Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները. Լիդիան Արմենիա

Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները.  Լիդիան Արմենիա

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով շինարարական աշխատանքները վերսկսվել են։

«Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար:

Ընկերությունը վերահաստատում է իր պարտավորվածությունը հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան, ինչպես դա արել է նախկինում:

Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա տնտեսական զարգացման և հատկապես Ամուլսարի շրջակա համայնքների համար: Մասնավորապես, ոսկու ներկայիս միջազգային շուկայական գների պայմաններում, շահագործման ընթացքում Ընկերությունը նախատեսում է վճարել տարեկան 100-120 մլն ԱՄՆ դոլար հարկեր և ռոյալթիներ: Ստեղծվելու է 1000 ուղղակի և մոտ 5000 անուղղակի աշխատատեղ, ՀՆԱ-ն, ըստ կանխատեսումների, աճելու է լրացուցիչ 1%-ով», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա»-ն օգտվեց «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու  մասին» ՀՀ օրենքից, որի 55.1 հոդվածով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժների, փոթորիկների կամ այլ բնական աղետների, պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, այդ թվում և քաղաքացիական անհնազանդության հիմքով: Օրենքը ընդունվել է 2022 թվականին, երբ Ամուլսարի ծրագիրը շուրջ 4 տարի կանգնեցված էր․  հանքավայրի շահագործմանը դեմ տեղի բնակիչները և բնապահպանները փակել էին դեպի Ամուլսար տանող ճանապարհները։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ Հ/Ա-2022/25 գրությամբ դիմեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն խնդրանքով՝ ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը 3 տարի 5 ամիս 20 օրով երկարաձգելու: Նախարարությունը բավարարեց ընկերության դիմումը։  

Օգոստոս 11, 2025 at 15:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր