

Սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է Երևանի օդի որակի մասին՝ շեշտելով, որ օդի աղտոտվածության հիմնական վտանգը կապված է ձմեռային ամիսների հետ։
«Բնապահպանության ոլորտում խնդիրները հիմնականում ունենում ենք ձմռանը․ օդի աղտոտվածության ցուցանիշները բավականին մտահոգիչ են դառնում։ Քաղաքում տեղադրված օդի որակը չափող 160 սարքերը ցույց են տալիս, որ ամռանը, գարնանը և վաղ աշնանը օդի որակը հիմնականում լավ մակարդակում է։ Մեզ թվում է, թե փոշին շատ է, բայց իրականում հիմնական խնդիրն ի հայտ է գալիս ձմռանը»,- ասաց քաղաքապետը։
Ավինյանի խոսքով՝ ներկայում 143 սարք առցանց չափում են օդի որակը, և դրանց միջինացված ցուցանիշը PM2․5 մասնիկների համար EQI-ն (Շրջակա միջավայրի որակի ցուցանիշ)՝ կազմում է 41․2 է, ինչը համարվում է «գերազանց»։ Սակայն ձմռանը նույն սարքերը կարմրում են, ինչը վկայում է օդի որակի էական վատացման մասին։ «Օդի որակի խնդիր նշանակում է ոչ թե, որ ամեն օր պատուհանագոգին փոշի հավաքվեց, այլ նշանակում է PM 2․5 հատիկն օդի միավոր ծավալի մեջ քանի՞ միլիգրամ է կազմում։ Երևանի քաղաքապետարանը պարտադրել է բոլոր խոշոր կառուցապատողներին 2-ական օդի որակի չափիչ սարքեր տեղադրել իրենց մոտ։ Սարքերը 4-րդ ռիսկայնության օբյեկտներում է տեղադրված, այստեղ, որտեղ ակտիվ շինարարություն է իրականացվում»,- ասաց նա։
Քաղաքապետը նաև անդրադարձավ շինարարական ցանցերի խնդրին․ ցանցերի նեդրդրման պահանջը Երևանի քաղաքապետարանն ընդունել է 2․5 տարի առաջ։ «Տուգանքը ցանցի բացակայության համար ընդամենը 70 հազար դրամ է։ Ցանցի տուգանքի չափը Երևանի քաղաքապետարանը կամ Երևանի ավագանին չի որոշում։ Սա որոշվում է Ազգային ժողովի մակարդակով։ Մենք քննարկում ենք այլընտրանքային լուծումներ․ այն կառուցապատողները, ովքեր չեն ապահովի ցանցերի պատշաճ տեղադրում, 2026-ից կարող են զրկվել քաղաքապետարանի տրամադրած արտոնություններից։ Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին բոլոր հնարավոր զրոյական դրույքաչափերից մինչև 75 % արտոնություններ է տալիս»,- նշեց Ավինյանը։
Բացի այդ, Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Երևանի ՏԻՄ օրենքի վերաբերյալ շուրջ 150 էջ մեկնաբանություններ և առաջարկություններ են ստացել, որի հիման վրա ընթացիկ շաբաթներին մշակվում են փոփոխություններ, որոնք ներառելու են նաև շինարարության ոլորտի վերահսկողության հարցերը։
Սեպտեմբեր 17, 2025 at 12:59
