

2025թ․ օգոստոսի 22-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի երեք բնակավայրերում՝ Վայքում, Ազատեկում և Զառիթափում, կայացան «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնված հանրային լսումները։ Ընկերությունը մտադիր է Վայք համայնքի տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել։
Հանրային լսումները մեկնարկեցին Ազատեկ բնակավայրում։ «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ի ներկայացուցիչը նշեց, որ ընկերությունը մտադիր է վերագնահատման աշխատանքներ իրականացնել։ «Ճիշտ է՝ հաստատված պաշար կա, բայց այն ինչ-որ խնդիրներով է հաստատվել, և պետությունը սահմանել է, որ ընդերքօգտագործողը նախքան արդյունահանումը պետք է այդ պահանջը կատարի նախքան հաջորդ փուլին անցնելը։ Մեր նպատակն է հասկանալ, թե որքան հանքաքար կա։ Մեր ընկերությունը միշտ համայնքի կողքին է լինելու, պարբերաբար սոցիալական ծրագրեր է իրականացնելու, պայմանագրով նախատեսված պարտավորություններից զատ այլ ծրագրեր ևս կիրականացնենք»,- նշեց նա։
Ընկերության երկրաբանը ներկայացրեց նախատեսվող ծրագիրը։ «Ազատեկի ոսկու հանքավայրը տարբեր ժամանակներում ուսումնասիրվել է, լրահետախուզական աշխատնքների արդյունքում կկազմվի հաշվետվություն։ Ուսումնասիրություններ կիրականացվեն հանքավայրի 309 հեկտար տարածքում։ Հորատման համար նախատեսվում է բացել ճանապարհներ, ինչպես նաև հորատման հրապարակներ կառուցել։ Հորատման աշխատանքներ կիրականացվեն 45-510 մ խորությամբ, ընդհանուր 16 000 գծամետր ծավալի աշխատանքներ կլինեն։ Նմուշարկման աշխատանքներ կկատարվեն, որոշվելու է հանքաքարի մշակման օպտիմալ սխեման, որոնց արդյունքում կկազմվի հաշվետվություն, կուղարկվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն պաշարների հաստատման համար»,- նշեց նա։
«Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ի ներկայացուցիչները խոսեցին նաև սոցիալական ծրագրերի մասին՝ խոստանալով տաղանդավոր երեխաներին աջակցել ուսման և սպորտի հարցերով։ Նշվեց Ազատեկում մանկապարտեզի խնդիրը լուծելու պատրաստակամության մասին։
Բնակիչներից մեկը հետաքրքվեց․ «Եթե պարզվի, որ թունավոր նյութեր կան, շահագործելու եք՞»։
Ընկերությունից արձագանքեցին․ «Մենք չենք որոշողը շահագործել, թե՝ ոչ։ Մենք չենք որոշողը թունավոր նյութեր կան, թե՝ ոչ։ Բոլոր պետական կառույցները մասնակից են այս գործընթացին, այս լսումների արդյունքում մենք նոր կարող ենք դիմել իրավունք ստանալու համար։ ՏԿԵ նախարարությունն ուսումնասիրում է փաթեթը, հետո ուղարկվում է այլ պետական կառույցներ՝ փորձաքննության։ Մենք չենք որոշում վնաս է, թե՝ ոչ։ Մենք ներկայացնում ենք, պետությունը՝ որոշում»։
Իրավապաշտպան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը հետաքրքրվեց հայցվող տարածքում ուրանի պաշարների առկայության մասին՝ մեջբերելով Պետրոս Ալոյանի աշխատության արդյունքները։
Ընկերության ներկայացուցիչն արձագանքեց, որ լաբորատոր նմուշարկման ժամանակ բացահայտվում է զանգվածի մեջ ինչ կա և ինչ պարունակությամբ։ «Մենք ուսումնասիրություն կանենք, ու եթե պարզվի, որ ուրան կա և դա կարող է շրջակա միջավայրին ու մարդկանց վնաս պատճառել, պետությունը մեզ իրավունք չի տա, բացի այդ, մենք չենք էլ ուզի այդ իրավունքը վերցնել։ Մենք չենք անի մի աշխատանք, որը համայնքին, շրջակա միջավայրին ու մարդկությանը վնաս կտա»,- նշեց նա։
