

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ցանկանում է ավելացնել հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրողականությունը մինչև 1 միլիոն տոննա, նաև վերակառուցել Գեղանուշի պոչամբարն ու վերանորոգել Գեղանուշ գետը տեղափոխող թունելը։
Այս նախաձեռնության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտի վերաբերյալ առաջին հանրային քննարկումը նշանակված է սույն թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Կապանի մշակույթի կենտրոնի շենքում։
Ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանի՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին ուղղված գրության մեջ նշված է, որ հարստացուցիչ ֆաբրիկայի դրվածքային հզորությունն ըստ տարեկան վերամշակվող հանքաքարի մեկ միլիոն տոննա է: Սակայն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությամբ ներկայում ֆաբրիկան սահմանափակված է տարեկան 600 հազար տոննա արտադրողականությամբ: Ընկերությունն առաջարկում է հանել այդ սահմանափակումը և թույլատրել ֆաբրիկայի աշխատանքն ամբողջ նախագծային հզորությամբ, ինչը հնարավորություն կտա վերամշակել ինչպես Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրից արդյունահանվող հանքաքարի ամբողջ ծավալը, այնպես էլ նախագծային ծավալներով հանքաքար արդյունահանել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրից և արդյունահանված հանքաքարն ամբողջությամբ վերամշակել ֆաբրիկայում: Նշենք, որ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի տարեկան արտադրողականությունը 100,0-300,0 հազար տոննա է ըստ ժամանակացույցի։
Նշված է, որ ընկերությունն իրականացրել է նաև Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի պաշարների վերագնահատում։ Կազմված պաշարների նոր հաշվարկի վերաբերյալ հաշվետվությունը ներկայում ընդերքաբանական փորձաքննության գործընթացում է ՀՀ համապատասխան պետական լիազոր մարմիններում: Ընկերությունը հետագայում մտադիր է ավելացնել նաև հանքավայրի արտադրողոկանությունը։ «Փորձաքննությամբ հաստատված պաշարներ ունենալուց հետո ընկերությունը մտադիր է կազմել Շահումյանի հանքի շահագործման նոր նախագիծ, որով տարեկան արտադրողականությունը, հաշվի առնելով լեռնատեխնիկական հնարավորությունները, կհասցվի մինչև միլիոն տոննա հանքաքարի: Այդ նախագիծը նույնպես ենթարկվելու է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության և հաստատումից հետո ներդրվելու է կոմբինատում, ինչը հնարավոր կդարձնի հարստացուցիչ ֆաբրիկայի առկա վերամշակման հզորություններն ամբողջությամբ ծանրաբեռնել Շահումյանի հանքի հանքաքարով», - նշված է Դավիթ Դանիելյանի գրության մեջ։
Ընկերության գլխավոր տնօրենը ներկայացնում է հաջորդ նախաձեռնությունները։ Գեղանուշի պոչամբարի մասով նշված է, որ այն նախագծվել և շահագործվել է որպես վերընթաց տեսակի պոչամբար: Պոչամբարի այդ տեսակի անվտանգային պարամետրերը զիջում են հնարավոր մյուս երկու տեսակների՝ վարընթաց և կենտրոնահեն պոչամբարների անվտանգային պարամետրերին: 2024 թվականի ընթացքում ընկերությունն իրականացրել է պոչամբարի պատվարների լրացուցիչ ամրաբեռնում: Սակայն, ըստ ընկերության, այդ փոփոխությունը չի լուծել հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեության երկարաժամկետ հեռանկարում շարունակականության խնդիրը: «Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է Գեղանուշի պոչամբարի զարգացման մոդելը 2028 թվականի հունիսից 2-ից պատվարների համար միաժամանակ փոխել կենտրոնահեն տեսակի, ինչն առավել անվտանգ է շրջակա միջավայրի համար և հնարավորություն կտա ֆաբրիկայի համար ապահովել պոչանքների տեղակայման ծավալ մինչև 2038 թվականը», - նշված է գրության մեջ:
Հաջորդիվ, Գեղանուշ գետակի ձորում՝ պոչամբարի տեղակայման համար 2007-2009 թվականներին կառուցվել է գետակի ջրի տեղափոխման՝ պոչամբարի տարածքը շրջանցող թունել: Նշված է, որ շահագործման ընթացքում թունելի երեսարկը ենթարկվել է տարբեր քայքայիչ ազդեցությունների և որոշ հատվածներում վնասվել: Ուսումնասիրվել է թունելի ամրությունը և վեր հանվել, որ երեսարկի վնասվածքները չեն սպառնում թունելի կառուցվածքային ամբողջականությանը, քանի որ այն հորատանցված է բարձր կրողունակության ժայռային ապարներով: Սակայն երեսարկի շարունակական քայքայումը կարող է հանգեցնել դրա հատվածային փլուզումների, խոչընդոտել ջրի անցումը, առաջացնել խցանումներ, ջրհեղեղի վտանգներ: «Դա կանխարգելելու նպատակով մշակվել է թունելի ճաքերի, դրանց հետևում առաջացած դատարկությունների և այլ վնասվածքների վերացման նախագիծ», - հայտնում է ընկերության գլխավոր տնօրենը։
Նշենք, որ այս հանքավայրը և կոմբինատը տասնամյակներ շարունակ շահագործվել են տարբեր ընկերությունների կողմից՝ այդ թվում տարբեր երկրների։ Ներկայում, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, շահագործողը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն է, որի 100 տոկոս սեփականատերը ՀՀ քաղաքացի Սասուն Ավետիսյանն է։ Ընկերությունն ունի ընդերքօգտագործման թույլտվություն մինչև 2050 թվականը։
Հունիս 13, 2025 at 17:23