

«Ասսաթ» ՍՊԸ-ն մտադիր է 9 տարով երկարաձգել Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման թույլտվության և պայմանագրի ժամկետները։
Նշենք, որ «Ասսաթ» ՍՊԸ-ին տրամադրված ընդերքօգտագործման թույլտվության ժամկետը 2012-2024թթ․ է գործել։ Ընկերությունն ընդհատումներով շահագործել է Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասը։
Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության է ներկայացրել Քարաբերդի ոսկու հանքավայրի (կենտրոնական տեղամաս) ժամկետի երկարաձգման, ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությունը։ 2025թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային լսումը:
ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ փաստաթուղթը հրապարակվել է Շրջակա միջավայրի նախարարության և Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայքերում։
Ըստ հաշվետվության՝ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն մտադիր է Քարաբերդի հանքավայրի Կենտրոնական տեղամասում աշխատանքներ իրականացնել միայն ստորգետնյա մշակման եղանակով՝ արդյունահանելով N 1 և N 3 հանքային մարմինների 239081.9 տոննա հաշվեկշռային պաշարները։ Գործող նախագծով և թիվ Պ-366 (կնքված 06.06.2013թ.) պայմանագրով նախատեսվում էր այդ հանքային մարմինները մշակել բաց և ստորգետնյա եղանակով։ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն արդյունահանման աշխատանքներն իրականացրել է թիվ 29/366 արդյունահանման թույլտվության սահմաններում, որի ժամկետը լրացել է 2024թ. հունիսին։ Նոր նախագծով նախատեսված արդյունահանման աշխատանքների տևողությունը կազմում է 9 տարի։
Քարաբերդի հանքային դաշտը և հանքավայրը գտնվում են Լոռու մարզում` Վանաձոր քաղաքից 4.5 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք, Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին, Փամբակ գետի ձախ ափին: Հանքավայրը գտնվում է Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական սահմաններում, Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող Կովկասյան մրտավարդենու, Մարգահովիտի և Գյուլաքարակի սոճու պետական արգելավայրերից, ինչպես նաև Դիլիջանի ազգային պարկից 10-20 կմ հեռավորության վրա։
Համաձայն տեխնիկական առաջադրանքի՝ հանքի տարեկան արտադրողականությունն, ըստ ապրանքային հանքաքարի, կազմում է 30,000 տոննա:
Ըստ ՀՀ Կադաստրի Կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ լեռնահատկացման սահմաններում ընդգրկված են արոտավայր, թփուտ ու խոտհարք:
«Հանքավայրի լեռնահատկացմամբ տրամադրված տարածքում անտառներ առկա են արևմտյան մասում, որտեղ նախատեսված է միայն ստորգետնյա շահագործման աշխատանքներ: Սույն նախագծով նախատեսված աշխատանքներն իրականացվելու են ստորգետնյա եղանակով, որի արդյունքում մակերևույթային լրացուցիչ հողային մակերեսներ չեն խախտվելու, իսկ ստորգետնյա արդյունահանման աշխատանքների կազմակերպման համար նախատեսված արտադրական հրապարակը գտնվելու է «ԱՍՍԱԹ» ՍՊԸ հատկացված հողհատկացման` հողամասի (համայնքային սեփականության արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերականի ընդերքի օգտագործման) սահմաններում, որտեղ անտառներ, անտառային հողեր հաշվառված չեն»,- նշված է փաստաթղթում:
Հանքավայրի շինարարության և շահագործման համար նախատեսվում է իրականացնել հորատապայթեցման աշխատանքներ: Հանքաքարը նախատեսվում է տեղափոխել կամ Արարատում գտնվող ոսկու կորզման ֆաբրիկա կամ այլ գործող ֆաբրիկա:
Ընկերությունը նաև ներկայացրել է մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների վերլուծությունը, ըստ որի՝ նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում վնասակար նյութերի արտանետումների գումարային տարեկան ծավալը կկազմի մոտ 14.317 տոննա, որից փոշու և պինդ մասնիկների քանակը կկազմի 8.051 տոննա։
Մինչ Քարաբերդի հանքավայրի բացահանքի շահագործման ավարտը՝ 06.06.2024թ., խախտված հողերի ընդհանուր մակերեսը կազմել է 2.384 հեկտար։ Նոր թույլտվության դեպքում կազմակերպվելու է արտադրական հրապարակ և կառուցվելու է մոտեցման ճանապարհ, որի արդյունքում կխախտվի ևս 0.201 հեկտար մակերեսով հողատարածք։ Արդյունքում ռեկուլտիվացման ենթակա խախտված հողերի ընդհանուր մակերեսը կկազմի 2.6 հեկտար տարածք։
Նոր արդյունահանման նախագծով, ստորգետնյա հանքի շաhագործման սկզբին՝ հանքի լեռնակապիտալ աշխատանքների արդյունքում կառաջանան 2,646 խմ ծավալով ապարներ։ Այդ ապարները նույնպես տեղադրվելու են լցակույտերի տարածքում, որի համար կպահանջվի 585 քառ․ մ մակերես։
Հանքավայրի ստորգետնյա հանքի արդյունավետ շահագործման համար կպահանջվի արտադրական (հանքաքարի բեռնման) հրապարակ՝ 581 քառ․ մ մակերեսով և մոտեցման ճանապարհ՝ 844 քառ․ մ մակերեսով, որոնք կառուցվելու են չխախտված հողերի վրա։ Այսինքն, նախատեսվում է ևս 1,425 քառ․ մ մակերեսով չխախտված հողերի վրա նոր ենթակառուցվածքի կառուցում։
«Հողային ռեսուրսներին հասցված վնասը կարող է գնահատվել ըստ այն միջոցառումների արժեքի, որոնք անհրաժեշտ են վերականգնելու այդ ռեսուրսների վիճակը: Տվյալ պարագայում նման միջոցառումների շարքին կարելի է դասել ռեկուլտիվացման աշխատանքները, որի մակերեսը կազմում է 2.6 հեկտար, որի համար պահանջվում է 2.403․000 դրամ»,- նշված է փաստաթղթում:
Շրջակա միջավայրի վրա հանքի բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով ընկերությունը նախատեսում է արտադրական հրապարակի տարածքի եզրային հատվածներով իրականացնել ծառատունկ շրջանին բնորոշ տեսակներով՝ թխկիներով, հաճարենիներով և հացենիներով, որոնց քանակը, ըստ նախնական հաշվարկի, կկազմի մոտ 30 ծառ։
Նշված է, որ ներկայում ընկերությունը տարեկան 30 միլիոն դրամի չափով հատկացումներ է կատարում համայնքին:
Հիշեցնենք, որ Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության փորձագետները «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակում 2022թ․ փորձանմուշներ են վերցրել Քարաբերդի տարածքի հողից, մակերևութային ջրերից և հանքարդյունաբերական թափոնների կուտակումների վայրերից։
Արդյունքում՝ շրջակա միջավայրում և բնակիչների օրգանիզմում հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն։
Հոկտեմբեր 29, 2025 at 15:36
