Երևանի տրանսպորտի ոլորտի բարեփոխումները

Երևանի տրանսպորտի ոլորտի բարեփոխումները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում իրականացված և նախատեսվող ծրագրերը։

2025թ․ մայրաքաղաքի երթուղիներում ավելացվել է 171 նոր ավտոբուս, որոնք փոխարինել են մասնավոր ընկերությունների մոտ 105 հին ավտոբուսները։ «Նոր ավտոբուսները ավելի մեծ տարողունակություն ունեն և բնապահպանական տեսանկյունից ավելի արդյունավետ են»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ ավելացվել է նաև տրոլեյբուսների քանակը։ Այս տարի նախատեսվում է ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս, որոնց կանխավճարը շուտով կփոխանցվի։ Նրանց շահագործումը կմեկնարկի 2026թ․ առաջին եռամսյակում, ինչի արդյունքում ամբողջությամբ կթարմացվի Երևանի տրոլեյբուսային ցանցը։

Հաջորդ փուլով նախատեսվում է մայրաքաղաք ներմուծել 250 էլեկտրական 18 մետրանոց ավտոբուս, որի շուրջ ներկայում ընթանում են բանակցություններ միջազգային գործընկերների հետ։ «Ունենք նաև ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է նաև երկու ավտոբուսային դեպոյի վերականգնում»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետն անդրադարձավ նաև Երևանի մոտրոպոլիտենում նախատեսվող աշխատանքներին։ «Մայրաքաղաքի մետրոպոլիտենում իրականացվում են լայնածավալ ծրագրեր․ նորոգվել և ձեռք են բերվել շարժիչներ, վերանորոգվել են գնացքներ, փոխարինվել են շարժասանդուղքներ տարբեր կայարաններում, արդիականացվել են թունելային, հակահրդեհային ու ջրամատակարարման համակարգեր և այլ կարևոր ենթակառուցվածքներ», - ասաց նա։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ մետրոպոլիտենում կատարվող աշխատանքների ծավալն աննախադեպ է։ Մասնավորապես, իրականացվում է «Աջափնյակ» կայարանի նախագիծը, որն իր բարդությամբ ու փորձաքննությունների պահանջներով եզակի է վերջին 35 տարվա ընթացքում։ ««Աջափնյակ» կայարանի մասով ունենք առաջնային փուլի վերջնական փորձաքննություններն անցած նախագիծ։ Նախատեսվում է երեք փուլանի մրցույթ․ առաջին փուլը թունելի հատվածի համար՝ «Բարեկամություն» մետրոկայարանից մինչև կիրճի կամուրջ, երկրորդը՝ կիրճի կամուրջի հատվածը և երրորդը՝ թունելի և կայարանի կառուցման համար»,- նշեց նա։

Քաղաքապետը նշեց, որ աշխատանքներ են տարվում նաև «Սուրմալու» մետրոկայարանի նախագծի շուրջ։ «Ներկայում մշակվում է տնտեսական հիմնավորվածության և կապիտալ ներդրումային ծրագիր։ Նախատեսվում է այն իրականացնել համայնք-մասնավոր գործընկերության ձևաչափով»,- ընգծեց Տիգրան Ավինյանը։

Սեպտեմբեր 17, 2025 at 14:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր