ՀՀ Լոռու մարզում շահագործվող Քարաբերդի ոսկու հանքավայրի ազդեցությունը շրջակա միջավայրի և տեղի բնակիչների առողջության վրա պարզելու նպատակով չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ իրականացնում է քիմիական աղտոտվածության հետազոտություն հանքավայրի հարակից տարածքներում և ազդակիր Քարաբերդ բնակավայրում:
Հետազոտություններն անցկացվում են «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Չեխ մասնագետները փորձանմուշներ են վերցրել հանքավայրի լցակույտերից, հարակից հողերից և մակերևութային ջրերից, բնակիչների այգիներից, ինչպես նաև մազերից և մեզից:
«Քարաբերդի ոսկու հանքավայրը երկար տարիներ շահագործվում է ընդմիջումներով, ինչը լիցենզիայի խախտում է: Մեզ անհանգստացնում է հանքավայրը շահագործող ընկերության ոչ լիարժեք պատասխանատվությունը, որի հետևանքները կրում են ազդակիր համայնքի բնակիչները: Համայնքն իր վրա է վերցնում բացասական ազդեցությունը, սակայն գրեթե ոչ մի շահ չի ստանում: Մենք տեսնում ենք ոսկու վրա նստած, բայց աղքատ համայնք: Այստեղ շատ սիրուն բնություն կա, և մարդիկ ուզում են այլընտրանքային զարգացում: Շահագործող ընկերությունը մտադիր է ընդլայնել հանքավայրի տարածքը, ինչի հետևանքով կավելանան խախտված տարածքները և կնվազեն այլընտրանքային զարգացման տարածքները: Այս հետազոտությունը կտա հանքավայրի ազդեցության վերաբերյալ ապացույցներ, որոնք համայնքը կարող է օգտագործել իր հետագա քայլերի համար, երբ հարկ կլինի ընկերության հետ կնքել նոր պայմանագիր, որտեղ կողմերի պատասխանատվությունները և պահանջները հստակ կլինեն», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Քարաբերդի վարչական ղեկավար Յուրիկ Շավելյանը հայտնեց, որ պայմանագրով հանքավայրի շահագործման համար տրված է 21 հեկտար տարածք: «Հիմա ընկերությունն ընդլայնման նախագիծ ունի, որը հանրային լսումներով անցել է, եղել են և՛ կողմ, և՛ դեմ մարդիկ: Պայմանավորվել ենք, որ թղթի վրա պարտադիր պետք է գրվի, թե իրենք ինչ սոցիալ-տնտեսական ներդրումներ պետք է ունենան: Պետք է պարտադիր երկկողմանի համաձայնության գանք համայնքի մակարդակով», - ասաց Յուրիկ Շավելյանը:
Քարաբերդի բնակիչները խոսեցին հանքավայրի բացասական ազդեցության մասին. «էս ոսկու հանքը մեր բնությանը, մեր անասուններին վնաս տվեց: Եթե ինձ վնաս է, թող փակեն գնան, կամ մեզ այստեղից հանեն, ապահովեն: Մեզ խաբեցին, ասացին՝ ձեզ կօգնենք, ստորագրությունները հավաքեցին, գնացին:
…Իրենց եղավ օգուտ, մեզ՝ վնաս: Իմ այգին դարձավ անապատ, ջրերը կտրվեց, թոզի մեջ կորանք, ճանապարհները քանդեցին, արոտը պակասեց, մարդիկ թույլ են, հիվանդ են: Պայթեցումների ժամանակ տները ցնցվում են, ոնց որ երկրաշարժ լինի, ռումբ պայթի:
…Այստեղ ջուրն է կարևորը: Հանքը խորանում են, ջուրը փախնում է: Առաջ վերևը գյոլեր էինք կապում, գնում, լողանում էինք: Այնքան ջուր կար, որ կամուրջ էինք գցել: Հիմա չկա ջուր, վերջացել է»:
Քարաբերդի բնակիչները մտահոգ են իրենց ջրի աղտոտվածությամբ, և դա կապում են Քարաբերդի ոսկու հանքավայրի շահագործման հետ. «Ջուրը նստվածք է տալիս, մի օր մնաց, վրայից ինչ-որ կանաչ բան է դուրս գցում, անասունն էլ չի խմում»:
Քարաբերդի Քյոխվախլի կոչվող թաղամասը գտնվում է անմիջապես հանքավայրի ներքևում: Գառնիկ Հարությունյանն այստեղ ապրում է ավելի քան 30 տարի: «Մեր արոտներն անմիջապես հանքի տարածքներն են, իսկ մենք անասնապահությամբ ենք գոյատևում: Մի կողմը քանդեցին, հիմա էլ մյուս կողմն են ուզում քանդեն, հանքն ընդլայնեն: Մեր հողերում ոչ մի ցանկատեսակ չի աճում: Ջուր չունենք՝ ո՛չ խմելու, ո՛չ ոռոգելու: Մեր ձորով նախկինում այնքան ջուր էր անցնում, մեքենայով ձորի միջով չէիր անցնի, իսկ հիմա ջուր չկա: Անցյալ տարի եմ դիմել ընկերությանը, որ բերեն, ջուր քաշեն: Ասացին կբերենք, բայց չարեցին: Ճանապարհներն էլ չսարքեցին: Մի օր իրենք թողնելու են գնան, մենք՝ մնալու ենք: Ես այստեղից ոչ մի տեղ չունեմ գնալու», - ասաց նա:
Հիշեցնենք, որ չեխական «Առնիկա» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ները 2018-2021թթ-ին քիմիական աղտոտվածության ուսումնասիրություններ են անցկացրել Լոռու մարզի Թումանյանի շրջանում՝ քարտեզագրելով աղտոտված տարածքները: Հետազոտությունների արդյունքներով ազդակիր համայնքների բնակիչները դիմել էին դատարաններ՝ իրենց իրավունքները վերականգնելու և փոխհատուցում ստանալու նպատակով:
«Հայաստանում նախադեպային էր, երբ շուրջ 70 քաղաքացիներ Ախթալա, Ճոճկան, Մեծ Այրում բնակավայրերից դիմեցին դատարաններ իրենց առողջությանը պատճառած վնասի փոխհատուցման համար: Ունենք ուղիղ փոխհատուցման դեպքեր ընկերությունից: Համայնքի բնակիչները դարձել են պահանջատեր», - նշեց Օլեգ Դուլգարյանը:
«Առնիկա»-ից ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն խոստացավ բնակիչներին տրամադրել նրանց հետազոտությունների արդյունքները: «Այն բնակիչները, ովքեր մասնակցել են ուսումնասիրություններին և փորձանմուշներ են տրամադրել, կստանան կնիքով պաշտոնական փաստաթուղթ, որով կարող են դիմել համապատասխան հաստատություն իրենց իրավունքների պաշտպանության համար», - ասաց Վալերիա Գրեչկոն:
2022 թ-ին չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ փորձանմուշներ են վերցրել նաև Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրում՝ պարզելու Մեղրաձորի ոսկու հանքավայրի ազդեցությունը շրջակա միջավայրի և բնակիչների առողջության վրա:
Հոկտեմբեր 19, 2022 at 13:33