Օլեգ Դուլգարյանը նաև սոցիալական ծրագրերի մասին հարց հնչեցրեց՝ ընդգծելով ընկերության գործունեության հետևանքով տնտեսական օգուտ-վնաս հաշվարկի անհրաժեշտության մասին։ «Միջնաժամկետ կամ երկարաժամկետ հաշվարկ կա՞ օգուտ-վնասի մասով։ Պետք է ասեք, թե ձեր գործունեությունն այսինչ կտրվածքում այսքան օգուտ կտա, այսքան վնաս։ Երբ խոսում եք օգուտի մասին, պետք է նաև վնասների մասին խոսեք։ Հնարավո՞ր է հանքարդյունաբերության կողքին գյուղատնտեսություն զարգացնել»,- հարցրեց նա։
Օլեգ Դուլգարյանի հարցադրումներից հետո հանրային լսումներին ներկա բնակիչների միջև վիճաբանություն տեղի ունեցավ, ինչը հարթվելուց հետո տեղի բնակիչներն ընկերության հետ սկսեցին քննարկել իրենց բնակավայրում անհրաժեշտ սոցիալական ծրագրերի հարցերը։
Ազատեկից հետո հաջորդ լսումները տեղի ունեցան Վայքի համայնքապետարանում։ Ընկերության ներկայացուցիչներն այստեղ ևս խոսեցին սոցիալական ծրագրերի իրականացման մասին, աշխատատեղերի ստեղծման հեռանկարի մասին։ Ընկերության երկրաբանը ներկայացրեց հանքի նախապատմությունը, թե որ տարիներին, ինչ աշխատանքներ են այնտեղ տարվել։
Բնակիչներից մեկը հետաքրքվեց, թե Վայքի գերեզմանների տարածքը մտնում է իրենց կողմից հայցվող տարածքի մեջ, ինչին ի պատասխան ընկերության ներկայացուցիչները հստակ պատասխան չունեին։
Մեկ այլ բնակիչ բարձրաձայնեց Վայոց ձորում երիտասարդ տարիքում մահացության դեպքերի հաճախակիության մասին։ «Վայք քաղաքում ամենից մեծ կորուստը ինսուլտ, ինֆարկտն է 40 տարեկան մարդկանց շրջանում։ Իբր քիչ են քանդել, հիմա նորից դուք եք ուզում հանք բացելու թույլտվություն ստանալ։ Առանց այն էլ մարդ չի մնացել Վայք քաղաքում»,- ասաց բնակիչը։
Ի պատասխան ընկերության ներկայացուցիչը արձագանքեց․ «Իսկ ինչ վատ կլինի, որ աշխատատեղեր ստեղծվեն։ Երկիրը կեղտոտվել ա, դա բոլորիս մտահոգությունն է, միայն Վայքինը չէ։ Այնպես չի, որ հանքի ուսումնասիրությունը, շահագործումը վնաս է բնությանը։ Կարելի է ամեն ինչ այնպես անել, որ ոչ մեկին վնաս չլինի, հակառակը՝ օգուտ լինի։ Եթե դու պահպանում ես նորմերը, կարգերը, դու բնությունը չես աղտոտում։ Եթե մեր ծրագիրը ստացվի, մենք շատ ուրախ կլինենք, որ բնակիչները գան մեզ մոտ ինչ-որ ծրագրերով, մենք անենք ու շրջակա միջավայրը մաքրենք»։
Սակայն բնակիչը նշեց, որ իրենց աշխատատեղ պետք չէ, մարդիկ են մահանում․ «Այստեղ մնացել են մեծ մարդիկ ու գնում են իրար հետևից, ջահելները տեսան, որ ինֆարկտից գնում են, բոլորը հեռացել են։ Աշխատատեղը պատճառ չի, ուզում ես համոզել աշխատատեղ ստեղծելու համար։ Մեզ աշխատանք այլևս պետք չէ, մեզ բնություն է պետք, մաքուր օդ»։
Երրորդ լսումները կայացան Զառիթափ բնակավայրում և տևեցին ընդամենը տաս րոպե։ Ընկերության ներկայացուցիչներն այստեղ ներկայացրեցին նույնը, ինչ նախորդ երկու լսումների ժամանակ էր։
Ներկաներից հետաքրքվեցին, թե քանի տարվա ծրագիր է, ինչին ի պատասխան «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ի ներկայացուցիչն ասաց, որ դա պարզ կլինի պաշարների հաստատումից հետո միայն։
Բնակիչները բարձրաձայնեցին նաև ծրագրի ավարտից հետո հողերի վերականգնման հարցը։ Ընկերությունից հայտնեցին, որ ռեկուլտիվացիոն ծրագրեր լինելու են։
Լուսանկարը՝ www.cvmedia.am կայքից
Օգոստոս 25, 2025 at 15:54
