«Մետա գոլդ» ՍՊԸ-ի հանրային լսումն անցել է օրենքի կոպիտ խախտումներով․ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանը, շահագործմանը դեմ նախաձեռնող խմբի անդամներ

«Մետա գոլդ» ՍՊԸ-ի հանրային լսումն անցել է օրենքի կոպիտ խախտումներով․ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանը, շահագործմանը դեմ նախաձեռնող խմբի անդամներ

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանը, շահագործմանը դեմ նախաձեռնող խմբի ղեկավար Հարություն Գևորգյանը և օգնական Հայկ Իսախանյանը նամակով դիմել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին, Եղեգնաձոր խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանին։ Նրանք պահանջում են մերժել «Մետա գոլդ» ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման ուսումնասիրության հայտը:

Նամակում նշված է․

«2025թ. հուլիսի 7-ին Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի մշակույթի տանը տեղի ունեցավ առաջին հանրային լսումը «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊ ընկերության նախաձեռնությամբ, Եղեգնաձոր համայնքի տարածքում Գլաձորի բազմամետաղային հանքավայրի տարածքում իրականացնել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ուսումնասիրության աշխատանքներ:

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆ ԱՆՑԱՎ ՕՐԵՆՔԻ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ

«ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊ ընկերությունը ստեղծվել է 2025թ. մայիսի 23-ին, չունի հանքարդյունաբերության ոլորտում կենսագրություն, իրական շահառուն 100 տոկոս բաժնեմասով Մանվել Անդրանիկի Ղազարյանն է, ով նաև «ՎԵԴԻ ԱԼԿՈ» Ընկերության սեփականատեր,ն է որի կազմում է Վայոց ձոր մարզի Գետափի գինու գործարանը և ունի մեծ քանակությամբ խաղողի այգիներ մարզում և թողարկում է Գետափի Վերնաշեն, Արենի գինիներ:

Հանրային լսումը բացեց «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը, նշեց, որ ժամանակն է զարգացնել Վայոց ձորում մետաղական հանքարդյունաբերությունը, որը կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր, կբարձրացնի ժողովրդի բարեկեցությունը։ Չպարզաբանեց և չվերլուծեց, թե ինչպես կարելի է համատեղել Վայոց ձորում 30 տարի զարգացող այգեգործությունը, գինեգործությունը, անասնապահությունը, տուրիզմը, էկոլոգիապես մաքուր սննդի արտադրությունը, որում այսօրվա պայմաններում զբաղված են մարզի քսանհինգ հազար բնակիչներ, բազմամետաղային հանքարդյունաբերության հետ, որոնք, մեր կարծիքով, անհամատեղելի են:

Հանքարդյունաբերության զարգացման դեպքում «ՎԵԴԻ ԱԼԿՈ» ընկերության կարգախոսը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ․ «Լավագույն ավանդույթները չեն շարունակվում»։

Հանրային լսմանը մասնակցում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, չկարողացանք ըմբռնել մասնակցության նպատակը, որովհետև չարտահայտեց որևէ կարծիք այն մասին, որ Խորհրդային Միության տարիներին Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման դեպքում Վայոց ձորի բնակչությունն ամբողջությամբ 30 կմ շառավղով պետք է տարհանվեր այլ բնակավայրեր, հանքավայրում կապարի, որը բնության մեջ առաջանում է միայն ուրանի և թալիումի իզոտոպներից, կադմիումի, ցինկի մեծ քանակության պատճառով: Ունենք մի քանի տեսաձայնագրություններ:

Եղավ հարցադրում Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հանդես գալ Ազգային ժողովում նախաձեռնությամբ, փոփոխել «Ընդերքի մասին» օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետություն ցանկացած մետաղական հանքարդյունաբերության բաժնետոմսերի 75 տոկոսը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության բացառիկ սեփականությունը, ինչպես հարևան պետություններում։ Այդ պայմաններում մեր հայրենիքը կհզորանա և ժողովուրդը կապրի բարեկեցիկ, եթե կիրառվեն ժամանակակից անվնաս հանքարդյունաբերության տեխնոլոգիաներ:

Ելույթ ունեցավ «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Օսիկյանը, ով 2010թ. ներկայանալով «Վայք Մետալ», «Վայք Ռեսուրս», «Մետալ Գոլդ», «Մետա Գոլդ» ընկերությունների տնօրեն կամ մասնագետ, հանդիսանալով նախաձեռնող՝ դիմում է համայնքին՝ ձեռք բերելու Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրության, արդյունահանման թույլատվություն։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից երկու անգամ ստացել է ՇՄԱԳ բացասական եզրակացություն, որի հիմքում շրջակա միջավայրի ջրային ռեսուրսների աղտոտման և վայրի կենդանիների ծնատեղիի պատճառով և մեզ համար անհասկանալի է դեռևս քանի անգամ պետք է գա Վայոց ձոր՝ չհարգելով իրեն և մեզ, որովհետև ունի Գլաձորի ավագանու երկու որոշում հանքարդյունաբերությունը մերժելու վերաբերյալ, մեկ ավագանու որոշում տարածքն էկո-տնտեսական տարածք դարձնելու և Եղեգնաձորի խոշորացված համայնքից ստացված հանրային լսման բացասական եզրակացություն:

Նախաձեռնող խումբը նախօրոք էլեկտրոնային տարբերակով ներկայացրել էր համայնքապետարան Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրության և արդյունահանման դեպքում Վայոց ձորի տարածաշրջանի և Սևանա լճի սպասվելիք վնասները և ռիսկերը:

Հետևյալն են․

  • Տարածքների կայուն և հարատև թունավորում, որի հետևանքով դառնալու են օգտագործման համար ոչ պիտանի, այսինքն, տարածքների առմիշտ կորուստ
  • Հազարավոր տարիներ թափոնների՝ դատարկ ապարների և պոչանքի կառավարում, որը մեծ գումարներ է պահանջում
  • Ջրի ծավալների նվազում, ջրային համակարգի թունավորում, վտանգվելու է Արփա, Եղեգիս գետերի և Սևանա լճի մաքրություն
  • Տեղանքի երկրաբանական կառուցվածքի ձևափոխում, խաթարում
  • Բուսականության կորուստ
  • Վայրի կենդանիների կորուստ
  • Բնակչության ապրելու միջավայրի որակի անկում
  • Երկրագործության, խաղողագործության, գինեգործության և անասնապահության արտադրանքի նվազում և որակի անկում
  • Բնակչության եկամուտների նվազում, սոցիալական իրավիճակի նվազում, արտագաղթ, բնակավայրերի ամայացում
  • Տարերային աղետներից, դիվերսիաներից, շարունակվող պատերազմական գործողություններից, հանքի սիստեմատիկ պայթեցումներից պոչամբարը, Հերհերի, Կեչուտի ջրամբարները, Արփա-Սևան թունելը ապահովագրված չեն, կվտանգվեն մարզի ամբողջ ջրային ռեսուրսները, տնտեսությունը։

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի պաշարները հաստատվել են ԷԲՊՆ-ի, ՕՀՊԳ կողմից 11.11.2010թ.-ի N 276 որոշմամբ C1+C2 կարգերով հետևյալ քանակությամբ։

Ունենալով նախկին ուսումնասիրության հաստատված պաշարները՝ նոր ուսումնասիրության անհրաժեշտություն չենք տեսնում։

Խորհրդային Միության տարիներին կառավարությունը գիտեր Գլաձորի հանքավայրում մետաղների տեսակների և քանակության վերաբերյալ և ինչպիսի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։ Հաշվի առնելով ժողովրդի, պետության շահը, կանխատեսվելիք վնասները մարդկության և շրջակա միջավայրի վրա, անդառնալի կորուստների ծավալների մեծությունը՝ այն չի շահագործվել։ Շահագործման դեպքում նախկին Եղեգնաձորի և Վայքի շրջանների բնակիչներն ամբողջությամբ պետք է տեղափոխվեին այլ տարածաշրջան։ Կարող ենք ներկայացնել 1960-1980թթ․ Եղեգնաձորի շրջանի ղեկավարների, բնակիչների, մասնագետների, երկրաբանների մի քանի տեսաձայնագրություններ:

Վայոց ձորն ամբողջությամբ գտնվում է Վեդի-Վայք ուրանային հանքաշերտի վրա, ցանկացած մետաղական հանքարդյունաբերություն ուղղորդվում է ռադիոակտիվության ֆոնի ակտիվացմամբ, քանի որ հանքավայրերը հարուստ են կապարով, իսկ բնության մեջ կապարն առաջանում է ուրանի և թալիումի իզոտոպներից, Վայոց ձոր մարզի լեռնաշղթաները երիտասարդ են, այդ պրոցեսը կարող է շարունակվել միլիոնավոր տարիներ։

Այսօր ինքնիշխան պետության պայմաններում հանքարդյունաբերության ոլորտում պետության և ժողովրդի շահերը երկրորդականացված, նույնիսկ անտեսված են։ Այդ քաղաքականությունը նպաստում է ժողովրդի ունեցվածքը նվիրել մի քանի անհատների։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ հետագայում այդ ընկերությունները բաժնետոմսերը վաճառում են արտասահմանյան ընկերությունների։

Հայաստանի Հանրապետության հզորացման համար պահանջում ենք փոխել «Ընդերքի մասին» օրենքը, ցանկացած մետաղական հանքարդյունաբերության հսկիչ փաթեթը մինչև 75 տոկոսը պետք է լինի պետության բացառիկ սեփականություն, որովհետև, համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 10. «Սեփականության երաշխավորումը։ Ընդերքը ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են»: Նման մոտեցում կա մեր հարևան բոլոր պետություններում:

«ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանքավայրի համառոտ նկարագիրը և իրադրության սխեման թերի է, ոչ լիարժեք, չի ուսումնասիրել և չի ներառվել այն բոլոր ռիսկերը, որոնք կառաջանան ուսումնասիրության և արդյունահանման դեպքում, չի կատարվել ՇՄԱԳ օրենքի հոդված 28-ի 5 մասի պահանջները:

  • Համաձայն օրենքի՝ պետք է նկարագրվեր ուսումնասիրությունից արդյունահանում արտադրական համառոտ սխեման, որը բացակայում է։
  • Չի ներկայացրել այն ռիսկերը՝ կապված ուսումնասիրվող հանքավայրի և ուրանային հանքաշերտերի ու կապարի մեծ քանակության հետ, որովհետև կապարը ստացվում է ուրանի և թալիումի իզոտոպներից, նման մետաղական հանքարդյունաբերությունը ուղեկցվում է ուրանային ճառագայթման ֆոնի ավելացմամբ։
  • Հանքավայրը գտնվելով բնության հատուկ պահպանվող տարածքում՝ Եղեգնաձորի արգելավայր՝ որը ստեղծվել է 1971թ. 4200հա տարածքով, կանխատեսելի ռիսկերը կենդանական և բուսական աշխարհի վրա, և կառավարության կողմից ներկայացվել է առաջարկություն արգելավայրի տարածքը ընդլայնելու վերաբերյալ։ Բացակայում է ստորգետնյա ջրային քարտեզը և հնարավոր ծանր մետաղներով հարստացված ստորգետնյա ջրերի Արփա-Սևան ջրատար, Եղեգիսի կիրճ և Սևանա լիճ թափանցելու ռիսկերը:
  • Ուսումնասիրվող հանքավայրի հարևանությամբ 3500 հա. սեփականաշնորհված խոտհարքների, արոտավայրերի հետագա ճակատագիրը:

Մենք գտնում ենք՝ «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի ներկայացրած հանքավայրի նախագծով կատարվող ուսումնասիրություններն այսօրվա գործող տեխնոլոգիաներով հանքարդյունաբերությունն անհմատեղելի է մեր ապրելակերպին:

Հանրային լսման ժամանակ, երբ սկսվեց մտքերի փոխանակությունը և ելույթները, համայնքի մի խումբ բնակիչներ, ովքեր կողմ էին հանքարդյունաբերությանը, ինչպես նախորդ տարիներին, նույն մարդիկ սկսեցին խանգարել հանքարդյունաբերությանը դեմ ելույթներին, թույլ չտվեցին մտքերի փոխանակությանը և հնարավորություն չընձեռնվեց մասնակիցներին ստանալ իրեն հարցերի պատասխանը և ելույթ ունենալ։

Համայնքապետարանի կողմից կազմվել էր մասնակիցների օրինակելի ձևաթուղթ՝ ցուցակ, որտեղ լրացվում էր մասնակցի ստորագրություն և հետադարձ կապ։

Արամ Օսիկյանը նախաձեռնեց կողմ, դեմ, ձեռնպահ մասնակիցների ստորագրահավաք, որտեղ բացակայում էր հետադարձ կապը կամ ստորագրողի անձնական տվյալներ։ Ստորագրահավաքի ամբողջ ընթացքում Արամ Օսիկյանը կանգնեց ստորագրվող սեղանի կողքին՝ ուղորդելով ստորագրողներին։ Հանրային լսումը խանգարող խումբն արգելափակել էր ստորագրվող տարածքն այնպես, որ մասնակիցները հնարավորություն չունենան իրենց կամքը արտահայտելու։ Դահլիճում առկա էր մոտավորապես 400 մասնակից, նրանք ստորագրեցին այնքան, ինչքան ցանկացան։ Հանքավայրին կողմ մասնակիցները ստորագրել են ձեռնպահի սյունակի մեջ։ Նշված փաստաթղթից հնարավոր չէ վերլուծել մասնակիցների կարծիքը։ Առկա են անընթեռնելի, կրկնվող ձեռագրերով ստորագրություններ, առաջարկում ենք փաստաթուղթն ամբողջությամբ ճանաչել ոչ իրավաչափ:

Ելույթների ժամանակ մասնակիցները ներկայացրին հանքավայրին դեմ նախորոք կատարված պատշաճ 1100 ստորագրահավաք, որը հանձնվեց հանրային լսման պատասխանատու Սամվել Այվազյանին։

Մենք գտնում ենք, որ հանրային լսումն անցել է օրենքի կոպիտ խախտումներով, որի համար տալիս ենք բացասական եզրակացություն և խնդրում ենք Եղեգնաձորի խոշորացված համայնքի ավագանուն ուսումնասիրել վերը նշված փաստերը, տալ հանրային լսմանը բացասական գնահատական, արգելել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությունը և արդյունահանումը՝ հիմք ընդունելով նախկինում կայացված ավագանիների որոշումները և կատարված հանրագրի ստորագրության արդյունքները, որին մասնակցել են 2248 քաղաքացի։ 91 տոկոսը դեմ է արտահայտվել հանքարդյունաբերությանը, նախաձեռնությունը չուղարկել ՇՄԱԳ փորձաքննության»։

Հուլիս 17, 2025 at 16:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր