքի Արին բնակավայրի վարչական շենքում կայացավ «Ջիէմէն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային լսումը՝ Արին բնակավայրի տարածքում հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության և հանքանյութի, խտանյութի վերամշակման (կորզման) գործարանի կառուցման ծրագրի վերաբերյալ։ 

Հանրային լսմանը մասնակցում էին Արին բնակավայրի վարչական ղեկավար Մանվել Ավետիսյանը, «Ջիէմէն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարո Միքայելյանը, Վայք խոշորացված համայնքի քաղաքաշինության բաժնի պետ Սամվել Իխտարյանը, համայնքի ղեկավարի օգնական Մեսրոպ Մեսրոպյանը, Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Վայք համայնքի բնակիչներ։

Հանրային լսումների արձանագրությունից տեղեկանում ենք, որ հանրային լսումների ընթացքում հանքավայրի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը շատերի համար թերի և ոչ բավարար եղավ։ Գործարանի վերաբերյալ տեղեկությունը ներկայացրեց Արին բնակավայրի վարչական ղեկավար Մանվել Ավետիսյանը: «Ջիէմէն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարո Միքայելյանը չկարողացավ հստակ պատասխաններ տալ համայնքի բնակիչների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերին, այդ թվում՝ հանքավայրի տեղակայման վայրի, հանքանյութի բաղադրության, պարունակության, մետաղների կազմի և թափոնների մնացորդային նյութերի վերաբերյալ։

Համայնքի բնակիչները մտահոգություններ հայտնեցին ծրագրի հնարավոր էկոլոգիական ազդեցությունների վերաբերյալ։ Արին բնակավայրի դպրոցի տնօրեն և քիմիայի մասնագետ Ալբերտ Գևորգյանը հարցրեց հանքանյութի լվացման տեխնոլոգիայի մասին։ Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ լվացումը կկատարվի ցիանով, սակայն չկարողացավ հիմնավորված բացատրել անվտանգ օգտագործման մեթոդները։ 

Բնակիչները նաև բարձրաձայնեցին սեյսմիկ վտանգների մասին՝ նկատի ունենալով, որ Արին բնակավայրը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։ Կարո Միքայելյանն արձագանքեց, թե թույները կչեզոքացնեն, մնացած ավազը կծածկեն պոլիէթիլենային թաղանթով։

Ֆերմերներ Սենիկ Հարությունյանը և Նորիկ Հարությունյանը մտահոգություն հայտնեցին անասնապահությամբ զբաղվող ընտանիքների հնարավոր վնասների վերաբերյալ, ինչպես նաև՝ շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին: Այս հարցերին ևս հստակ պատասխաններ չտրվեցին։

Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը շեշտեց, որ նմանօրինակ գործարանները կարող են լուրջ ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա՝ աղտոտելով ջրային ռեսուրսները, հողերը և վնասելով բուսական ու կենդանական աշխարհին։ Նա առաջարկեց հանրային լսման արդյունքներով տալ բացասական եզրակացություն ծրագրի վերաբերյալ։

Հանրային լսման ավարտին անցկացվել է քվեարկություն։ Արդյունքում լսման մասնակիցներից 18-ը դեմ է եղել ծրագրին, 2-ը՝ կողմ։

Նշենք, որ ՀՀ էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ «Ջիէմէն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի ներքո նշված է «Վարդանի Զարթոնք» ՍՊԸ-ն, ում պատկանում է Սոֆի-բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը: Շահագործման ժամկետը մինչև 2026թ. դեկտեմբերի 3-ն է: 

«Վարդանի Զարթոնք» ՍՊԸ-ում 100% մասնակցությամբ իրական շահառուն Լիանա Միքայելյանն է:

Փետրվարի 18-ին «Ջիէմէն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն հանրային լսումներ է անկացրել նաև Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում՝ Սոֆի-բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: 

 

Փետրվար 24, 2025 at 18:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր