

2025թ․ հունիսի 6-ին Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ «Վայք գոլդ ռիսորսիզ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Վայք համայնքի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերագնահատողական, երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ հանրային առաջին քննարկումը։ Հանրային քննարկումը վարում էր Զառիթափի վարչական ղեկավար Մամիկոն Մուրադյանը։
«Վայք գոլդ ռիսորսիզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը ներկայացրեց նախատեսվող ծրագրի մանրամասները։ «Դաշտային պայմաններում նախատեսվում է իրականացնել երկրաբանական քարտեզագրում, հորատանցքերի մեխանիկական-քիմիական հորատում, նմուշարկում, լաբորատոր պայմաններում հանքաքարի օգտակար բաղադրիչների պարունակությունների որոշում։ Ազատեկի ոսկու բազմամետաղային հանքավայրի համար կազմված կոնդիցիոների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորումը հաստավել է 2020թ․։ 5 տարի է անցել, փոխվել են մետաղների, սարքավորումների գները։ Անհրաժեշտություն է առաջացել պաշարների վերանգահատում անել։ Պաշարները վերջին անգամ հաստատվել են 1997թ․։ Ահագին բան է փոխվել այդ ընթացքում» ,- նշեց ընկերության ներկայացուցիչը։
«Սոցիալական հարցերը դնենք մի կողմ։ Հասկանանք, թե առողջապահական ինչ փոփոխություններ են լինելու, ուսումնասիրություններ կան»,- հետաքրքվեց մի բնակիչ։ Հնչեցված հարցին հստակ պատասխան չտրվեց։
Վայոց ձորի մարզի բնակիչ Հայկ Իսախանյանը հետաքրքվեց, թե ընկերությունը երբևէ նախկինում նման գործունեույամբ զբաղվել է և ինչ կապ ունեն «Վայք գոլդ» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունից հայտնեցին․ «Կա փոխադարձ համաձայնություն «Վայք գոլդ» ՍՊԸ-ի և «Վայք գոլդ ռիսորսիզ» ՍՊԸ-ի միջև։ Փոխադարձ համաձայնությամբ իր բոլոր իրավասությունները փոխանցվել է «Վայք գոլդ ռիսորսիզ» ՍՊԸ-ին։
Նշենք, որ Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվության (26.05.2025թ․) համաձայն՝ 19.12.2019թ. թիվ 711-Ա հրամանով դադարեցվել է «Վայք գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը։ Հրամանը բողոքարկվել է՝ պահանջով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից անվավեր ճանաչել 2019 թ-ի դեկտեմբերի 19-ի թիվ 711-Ա հրամանը։
Հայկ Իսախանյանը նշեց․ «Ազատեկի և Ղազմայի հանքավայրերից 70 տարի առաջ հանված թափոնների վրա ոչ մի բուսականություն չի աճում։ Ի՞նչ է պարունակում այդ հանքը, որ գետնի տակից հանելուց հետո դրա վրա բուսականություն չի աճում։ Ձեր գործունեությունից հետո աղքատ ապարները չեք մշակելու, բերելու եք, լցնեք սարեր-ձորեր։ 30 տարի առաջ Վայոց ձորում զարգացման ուղղությունն ընտրվեց գինին, այգեգործությունը, մաքուր սնունդը։ 25 հազար մարդ դրանով ընտանիք է պահում։ Մենք գտնում ենք, որ անհամատեղելի է․ կամ պետք է զարգացնել Վայոց ձորում հանքարդյունաբերությունը կամ գինեգործությունը։ Դրանք՝ երկուսը, մի կաթսայում չեն եփվի։ Գինեգործը ստիպված է լինելու իր գինու սերտիֆիկատի վրա գրել, որ իր այգուց մինչև ձեր հանքավայրը քանի կիլոմետր է»։
Հայկ Իսախանյանը ընկերության աշխատակիցներին փոխանցեց հանքավայրի շահագործման դեպքում մարզին սպառնացող ռիսկերի ու վտանգների մասին տեղեկատվությունը՝ պահանջելով կցել այն հանրային լսման արձանագրությանը։
Ընկերության աշխատակիցը նշեց, թե հանքավայրը շահագործման դեպքում կշահագործվի ստորգետնյա եղանակով։ «Պոչամբարի չի լինելու, լինելու են չոր պոչեր, զանգվածը ջրազրկվելու է, մնացած մասը բրիկետավորվելու է և պահեստավորվի հատուկ պահեստում։ Արմանիսի ոսկու հանքավայրում է նման պրակտիկա եղել, Շամլուղում»,- ասաց նա։
Ի պատասխան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանն արձագանքեց․ «Այդ տեխնոլոգիան իրեն չի արդարացնի։ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն առաջին ընկերությունն էր, որ այդ տեխնոլոգիան կիրառեց, բայց մինչ այսօր շահագործում է Նահատակի պոչամբարը, որը պետք է մի քանի անգամ արդեն ռեկուլտիվացված լիներ։ Արմանիսն էլ վատ օրինակ է։ Ամբողջ Արմանիսը թափոնների մեջ է։ Արմանիսը շահագործվել է, և ապարները սփռված են գյուղատնտեսական դաշտերով, և դրենաժները լցվում են գետ։ Հայաստանում այդ տեխնոլոգիաների կիրառման փորձերը շատ վատն են»։
Երկխոսությանը միջամտեցին հանքի շահագործմանը կողմ տեղի բնակիչներ, վեճ բռնկվեց։ Իրավիճակը մեղմվեց ոստիկանների միջամտությամբ։ «Սա մենք չենք կարող համարել հանրային լսումներ, որտեղ բոլորը կարողացան արտահայտել իրենց կարծիքը։ Տեղական իշխանությունները նախ պարտավոր են ապահովել այնպիսի միջավայր, որ ՀՀ ցանկացած քաղաքացի, կարողանա իր ասելիքը ասել»,- ասաց Օլեգ Դուլգարյանը։
Նշենք, որ «Վայք գոլդ ռիսորսիզ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնված հանրային լսումներ անցկացվեցին նաև Ազատեկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։ Այստեղ էլ ընկերության աշխատակիցը ներկայացրեց, թե ծրագրով ինչ են նախատեսում անել։ Ազատեկի բնակիչները հետաքրքրվեցին, թե հանքի հնարավոր շահագործման դեպքում իրենք ինչպես են օգտվելու, որքան գումար է հատկացվելու բնակավայրին։ Ընկերության ներկայացուցիչն արձագանքեց, թե պատրաստ են 200 հազար դոլար տրամադրել, աշխատանքի ընդունման ժամանակ նախապատվությունը կտրվի Ազատեկի բնակիչներին, սոցիալական մասհանումներ կկատարվեն հօգուտ համայնքի։ «Բացի բոլոր հարկերից ընկերությունը վճարելու է նաև ռոյալթի, և դրա 2 տոկոսը գալիս է համայնք։ Ընկերությունը հուշագիր է կնքելու բնակավայրի հետ»,- նշեց ընկերության աշխատակիցը։
Հայկ Իսախանյանն այս լսումների ընթացքում նույնպես ներկայացրեց, թե ինչ ռիսկեր ու վտանգներ կարող են լինել հանքի շահագործման դեպքում։ «Ի՞նչ մտահոգություն ունենք։ Ձեր ջուրը գալիս է մեզ մոտ։ Ես Զառիթափում արդեն տրամադրել եմ տեղեկատվություն։ Արենի համայնքի բնակիչների ստորագորւթյուններն են՝ և դեմ, և կողմ։ Նույն հանքի մասին է, կցեք ձեր փաստաթղթերին, ներկայացրեք ավագանու նիստին»,- նշեց Հայկ Իսախանյանը։
Օլեգ Դուլգարյանն էլ հավելեց, թե լսումներին ներկա են ազդակիր բնակավայրից շատ քիչ բնակիչներ։ «Ձեր բնակչության չնչին տոկոսն է մասնակցում այս լսումներին։ Մինչդեռ սա միակ լսումներն են, որտեղ համայնքի բնակիչների ձայնը օրենքի ուժ ունի»,- նշեց նա։
Ներկա բնակիչներից առաջարկ հնչեց հրապարակել, թե կոնկրետ ինչ աշխատատեղեր են ստեղծվելու և ինչ ներդրումներ են կատարվելու բնակավայրում, նաև հրապարակել «Վայք գոլդ» ընկերության կողմից նախկինում կատարված հետազոտությունները և ուսումնասիրությունները։ Բարձրացվեց նաև ստորգետնյա պայթեցումների ռիսկի խնդիրը։
Հունիս 06, 2025 at 17:37