

«Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ (Լոռի DMO)-ն արտահայտում է իր մտահոգությունը ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի տարածքում ոսկի և այլ մետաղներ փնտրելու, ինչպես նաև հանքարդյունաբերական տարածքների ընդլայնման ու նոր հանքեր շահագործելու շարունակական փորձերի առնչությամբ։
Զբոսաշրջությունը ՀՀ Լոռու մարզի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է, իսկ ըստ Լոռու մարզի կայուն զբոսաշրջության զարգացման մինչև 2027 թվական ճանապարհային քարտեզի՝ կայուն զբոսաշրջությունը՝ զարգացման առաջնահերթություններից մեկը։ Փամբակն այն համայնքներից է, որտեղ զբոսաշրջությունը շարունակաբար զարգանում է և միտում ունի դառնալ մարզի զբոսաշրջության խոշորագույն կենտրոններից՝ դառնալով ՀՀ զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից։ Դրա վառ օրինակն են Մարգահովիտ, Դեբետ, Փամբակ, Վահագնի և մյուս բնակավայրերում զբոսաշրջային ենթակառուցվածքների շարունակական ավելացումը և անշարժ գույքի գների կայուն աճը։
Բացի այդ այդ, զբոսաշրջության զարգացումը ամրագրված է ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի հնգամյա զարգացման ծրագրում, որպես համայնքի զարգացման տեսլականներից մեկը, որում մասնավորապես ամրագրված է «Մեծ զարկ տալ տուրիզմի զարգացմանը» դրութը։
Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրը ևս ունի զբոսաշրջային զարգացման մեծ պոտենցիալ՝ իր բացառիկ աշխարհագրական դիրքի, բնության, մարզկենտրոնին մոտ լինելու և մի շարք այլ ռազմավարական կարևորության հատկանիշներով։ Չնայած Քարաբերդում առկա են քաղաքացիական նախաձեռնություններ ստեղծվող հյուրատների և զբոսաշրջային ծառայությունների տեսքով, բնակավայրի այդ ուղղությամբ շարունակական զարգացումը կանգ է առել բնակավայրի հողերում մետաղական հանքի շահագործմամբ։ Դրա վառ վկայությունն այն է, որ վերջին տարիներին այլևս նոր հյուրատներ բնակավայրում չեն կառուցվում, իսկ զբոսաշրջիկների թիվը ոչ թե աճել է, այլ նվազել։
Քարաբերդում հանքարդյունաբերության ընդլայնումը դուրս կմղի բնակավայրը զբոսաշրջության զարգացման պոտենցիալ ունեցող բնակավայրերի ցանկից և լուրջ սպառնալիք կհանդիսանա համայնքի մյուս բնակավայրերի զբոսաշրջության զարգացման համար։ Այն վտանգելու է հյուրընկայության և սպասարկման ոլորտի կառույցների գործունեությունը, հատկապես՝ էկո-զբոսաշրջության ոլորտում՝ արդյունքում հանգեցնելով զբոսաշրջիկների հոսքի նվազեցմանը։
Քարաբերդում նոր հանքերի առկայությունը և հանքարդյունաբերության ընդլայնման հեռանկարը շոշափելի ռիսկ է նաև Վանաձորի զբոսաշրջության ոլորտի համար։ Բավարար է միայն արձանագրել, որ Քարաբերդի ներկայիս հանքն արդեն իսկ խաթարում է քաղաքի գեղագիտական տեսքը, քանի որ հանքավայրը շատ մոտ է գտնվում Վանաձոր քաղաքին, Վանաձորի կենտրոնական փողոցներից՝ բնական լանդշաֆտի փոխարեն, տեսանելի են Քարաբերդի ոսկու հանքավայրը ու դրա հետևանքով վնասված բնապատկերները։ Սա ոչ միայն տեսողական ազդեցություն է թողնում, այլ նաև վնասում է էկոհամակարգը՝ ստվերելով կայուն զբոսաշրջային դեստինացիա դառնալու Լոռու մարզի շարունականան ջանքերը։
Համայնքները պետք է զարգանան կայուն և էկոհամակարգերը չվնասող ռազմավարական մոտեցմամբ, իսկ հանքարդյունաբերության ընդլայնումը հակասում է այդ մոտեցմանը։
Հորդորում ենք Փամբակ համայնքի ՏԻՄ-ին միջոցներ ձեռնարկել Քարաբերդում սույն թվականի օգոստոսի 13-ին նշանակված հանրային լսումների չեղարկման ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ այս տարի համայնքի բնակիչներն արդեն երեք անգամ արտահայտել են իրենց հստակ դիրքորոշումը՝ դեմ արտահայտվելով նոր հանքերի բացմանն ու հանքերի ընդլայմանը, ինչը կարող է վնաս հասցնել իրենց բարեկեցությանը, մասնավորապես՝ գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը և առողջությանը։
«Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ (Լոռի DMO)
Օգոստոս 11, 2025 at 12:26