Քարաբերդի ոսկու հանքավայրի շահագործման ժամկետը 9 տարով երկարաձգվեց․ ՇՄՆ-ն դրական եզրակացություն է տվել

Քարաբերդի ոսկու հանքավայրի շահագործման ժամկետը 9 տարով երկարաձգվեց․ ՇՄՆ-ն դրական եզրակացություն է տվել

«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն ևս 9 տարի կարող է շահագործել Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասը (N 366 ընդերքօգտագործման իրավունք)։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը սույն թվականի դեկտեմբերի 16-ին բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն է տվել ընկերության ներկայացրած հայտին։ Հանքավայրը կշահագործվի ստորգետնյա եղանակով, տարեկան արտադրողականությունը կկազմի 30․000 տոննա։

Հանքավայրը գտնվում է Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական տարածքում։ Քարաբերդ բնակավայրում հանրային քննարկումներն անցել էին լարված մթնոլորտում։ Մասնակիցների մի մասը չէր ցանկանում, որպեսզի հանքավայրի շահագործումը շարունակվի՝ թեկուզ ստորգետնյա եղանակով։

Փորձաքննական եզրակացության մեջ այս մասով նշված է․ «Քարաբերդ բնակավայրում անցկացված հանրային լսման ընթացքում մասնակիցների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր՝ կապված Վանաձոր քաղաքը հանքավայրից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվելու, այն ազդակիր ճանաչելու հետ, տարածաշրջանի զբոսաշրջային կլաստերների հետ, նախկինում խախտված հողերի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման հետ, ինչպես նաև տարածաշրջանում ուրանի պաշարների առկայության և այլ հարցերի հետ: Նշված հարցերի վերաբերյալ ներկայացվել են պատասխան պարզաբանումներ և հիմնավորումներ»։

Իր հերթին Փամբակի համայնքապետարանը փորձաքննական կենտրոնին գրություն է ուղարկել, ըստ որի «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից հետագա գործունեության չիրականացման վերաբերյալ խոչընդոտ հանդիսացող փաստեր չեն ներկայացվել՝ նշելով, որ Քարաբերդի ոսկու հանքավայրը (Կենտրոնական տեղամաս) արդեն իսկ գործող է, ունի ձևավորված ենթակառուցվածքներ, ժամկետի երկարաձգմամբ նոր ենթակառուցվածքներ չեն ավելացվելու և բնապահպանական նոր խնդիրներ չեն առաջանալու: Իսկ Լոռու մարզպետարանի կողմից առաջարկվել է յուրաքանչյուր տարի Փամբակ համայնքի զարգացման, սոցիալ-տնտեսական ծրագրերի համար նախատեսված 24 միլիոն դրամն առնվազն կրկնապատկել։

Ռիսկերի մասով բնապահպանական եզրակացության մեջ նշված է․ «Նախատեսված բնապահպանական կառավարման պլանը մոնիթորինգի ծրագրի հետ համատեղ թույլ կտա գնահատել և հսկել ազդեցությունը շրջակա միջավայրի բաղադրիչների վրա և ժամանակին ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ շրջակա միջավայրի աղտոտումները կանխարգելելու համար»։

Ըստ եզրակացության՝ ստորգետնյա հանքից հեռացվող հանքաջրերը՝ 139.2 խմ/օր ծավալով, ակտիվ ռեագենտային մշակման եղանակով կենթարկվեն մաքրման, իսկ մաքրումից հետո կհեռացվեն Փամբակ գետ: Ավազաններից հնարավոր արտահոսքերը բացառելու նպատակով դրանց հատակը և պատերը ծածկվելու են գեոմեմբրանով:

Քարաբերդի ոսկու հանքավայրի ստորգետնյա հանքի շահագործման ժամանակ հանքարդյունաբերական աշխատանքների արդյունքում կառաջանան 6.615 տոննա ծավալով դատարկ ապարներ:

Պայթեցման աշխատանքների ժամանակ, հաշվի առնելով պայթյունի ազդեցության միջին տևողությունը 10 րոպե, վայրկյանում փոշու արտանետումը կկազմի` 12.744 գ/վրկ: Տարեկան արտանետումները հաշվարկվում են ըստ պայթուցիկ նյութի տարեկան ծախսի, ինչը կազմում է 43.2 տոննա, փոշու արտանետումը կկազմի 2.332 տոննա/տարի: Պայթեցման ժամանակ կառաջանան նաև ազոտի երկօքսիդի և ածխածնի օքսիդի արտանետումներ, 0.888 տոննա/տարի և 5.551 տոննա/տարի համապատասխանաբար։ Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում վնասակար նյութերի արտանետումների գումարային տարեկան ծավալը կկազմի մոտ 14.317 տոննա, որից փոշու և պինդ մասնիկների քանակը կկազմի 8.051 տոննա, մնացածը գազային արտանետումներ են: Մթնոլորտային օդին հասցվող տնտեսական վնասը ՇՄԱԳ հաշվետվությունում գնահատվել է 1․725․203 ՀՀ դրամ: Այս ռիսկերը նվազեցնելու նպատակով առաջարկվում են փոշեկանխման, խոնավեցման աշխատանքներ։

Ստորգետնյա հանքի շահագործման համար կպահանջվեն արտադրական (հանքաքարի բեռնման) հրապարակ՝ 581 մ մակերեսով և մոտեցման ճանապարհ՝ 844 մ մակերեսով, որոնք կառուցվելու են չխախտված հողերի վրա: Իսկ ռեկուլտիվացման աշխատանքների իրականացման համար ծախսերի արժեքն ընդհանուր գնահատվել է 2․403․470 ՀՀ դրամ (2.6 հա մակերեսի վերականգնման համար):

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է հետևյալ փորձաքննական պահանջները պարտադիր կատարման համար․

  1. Գործունեության իրականացման ընթացքում պահպանել և ապահովել ՇՄԱԳ հաշվետվությունում և նախագծային փաստաթղթերում ամրագրված տեխնոլոգիական լուծումների, բնապահպանական պահանջների կատարումը (ըստ անհրաժեշտության նախատեսել լրացուցիչ միջոցառումներ՝ շրջակա միջավայրի բաղադրիչների համար սահմանված նորմատիվներն ապահովելու համար), ինչպես նաև Փամբակ համայնքում Ընկերության կողմից նախատեսված սոցիալական ծրագրերի իրականացումը:
  2. Հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով ապահովել ստորգետնյա հանքի շահագործման փուլի համար նախատեսված մշտադիտարկումների իրականացումը և հաճախականությունը և ՇՄԱԳ հաշվետվությամբ ներկայացված շրջակա միջավայրի բաղադրիչների մշտադիտարկումների արդյունքների (նաև՝ N4 բովանցքից արտահոսող ջրի, որը օգտագործում են գյուղացիները քանակի և որակի մշտադիտարկում, հողաբուսական շերտի մշտադիտարկում) վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն (առաջնորդվելով Կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N 191-Ն որոշման պահանջներով):
  3. Փոշու տարածումը և առաջացումը կանխարգելելու նպատակով առաջնորդվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի պահանջներով, մասնավորապես՝ կարևորելով ստորգետնյա լեռնային փորվածքներում պայթեցման աշխատանքների ժամանակ փոշեկանխման բնապահպանական միջոցառումների պարտադիր կատարումը (ապահովելու համար ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 7-ի №160-Ն որոշմամբ սահմանված՝ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունները):
  1. Ապահովել հանքաջրերի կանոնավոր մոնիթորինգի և ռեագենտային մշակման եղանակով մաքրման տեխնոլոգիական գործընթացի իրականացումը, պարզարանում պարզեցված մաքրված ջուրը Փամբակ գետ հեռացնել միայն ջրի որակին ներկայացվող էկոլոգիական նորմերին համապատասխանելու դեպքում, իսկ նստվածքը տեղափոխել այդ նպատակի համար հատկացված վայր:
  2. Շինարարության և շահագործման փուլերում ջրային ռեսուրսների վրա հնարավոր բացասական ազդեցությունները բացառելու նպատակով առաջնորդվել կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշման պահանջներով՝ բացառելով արտադրական արտահոսքը ջրային ռեսուրսներ և բաց ջրավազաններ:
  3. Հողի բերրի շերտի հետ կապված բնապահպանական պահանջները և կարգավորումներն (բերրի շերտի հանման պայմանները, դրա պահպանման և տեղափոխման տեխնոլոգիաները) իրականացնել Կառավարության 2017 թվականի N 1404-Ն որոշմամբ սահմանված նորմերին համապատասխան:
  4. Արտադրական տարածքում առաջացող թափոնների գործածությունն (հավաքում, փոխադրում, տեղադրում, պահում, հեռացում և այլն) իրականացնել ՀՀ օրենսդրական պահանջներին համպատասխան (վտանգավոր թափոնների գործածությունը՝ որպես լիցենզավորման ենթակա գործունեություն, իրականացնել համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից):
  5. Ապահովել հանքի արտադրական հրապարակի կանաչապատում՝ ծառատնկման միջոցով, և կենսաբանական ռեկուլտիվացիայի աշխատանքներում կիրառել նաև ծառաթփուտային տեսակներ:
  6. Օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական փակման ռեկուլտիվացման նախագծային փաթեթը՝ ՇՄԱԳ հաշվետվությամբ ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն՝ փորձաքննության:
  7. Արտադրական նպատակով ջրօգտագործման համար օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել շրջակա միջավայրի նախարարություն՝ նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար:
  8. Համաձայն ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 20-ի N 438 որոշման 43-րդ կետի՝ հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազորված մարմնին:
  9. Գործունեության իրականացման ընթացքում ղեկավարվել առողջապահության նախարարի 2012 թ. սեպտեմբերի 19-ի թիվ 15-Ն և 2002 թվականի մարտի 6-ի թիվ 138 հրամաններով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներով։

Դեկտեմբեր 29, 2025 at 16:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր