


Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանին ս․թ․ օգոստոսի 12-ի N 84-Ա որոշմամբ՝ 22 կողմ ձայներով, նախնական համաձայնություն է տվել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի՝ մինչև 1 միլիոն տոննա արտադրողականության ավելացման, Գեղանուշի պոչամբարի վերակառուցման և Գեղանուշ գետը տեղափոխող թունելի վերանորոգման նախագծերին։ Նույն օրը Կապանի ավագանին N 99-Ա և N 98-Ա որոշումներով համաձայնություն է տվել Կապան համայնքի Գեղանուշ գյուղի Հղեն այգ թաղամաս 12 և թաղամաս 3 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 5․066 հեկտար և 0․72 հեկտար մակերեսով հողամասերն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով մինչև 2050 թվականի ապրիլի 1-ը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին տրամադրելուն՝ որպես պոչամբարի սպասարկման հողամաս, սահմանելով մեկ հեկտար հողամասի համար 1 033 690 (մեկ միլիոն երեսուներեք հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամ տարեկան վարձավճար:

Նշենք, որ ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի տարեկան արտադրողականությունը 600 հազար տոննա է։ Ըստ ընկերության՝ մինչև 1 միլիոն տոննա արտադրողականության ավելացումը հնարավորություն կտա վերամշակել ինչպես Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրից արդյունահանվող հանքաքարի ամբողջ ծավալը, այնպես էլ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրից: Հետագայում ընկերությունը մտադիր է ավելացնել Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արտադրողականությունը։ Այդ նպատակով իրականացվել է հանքավայրի պաշարների վերագնահատում։ Նպատակն է հարստացուցիչ ֆաբրիկայի առկա վերամշակման հզորություններն ամբողջությամբ ծանրաբեռնել Շահումյանի հանքի հանքաքարով։ Իսկ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հենքի վրա պետք է կառուցվի հարստացուցիչ ֆաբրիկա։ Իսկ Գեղանուշի պոչամբարը վերընթաց տեսակի մոդելից կվերակառուցվի կենտրոնահեն տեսակի մոդելի՝ հասցնելով 17․4 միլիոն խմ ծավալի։

Հիշեցնենք, որ ս․թ․ հուլիսին կայացած հանրային լսումների ժամանակ Կապանի համայնքապետ Գևորգ Պարսյանը հնչեցրեց համայնքի պահանջները՝ իրականացնել պոչամբարի ներկա վիճակի մանրամասն ուսումնասիրություն միջազգային հեղինակություն և համապատասխան մասնագիտական հմտություններ ունեցող կազմակերպության կողմից, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող սոցիալական աջակցության փաթեթի գումարը տարեկան 180 միլիոն դրամի փոխարեն սահմանել նվազագույնը 300 միլիոն դրամ։

Կապանի «Երիտասարդների իմպուլս» ՀԿ-ի նախագահ Անի Սարգսյանի կարծիքով՝ տեղի հասարակական կազմակերպություններին ևս պետք է տրվի հնարավորություն մասնակցելու սոցիալական ծրագրերի կազմման գործընթացին։ Ըստ նրա՝ այդ սոցիալական աջակցության փաթեթը մեծամասամբ պետք է ուղղվի ազդակիր բնակավայրեր, մասնավորապես, Գեղանուշ և Գոմարան։ Կազմակերպությունը կարիքի գնահատում է իրականացնում այս բնակավայրերում։ Ըստ Անի Սարգսյանի՝ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ կապված բնակիչների առողջության, բերքատվության անկման, վատ ճանապարհների հետ։

Սահմանին և պոչամբարին մոտ լինելու պատճառով տեղացիները չեն կարողանում զարգացնել գյուղատնտեսություն, անասնապահություն։ «Գեղանուշը, Գոմարանը երեք կողմից «պատնեշված» են՝ մի կողմից սահմանն է, մյուս կողմից՝ Շիկահողի արգելոցը, մեկ այլ կողմից՝ Գեղանուշի պոչամբարը։ Գյուղերը գազաֆիկացված չեն, ճանապարհներն էլ շատ վատ վիճակում են։ Բնակիչները, որոնք գտնվում են պոչամբարի ազդեցության գոտում, չունեն առողջական ապահովագրություն։ Միայն բուժկետ ունեն, որն այնքան բարձր է կառուցված, այնքան վատ է ճանապարհը, որ անգամ երիտասարդն է հազիվ բարձրանում։ Շատ խնդիրներ ունեն ազդակիր բնակավայրերի բնակիչները, որոնք անտեսվում են», - ասաց Կապանի ակտիվ բնակիչ, բնապահպան Սվետլանա Գրիգորյանը։

Տեղի երիտասարդների կարծիքով՝ կոմբինատի արտադրական ծավալների ավելացումը կավելացնի արդեն եղած էկոլոգիական խնդիրները։ Կապանի բնակիչ, աշխարհագրության ուսուցչուհի Արինե Ավանեսյանը նշում է՝ անհրաժեշտ է լուծել արդեն եղած էկոլոգիական հարցերը։ Նա առաջարկում է վերամշակել պոչամբարում կուտակված պոչանքները։ «Բնակիչների անասունները ջուր խմում են այդ պոչամբարից դուրս եկող առվակներից կամ հենց պոչամբարից։ Այդ վտանգավոր նյութերը կաթի և մսի միջոցով կարող են փոխանցվել մարդկանց։ Արտադրողականությունն ավելացնում են, իսկ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում եղած խնդիրները մեղմելու համար», - ասաց Արինե Ավանեսյանը։

Տեղացիներին մտահոգում է, որ Արծվանիկի պոչամբարի հարևանությամբ նոր դպրոց են մտադիր կառուցել, որտեղ պետք է միավորվեն հարակից գյուղերի դպրոցները, իսկ գյուղերում եղած դպրոցները փակվելու են։ «Ի՞նչ տրամաբանությամբ Դավիթ Բեկից երեխաները պետք է հասնեն Արծվանիկ ու հենց պոչամբարի մոտ դպրոց գնան», - զարմանում է Արինե Ավանեսյանը։

Տեղի երիտասարդները նշում են, որ Կապանը կարող էր զարգանալ նաև որպես զբոսաշրջային համայնք։ «Մեր քաղաքը շատ խնդիրներ ունի։ Բոլորը գալիս են, մտածում են, որ ոչ մի խնդիր չկա, ասում են՝ ձեզ մոտ զբաղվածության խնդիր չկա, երկու կոմբինատ ունեք, բարձր աշխատավարձ եք ստանում։ Սակայն այդ ամենը մակերեսին երևացող ինչ-որ բան է։ Մեծ են հանքարդյունաբերության հետևանքով առաջացած խնդիրները՝ հատկապես առողջապահական։ Պետք է վնասները հասցվեն մինիմալի, - ասում է Սվետլանա Գրիգորյանը և նշում, - իմ երազած Կապանում բոլորն ունեն աշխատանք, զարգացած են առողջապահությունն ու զբոսաշրջությունը»։
Օգոստոս 20, 2025 at 14:40
