

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացված և առաջիկայում նախատեսվող կանաչապատման ծրագրերը։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ վերջին տարիներին Երևանում ստեղծվել է ավելի քան 50 հեկտար նոր կանաչապատ տարածք, որոնք ամբողջությամբ ապահովված են ոռոգման համակարգերով։ Մի շարք վարչական շրջաններում արդեն ավարտվել են կանաչ տարածքների քարտեզագրման աշխատանքները։
Դավթաշենում և Նոր Նորքում ստեղծվել են քաղաքային ուրբան անտառներ, իսկ Նորք-Մարաշի և Ուսանողական այգիների վերականգնման աշխատանքները դեռ շարունակվում են։ Հաջորդ ծրագրով նախատեսվում է շուրջ 35 հեկտար տարածքում՝ Լվովյան փողոցի հարևանությամբ, իրականացնել նոր ուրբան անտառի տնկում։
Ավարտին են հասցվել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի այգու, ինչպես նաև Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգու կառուցման աշխատանքները։ Նոր Նորքի 2-րդ զանգվածի Վերածննդի այգում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ։ Տորք Անգեղի այգում հայտնաբերված խնդիրները ներկայում շտկում է կապալառուն։
Նուբարաշենի խճուղու հարևանությամբ մինչև տարեվերջ կմեկնարկեն անտառտնկման աշխատանքներ՝ մոտ 8․5 հեկտար տարածքում։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս տարի ամփոփվել է Դալմայի համայնքային զբոսայգու տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։ «Խոսքը մոտ 250 հեկտար տարածքի մասին է։ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ մշակվել է հայեցակարգը և ներկայացվել ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»,- ասաց նա։
Քաղաքապետը նշեց, որ Կոմիտասի անվան պուրակի հետ կապված կա դատական վեճ․ այգու խնամքը պատշաճ չի իրականացվել մասնավոր վարձակալի կողմից։ «Հուսով ենք՝ շուտով հարցը կլուծվի, պուրակը կվերադառնա համայնքի բալանս և կբերենք պատշաճ տեսքի», - ասաց Տիգրան Ավինյանը։
Նմանատիպ խնդիր ըստ քաղաքապետի՝ կա նաև Դավիթ Անհաղթի անվան զբոսայգում, որտեղ աշխատանքները իրականացվում են բարեգործական ծրագրով։ Ավինյանի խոսքով՝ այս տարի ծրագրված է ամբողջությամբ ավարտել 3 հարթակ, իսկ հաջորդ գարնանը՝ նաև չորրորդը։ «Այստեղ քաղաքապետարանն անձամբ ներդրում չի կատարում»,- նշեց նա։
Քաղաքապետարանը նախաձեռնել է նաև քառամյա ծրագիր, որը ներառում է բնապահպանական լրացուցիչ սահմանափակումներ հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքաշինության ոլորտներում։ «Ապագայում կառուցվելիք շենքերի և համալիրների համար պարտադիր կլինի ոչ միայն ընդհանուր կանաչ տարածքի պահպանումը, այլև կոնկրետ ծառատեսակների տնկում՝ ըստ կառուցվող մակերեսների»,- ասաց նա։
Շարունակելի
Սեպտեմբեր 17, 2025 at 16:55
